Մտորումներ

Ցրում ենք բոլոր պատկերացումները հարուստների մասին. մաս 2

Հարուստ մարդիկ ինձ մոտ հիացմունք են առաջացնում: Իհարկե, խոսքը այն հարուստների մասին է, որոնք հարստացել են ստեղծելով: Ինչպես կարելի է չհիանալ նման մարդկանցով, որոնցից շատերը սկզբում եղել են հասարակության միջին անդամներ, որոնք սկսել են զրոյից և ունենալով բազմաթիվ պարտություններ, դժվարություններ և հիասթափություններ` չեն հանձնվել, գնացել են մինչև վերջ և կարողացել են հաղթել: Իսկ դա իրականում շատ-շատ բարդ է: Չե՞ք հավատում: Այդ դեպքում փորձեք հարստանալ ինքներդ:

Համոզված եմ, որ «հարուստ» ասելիս մարդկանց մեծ մասը հասկանում է` փող: Բայց հարուստ լինելը դա միայն փողը չէ: Փողը ընդամենը հետևանք է, որին «արժանանում են» հարուստ մարդիկ: Հարուստ լինելը դա մտածելակերպ է, սովորություններ, բնավորություն: Հարուստ մարդիկ տարբերվում են մնացածից: Նրանք այլ կերպ են տեսնում իրենց ապագան, այլ կերպ են պլանավորում իրենց կյանքը, այլ կերպ են օգտագործում իրենց ժամանակը, այլ կերպ են վերաբերվում անհաջողություններին: Մի այսպիսի ճշմարտություն կա: Ուզո՞ւմ եք հարուստ մարդ դառնալ` ձեռք բերեք հարուստ մարդկանց սովորություններ:

Հարուստները չեն օգնում աղքատներին

Հասարակության մեջ ընդունված է այն կարծիքը, որ հարուստները ՊԵՏՔ Է օգնեն աղքատներին: Միանգամից ուզում եմ նշել, որ հարուստները պարտավոր չեն ոչ ոքի օգնել` ինչպես և մնացած մարդիկ: Պարտավոր չեն, բայց օգնում են: Սա շատ կարևոր է հասկանալ` նրանց օգնությունը գնահատելու համար: Ինչո՞ւ պարտավոր չեն: Որովհետև այդ նույն հարուստներից շատերը, իրենց այսօրվա վիճակին հասնելու համար, ժամանակին երկար պայքարել են դրա համար, անցել են դժվարությունների ու հիասթափությունների միջով, անքուն գիշերներ են անցկացրել և անընդհատ աշխատել են` այդ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելու և հանգստանալու փոխարեն: Մինչդեռ այն մարդիկ, որոնք այսօր օգնության կարիք ունեն, միգուցե ժամանակին չեն մտածել այդ ուղղությամբ, միգուցե աշխատելու փոխարեն նրանք «զվարճացել են», անքուն գիշերներ անցկացնելու փոխարեն պարապությունից հեռուստացույց են դիտել կամ միգուցե վախեցել են փոփոխություններից և արդյունքում մնացել են նույն տեղում (իսկ մնալ նույն տեղում, նշանակում է շարժվել հետ): Ամեն դեպքում, միշտ հիշեք, մեր կյանքում ամեն ինչի համար պատասխանատու ենք միայն մենք ինքներս:

Ի՞սկ դուք

Եթե հարուստ մարդը պետք է օգնի աղքատներին և իր ունեցվածքի, օրինակ, մեկ տոկոսը նվիրաբերի նրանց, ինչո՞ւ նույն բանը չենք անում մենք: Այսինքն, ինչո՞ւ մենք մեր ունեցվածքի մեկ տոկոսը չենք նվիրաբերում մարդկանց, որոնք անհամեմատ ավելի շատ կարիքներ ունեն, քան մենք: Օրինակ, մարդկանց, որոնք անօթևան են, ուտելիքի փող չունեն և որոնց շատ հաճախ կարելի է հանդիպել աղբամաններում շշեր փնտրելիս: Չէ՞ որ նրանց համար էլ մենք ենք «հարուստ»: Այդ դեպքում ինչո՞ւ մենք էլ մեր հնարավորությունների մեկ տոկոսի չափով չենք օգնում նրանց: Հեշտ է կողքից խոսել, քննադատել և մեղադրել, իսկ ինքնուրույն անելը` դժվար:

Իսկ հիմա ամենակարևորը

Իրականում` բոլոր հարուստներն էլ զբաղվում են բարեգործությամբ: Համենայն դեպս` նրանց մեծ մասը: Եվ հենց դա էլ հարուստ մարդկանց սովորություններից մեկն է` տալ, որպեսզի ստանալ: Եվ հավատացեք, նրանց մեծ մասը անում է դա անկեղծ: Աշխարհի ամենահարուստ մարդիկ միլիարդավոր դոլարներ են ծախսում բարեգործության վրա: Նրանց շնորհիվ կառուցվում են ճանապարհներ, հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, տնկվում են անտառներ, բացվում են խաղահրապարակներ, կրթություն են ստանում միլիոնավոր երեխաներ, օգնություն են ստանում տասնյակ հազարավոր անապահով ընտանիքներ: Եվ դա միայն այն դեպքերը, որոնց մասին մենք տեղյակ ենք: Բայց չէ՞ որ կլինեն նաև հազարավոր օգնություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք: Չէ՞ որ ոչ բոլոր բարեգործությունների մասին տեղեկությունները պետք է հայտնվեն ԶԼՄ-ներում: Այնպես որ, պետք չէ նման մարդկանց մեղադրել և քննադատել: Պետք չէ նրանց հանդեպ բացասական տրամադրվել: Նրանք շատ ավելին են անում այլ մարդկանց համար, քան մնացածը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»