Հաջողության պատմություններ

Ես, իմ $25-ը և ամերիկյան երազանքի որոնումները

Այսպես է կոչվում ամերիկացի երիտասարդ Ադամ Շեպարդի հեղինակային գիրքը, որում Ադամը պատմում է այն մասին, թե ինչպես է նա մի քանի ամիս անց կացնում փողոցում` որպես անօթևան թափառաշրջիկ: Շեպարդը ցանկանում էր պարզել, հնարավոր է արդյոք զրոյից հասնել ամերիկյան երազանքին:

Ամառային տաք մի օր, հեղինակավոր Merrimack քոլեջի շրջանավարտ և ապագա մենեջեր Ադամ Շեպարդը թողնում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում գտնվող ծնողների իր տունը և ճանապարհ ընկնում ամերիկյան երազանքի որոնումներով: Երիտասարդն իր առջև նպատակ էր դրել` ընդամենը մեկ տարվա ընթացքում փողոցում ապրող մարդուց վերածվել կահավորված բնակարան, սեփական մեքենա և բանկում ոչ պակաս, քան $2500 ունեցող մարդու:

Բացի հագուստից և կոշիկներից, նա իր հետ վերցնում է միայն անձնական իրերով սպորտային պայուսակն ու 25 դոլար: Ուղղությունը նա ընտրում է պատահական` շուտով հայտնվելով Հարավային Կարոլինայի Չարլստոն քաղաքի փողոցներում: Առաջին 70 օրը Շեպարդը գիշերում է անօթևան մարդկանց համար նախատեսված ապաստարաններում և սնվում նման մարդկանց բաժանվող անվճար տաք սուպերով:

Շուտով նրան հաջողվում է նոր ընկերներ ձեռք բերել, գտնել ժամավճարով աշխատանք, ապա նաև մշտական աշխատանք կահույքի տեղափոխմամբ զբաղվող ընկերությունում: Տանից դուրս գալուց 10 ամիս անց, Ադամը տեղափոխվում է վարձակալված բնակարան, գնում է մեքենա և բանկ գցում ավելի քան 5000 դոլար:

Դրանով նրա փորձարկումներն ավարտվում են: Ադամն իմանում է մոր հիվանդության մասին և վերադառնում տուն: Բայց այն, ինչ մինչ այդ Շեպարդը հասցրել էր ապրել, բավական էր հետաքրքիր և ուսուցանող մի գրքի համար այն մասին, թե ինչու երբեք պետք չէ հուսահատվել և հանձնվել: Ադամը սկսում է իր կյանքը, ինչպես ասում են, մաքուր էջից: Նպատակին հասնելու համար նա չէր օգտագործում իր կրթությունն ու նախկին կապերը: Իր «ճանապարհորդության» արդյունքում Ադամը համոզվում է, որ խնայողությունների գրագետ ղեկավարման համար պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն: Խնայողությունների և ներդրումների արվեստը մատչելի է բոլոր տարիքի և կրթական մակարդակի մարդկանց համար:

«Մինչև փորձարկումը սկսելը ես իրատես էի», — պատմում է նա ABC-ին տված իր հարցազրույցում, — «Իմ նպատակը` $2500, մեքենա և բնակարան, տարբերվում էր ֆիլմերում նկարագրված ամերիկյան երազանքի այն պատմություններից, որոնցում մուրացկանը միանգամից դառնում է միլիոնատեր: Մինչև անօթևան մարդկանց համար ապաստարան տեղափոխվելը` ես հստակ պատկերացնում էի ամեն ինչ: Եվ հիմա արդեն գիտեմ, որ ցանկացած մարդ կարող է սկսել «ամենաներքևից»: Հարկավոր է միայն հավատալ սեփական ուժերին»:

Հ.Գ.
Ես նույնպես համոզված եմ, որ ցանկացած մարդ կարող է սկսել «ամենաներքևից»: Դրա համար անհրաժեշտ է նպատակ: Կյանքն առանց նպատակների անհետաքրքիր է և անիմաստ: Նպատակները մարդուն ուժ ու եռանդ են տալիս: Դրանք ուղղորդում են ձեզ կյանքում: Դրեք նպատակներ, հասեք դրանց և ապացուցեք ինքներդ ձեզ, որ իվիճակի եք հասնել ամեն ինչի: Ադամ Շեպարդի համեստ օրինակը ևս մեկ ապացույցն է այդ բանի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • նման մարդիկ ապացուցում են որ կարելի է սկսել ամենաներքևից բայց որքանով է դա իրական Հայաստանում?

  • Սիրելի Անի, կխնդրեի կարդաիք մեկ այլ պատմություն , որ վերնագրված է ՛՛10000 դրամ գրպանի ծախսից, մինչև 700000դրամ եկամուտ՛՛ և կտեսնեք որ ամեն ինչ հնարավոր է ամեն տեղ, նույնիսկ Հայաստանում։

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»