Բիզնես և ֆինանսներ

3 խաբկանք սեփական բիզնեսը սկսելու մասին

Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ մտածել է սեփական բիզնեսը սկսելու մասին: Հեռուստատեսությամբ անընդհատ ցույց են տալիս հաջողակ մարդկանց և գործարարների, որոնք տարբեր բիզնեսներ ունեն, ապրում են շքեղ առանձնատներում, ունեն շքեղ մեքենաներ, նրանց մոտ աշխատում են հարյուրավոր մարդիկ, նրանք շատ փող ունեն և ապրում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: «Ա՜խ, եթե իմ բախտն էլ այդպես բերեր», — մտածում ենք մենք հեռուստացույցի մյուս կողմում և փոխում ալիքը` հերթական սերիալը դիտելու համար:

Շատերն են երազում ունենալ սեփական բիզնես, լինել ավելի ազատ և ինքնուրույն, ամբողջությամբ տնօրինել սեփական կյանքը: Նրանց մի մասը նույնիսկ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Բայց չնայած դրան, իրականում շատ քչերին է հաջողվում սկսել սեփական գործը: Հաջողվելու դեպքում էլ, շատ հաճախ, ամեն ինչ ավարտվում է առաջին մի քանի անհաջողություններից կամ անորոշ սպասումներից հետո: Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում 3 խաբկանքներ, որոնք սովորաբար կանգնում են մեր առջև` սեփական բիզնեսը սկսելու ճանապարհին:

Երբե՛ք չսխալվել

Սա սեփական բիզնեսը սկսելու հիմնական խաբկանքներից մեկն է: Շատերի մոտ տարածված է այն կարծրատիպը, որ բիզնեսը սկսելուց հետո իրենք իրավունք չունեն սխալվելու: Նման մարդիկ միշտ փնտրում են «իդեալական» տարբերակներ: «Խելոք մարդը երբեք չի սխալվում: Պետք է այնպիսի բիզնես սկսել, որ հանկարծ չսխալվել», — կարծում են նրանք: Բայց կյանքը ցույց է տվել, որ այս մարդկանց մեծ մասը այդպես էլ երբեք ոչինչ չի սկսում: Հավատացեք, սկզբնական շրջանում հնարավոր չէ սխալներից խուսափել: Չի կարող ամեն ինչ լինել հարթ և կանխատեսելի: Եվ դա վաղուց արդեն հասկացել են հաջողակ մարդիկ: Նրանք գիտեն, որ չնայած սխալվելու հավանականությանը, իրենք պետք է անպայման փորձեն: Նրանք գիտակցում են, որ ինչ-որ նոր բան ձեռնարկելով, հնարավոր է այդպես էլ ոչնչի չհասնեն, բայց դա չի խանգարում նրանց սկսել: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ես դրանում համոզվել եմ, ուսումնասիրելով բազմաթիվ հաջողակ մարդկանց կյանքն ու կենսագրությունը և դեռ չեմ հանդիպել մի մարդու, ով երբեք չի սխալվել: Հակառակը, աշխարհի ամենահաջողակ մարդկանց մեծ մասը հասել են աներևակայելի հաջողությունների և ստեղծել են իրենց հսկայական կարողությունները միայն այն բանից հետո, երբ ունեցել են բազմաթիվ փորձեր, անհաջողություններ ու սխալներ: Հետևաբար, ինչ-որ նոր բան սկսելու համար մի փնտրեք իդեալական տարբերակներ: Ավելի լավ է անընդհատ փորձել, սխալներ թույլ տալ, դրանց վրա սովորել և կյանքի անփոխարինելի փորձ ձեռք բերել, քան անընդհատ մտածել ու ոչինչ չանել:

Սկզբնական մեծ գումար

Մեկ այլ պատճառ էլ, որի համար մարդիկ չեն սկսում սեփական գործը դա այն է, որ նրանք կարծում են, որ բիզնես սկսելու համար սկզբնական մեծ գումար է անհրաժեշտ: Ուզում եմ միանգամից ցրել այդ պատկերացումները: Բիզնես սկսելու համար ոչ թե մեծ գումար, այլ երևակայություն է անհրաժեշտ: Դուք կարող եք ընդամենը մեկ պարզ միտք վերցնել և վերածել դա բիզնեսի: Իհարկե, սկզբնական մեծ գումարը կարող է շատ օգնել այդ հարցում, բայց դա չի նշանակում, որ դրա բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում: Այսօր հնարավորություններն այնքան շատ են, որ ցանկացած մարդ էլ, առանց սկզբնական մեծ ներդրումների, կարող է ինչ-որ բանից սկսել: Եթե ուսումնասիրեք աշխարհի ամենահաջողակ մարդկանց պատմությունները, ապա ինքներդ կհամոզվեք, որ նրանց մեծ մասը սկսել են «զրոյից»: Այնպես որ, մի կենտրոնացեք սկզբնական մեծ գումարի վրա: Եթե դուք փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ դա է պատճառը, որ բիզնես չեք սկսում, ապա «կփակեք» ձեր ուղեղը լուծումներ գտնելու համար: Խորհուրդ success.am-ից` ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս, ո՞րն է ձեր հոբին: Վերցրեք դա և վերածեք բիզնեսի:

