Հաջողակ մարդիկ

Հաջողության պատմություն. Քըրք Քըրքորյան

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել: Ունենալով միայն 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն է: Ամերիկյան բանկերը նրան տալիս են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում են գրավի չափսը: Դա համարժեք է հրաշքի. միլիոններ անվան դիմաց:

Պատանի տարիքում Քըրքը սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում, Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես:

«Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով», — հիշում է Քըրքորյանը, — «Եվ միայն փողոցում հայտնվելով էինք անգլերեն սովորում: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով: Երբ դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավական շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ ուժ եք ստանում, որն ավելի է օգնում, քան ցանկացած ժառանգություն»:

Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակչության վայրը և Քըրքը ստիպված էր լինում ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել: Եվ ոչ միշտ խաղաղ ճանապարհով: Մեծ եղբայրը` Նշանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերն իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը: Բացառված չէ, որ նա եղբոր պես կդառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին:

Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ ` աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել: Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում է երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց տատանվելու կատարում է իր ընտրությունը: Ինքնաթիռը` դա նրա կոչումն է:

Եվրոպայի վրա կախված էր 2-րդ համաշխարհային պատերազմի վտանգը: Քըրքորյանը վախենում էր, որ նրան բանակ կկանչեն ավելի շուտ, քան նա կսովորի թռչել: 1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան:

«Սովորելու համար գումար չունեմ» — անկեղծ հայտնում է Քըրքը օդաչու-հրահանգիչ Բերնսին, — «Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»: Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում:

Իմանալով այն մասին, որ Մեծ Բրիտանիայի օդային ուժերի ռազմական ինքնաթիռներն իրականացնում են չվերթներ Կանադայից Եվրոպա, երիտասարդ օդաչուն ուղևորվում է Մոնրեալ և նույն օրն անցնում ծառայության:

«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող» — հիշում է Քըրքորյանը, — «1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:

Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռ, անցկացնում է հազարավոր ժամեր օդում և թռիչքներ է իրականացնում 4 աշխարհամասերում: Արդյունքում, նրան հաջողվում է պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը: Դրանք այն գումարներն էին, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: 1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում Cessna ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա մշտական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամսը, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասին, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: Իսկ արդեն 40-50-ական թվականներին նրան այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում: Վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջովին տրվում է ավելի հետաքրքիր` «ֆինանսական խաղերին»:

1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում, 1968 թվականին, նա վաճառում է այն 104 միլիոն դոլարով: 1965 թվականին Քըրքորյանը դառնում է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Միացյալ Նահանգների հայերը, վստահելով իրենց հայրենակցին, սկսում են գնել միության արժեթղթերը, որի արդյունքում դրանց գինը 9,75-ից հասնում է 32 դոլարի: Եկամուտները սկսում են աճել: Այդ նույն ժամանակաշրջանում էլ նա իրականացնում է մի գործարք, որը Fortune ամսագիրը հետագայում կանվանի Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը: Քըրքորյանը 960.000 դոլարով գնում է 80 ակր հողատարածք: Դա մի նեղ շերտ էր «խաղային դրախտի» գլխավոր փողոցի երկայնքով: Հողատարածքի առանձին կտորները վարձով տալով` նա կարողանում է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլիոն դոլար:

Այնուհետև, Քըրքորյանը սկսում է իր նոր մտահաղացման իրականացումը` ստեղծելով MGM հյուրանոցը` առաջին մեգա-հանգստավայրը Լաս Վեգասում: Այդ նպատակով նա ձեռք է բերում 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց երկար սպասելու սկսում շինարարությունը: Նա գնում է նաև հարևան «Ֆլամինգո» հյուրանոցը: Նրա երևակայության հաջորդ ծնունդը International-ն էր` այդ տարիների աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրը: Համալիրի ներսում Քըրքորյանը ստեղծում է հատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատանը: Նա անվանում է Լաս Վեգասի այդ առաջին մանկական հրապարակը Youth Hostel: 60-ական թվականների MGM հյուրանոցը այժմ կրում է Bally’s անվանումը, սակայն Լաս Վեգասն այսօր զարդարում է մեկ այլ հյուրանոց, նույնպես կառուցված Քըրքորյանի կողմից` MGM Grand-ը:

1969 թվականին, խաղային բիզնեսում իր գործունեությանը զուգահեռ, Քըրքորյանը մտնում է նաև հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ` գնելով Metro Goldwyn Mayer կինոընկերության արժեթղթերը: Հետագայում, դրան ավելանում են նաև United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox-ը: 1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծը աշխարհում և անվանում այն Grand Hotel: Քըրքորյանը փորձում է իր ուժերը նաև մեքենաների բիզնեսում: 1980-ականներին նա դառնում է Chrysler ընկերության բաժնետեր: Նրան է պատկանում նաև General Motors ընկերության արժեթղթերի մի մեծ փաթեթ:

Այսօր Քըրք Քըրքորյանը 93 տարեկան է: Սակայն հաջողակ գործարարն ու հայազգի բարերարը չի պատրաստվում թողնել բիզնեսը: Ամեն ինչ դեռ առջևու՛մ է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»