Մեծ մրցակցություն

Հիշեք, դուք միշտ էլ կարող եք անել ինչ-որ բան, որ ոչ ոք դեռ չի արել: Դրա համար ընդամենը մի փոքր երևակայություն և աշխատանք է անհրաժեշտ: Բիզնեսի աշխարհն այնքան մեծ է, որ դժվար գա մի օր, երբ բոլոր «տարածքները» գրավված լինեն: Նույնիսկ, եթե ձեր մտքով չի անցնում ինչ-որ նոր բան, որ կարելի է անել, ապա մի հուսահատվեք: Ցանկացած, արդեն գոյություն ունեցող, բան կարելի է կատարելագործել և ինքնատիպ ներկայացնել: Անգերազանցելի ապրանքներ և ծառայություններ չկան: Լավագույններից լավագույնները միշտ էլ հայտնվում են ժամանակի ընթացքում: Եվ միայն դրա շնորհիվ է մարդկությունն անընդհատ առաջ շարժվում: Պարտադիր չէ անել այնպիսի բան, որ ոչ ոք չի անում: Կարելի է անել նույն բանը, որ շատերն են անում, բայց անել դա այլ կերպ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

  • Հարգելի ընթերցողներ,

    Եթե ձեզ հետաքրքրում է առաջնորդության, սեփական բիզնես ստեղծելու և տարբեր հասարակական նախաձեռնություններ իրականացնելու թեման, ապա հայտնում ենք ձեզ, որ մայիսի 4-ին, Առաջնորդության Դպրոց Հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցելու «Նոր հնարավորություններ» խորագրով երիտասարդական քննարկմանը: Քննարկվելու են Հայաստանի և Հայության զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև երիտասարդների կողմից բիզնես սկսելու/ զարգացնելու ու հասարակական տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները: Մանրամասների համար այցելեք leadershipschool.am:

  • Իսկ կարելի՞ է հարստանալ ազնիվ ճանապարհով` առանց խարդախությունների և մարդկային զոհերի:

  • Զառա ջան ոչ միայն կարելի է, այլ իմ կարծիքով մեծ մասը հենց այդպես էլ հարստանում է, այսինքն արդար ճանապարհով, աշխատելով ու երևակայությամբ` ինչքան էլ որ վատ կարծիք տարածված լինի հարուստ մարդկանց մասին: Իհարկե առանձին դեպքեր կարող են լինել, բայց դա ոչ թե հարուստ լինելու կամ հարստության հետ է կապված, այլ առանձին մարդու: Նույն բանը նաև միջին խավի մարդկանց մոտ կարող է պատահել: Մոտակա ժամանակներս մի հատ հոդված կգրեմ այդ թեմայով, որտեղ կփորձեմ այդ ամենը բացատրել:

  • Շնորհակալ եմ պատասխանի համար: Ես ցանկանւմ եմ այնպիսի գործ անել, որը ոչ միայն ինձ շահույթ կբերի , այլ նաև կնպաստի մեր երկրի զարգացմանը:

  • Ճիշտ ես մտածում Զառա ջան: Հարուստ լինելու մեջ վատ բան չկա: Ինչքան հարուստ լինես, այնքան շատ բան կարաս փոխես դեպի լավն ու այնքան շատ մարդու կարող ես օգնել: Հարուստը կարող է լինել մի մարդ, ով կառուցում է հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ և այլ հանրօգուտ ծրագրեր է իրականացնում: Իսկ միջին մարդու հնարավորությունները այդ առումով խիստ սահմանափակ են:

  • Բայց չէ որ հաջողությունը և հարստությունը տարբեր հասկացություններ են: Ըստ իս հաջողակ լինելու համար պարտադիր չէ հարուստ լինել: Գիտեմ մարդկանց, ովքեր հաղթահարել են հիվանդություններ, կյանքի տարբեր խոչընդոտներ: Շատ մարդիկ վտանգել են իրենց կյանքը հանուն հայրենիքի և այլ մարդկանց: Միթե հաջողությունը ինքդ քեզ հաղթելը չէ: Կարծում եմ այդ մարդկանց առաջին հաջողությունը ինքնահաղթահարումն է եղել, հետո նոր ֆինանսական վերելքը: Ես ուզում եմ ներկայացնել Շավարշ Կարապետյանին, ով վտանգելով իր կյանքը` փրկեց բազմաթիվ մարդկանց:

  • Համաձայն եմ Զառա ջան, դրանք տարբեր բաներ են: Կան շատ հարուստներ, որոնք հաջողակ չեն, որովհետև ունեն հարստություն, բայց չունեն երջանկություն, հոգեկան հանգստություն ու ոչինչ չեն անում այլ մարդկանց համար: Բայց իմ կարծիքով նման մարդիկ շատ չեն: Ու կան ոչ հարուստներ, որոնք կյանքում հաջողակ են և փոխում են միլիոների կամ թեկուզ մի քանի հոգու կյանքը` ինչպիսին եղել են Մահաթմա Գանդին կամ Շավարշ Կարապետյանը օրինակ: Իսկ ֆինանսական հնարավորությունները շատ դեպքերում ուղղակի հետևանք են լինում: Իմ համար հաջողությունը դա այն է, երբ օրվա մեծ մասը երջանիկ ես և փորձում ես այդպիսին սարքել այլ մարդկանց:

    Մի բան էլ ավելացնեմ: Մարդու հաջողակ լինել կամ չլինելը միայն ինքն է որոշում: Այսինքն, դու գիտես, որ դու կամ հաջողակ ես, կամ ոչ: Եթե ոչ, ապա միշտ էլ կարող ես դառնալ: Բայց դա չպետք է որոշեն ուրիշները: Նկատի ունեմ շրջապատի մարդկանց համար դու կարող ես հաջողակ լինել “կողքից”, բայց իրականում դու այդպիսին չես, որովհետև հիմնական նպատակներդ չես հասել, անընդհատ խնդիրներ ունես կամ տխուր ես ու դժբախտ: Եվ դրա մասին մարդիկ կարող են չիմանալ: Նրանք միայն “երևացող” բաների վրա են ուշադրություն դարձնում:

    Բայց եթե դու ամբողջ հոգով հավատում ես, որ դու հաջողակ ես, ապա դա կփոխանցվի նաև շրջապատին:

    • Համաձայն եմ, անձնական երջանկությունը ուղիղ համեմատական է այլ մարդկանց երջանկության հետ: Մենք երջանիկ ենք այնքանով, ինչքան մեզ համարում ենք երջանիկ: Հաջողությունը մեր մեջ է:

  • Շատ հետաքրքիր մեկնաբանված է, ողջունում եմ.
    Մի ճշտություն կցանկանայի անել
    «Խելոք մարդը երբեք չի սխալվում: Պետք է այնպիսի բիզնես սկսել, որ հանկարծ չսխալվել»-Շատ ճիշտ է ասված, որ պետք չե փնտրել ՛՛Իդեալական բիզնես՛՛, որում սխալվելու հավանականություն չի լինի:
    Սակայն իմ կարծիքով այս մտքին հակված մարդիկ այստեղ շեշտը դնում են ոչ թե ՛՛իդեալական բիզնեսի՛՛ այլ ՛՛խելոք մարդու՛՛ գործոնի վրա, ինչը կարծում եմ ամենա ճիշտն է.
    Սկսել ցանկացած բիզնես`աշխատելով իդեալական տիրապետել այն , որի դեպքում սխալվելու հավանականությունը կհավասարվի մինիմալի:

  • Մերսի Կարեն ջան: Եթե “Սկսել ցանկացած բիզնես`աշխատելով իդեալական տիրապետել այն” տարբերակը գործում է, ապա դա լավագույն տարբերակն է, սխալվել ընդհանուր առմամբ ոչ ոչ էլ չի ցանկանա, եթե ամեն ինչ նորմալ առաջ է գնում: Բայց եթե անընդհատ փնտրում ես լավագույն տարբերակ ու “չգտնելով” ոչինչ չես անում, ապա կարծում եմ ավելի լավ է սկսել ցանկացած տարբերակից: Այստեղ խոսքը ավելի շատ սկսելուն է վերաբերվում: Իսկ հետագայում բիզնեսին լավ տիրապետելն ու չսխալվելը իհարկե շատ կարևոր է:

  • Սիրելի Luka ցանկանւմ եմ շնորհակալություն հայտնել քեզ քո կողմից կատարվող հրաշալի գործի համար: Ինչպես դու ես ասում Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում:) Ես կցանկանայի զգուշացնել ,որ հույս բառը գրվում է ՀՈՒՍՈՎ եմ ,այլ ոչ թե ՀՈՒՅՍՈՎ եմ: Շնորհակալ եմ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»