Օգտակար խորհուրդներ

5 պատճառ, ինչու ես վարկով տուն չէի գնի

«Մատչելի՛ բնակարան երիտասարդ ընտանիքներին», «բնակարան նորակառույց շենքում», «աննախադե՛պ հիփոթեկային վարկեր». այս հայտարարությունները չեն կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Եվ շատերն այդպես էլ անում են՝ վարկ են վերցնում, տուն են գնում ու մոտակա 10-20 տարիներին «կապում են» իրենց թևերը: Ինչո՞ւ: Որովհետև նրանց ասել են, որ «մարդ պետք է սեփական օջախը ունենա», «եթե պետք է փող տաս, վարձով ապրես, ավելի լավ չէ՞ վարկով տուն առնես, բայց իմանաս, որ վերջում այն քոնն է դառնալու»: Վերջերս մի տեղ կարդացի, որ Միացյալ Նահանգներում մարդկանց մեծ մասը նախընտրում են ոչ թե տուն գնել, այլ վարձով ապրել: Խելացի ամերիկացիները երևի մի բան գիտեն: Այդ դեպքում ինչո՞ւ են մերոնք ձգտում միանգամից տուն գնել՝ դրված էր հարցադրումը:

Ես չեմ պատրաստվում պատմել ձեզ այն մասին, թե ինչու պետք չէ վարկով տուն գնել կամ ինչու է ավելի լավ վարձով ապրել: Ամեն մարդ ինքն է որոշում կայացնում և այն, ինչը մեկի համար անընդունելի է, մյուսի համար արդարացված է: Ես ուղղակի կպատմեմ այն մասին, թե ինչու ես այդպես կանեի:

1. Պարտքը ճնշում է

Եթե ես գիտեմ, որ ինչ-որ մեկին պարտք եմ, ապա այդ միտքն անընդհատ պտտվելու է գլխումս ու ինձ հանգիստ չի տալու: Ես չեմ կարող ինձ թույլ տալ 20 տարի անընդհատ դրա մասին մտածել: Ինձ մոտ անվստահության զգացում կառաջանա՝ ի՞սկ եթե հանկարծ ինչ-որ բան չստացվի ու չկարողանամ վճարել:

2. Պարտքը սահմանափակում է ազատություններս

Ես չեմ կարող հեշտությամբ թողնել կամ փոխել աշխատանքս, քանի որ ամեն ամիս պետք է վարկ վճարեմ: Եթե ես որոշեմ որոշ ժամանակ ապրել ու աշխատել, օրինակ Միացյալ Նահանգներում, ես չեմ կարող հեշտությամբ անել դա, քանի որ արդեն տուն եմ գնել ու 20 տարի պետք է վարկ վճարեմ:

3. Այդ փողերը ես ավելի կարևոր բանի մեջ կներդնեմ

Ինչպես ասում է Ռոբերտ Կիյոսակին՝ տունը ակտիվ չէ, տունը պասիվ է: Տունը չի ավելացնում ձեր փողերը, տունը միայն խլում է դրանք: Տունը չի ապահովում ձեր առաջընթացը, տունը պահպանում է ձեր կայունությունը: Ես ավելի լավ է իմ փողերը ներդնեմ մի բանի մեջ, որն ինձ կայուն եկամուտ կարող է բերել, այսինքն փողերս կարող են աշխատել, քան այդ փողերով տան վարկ փակեմ: Իսկ երբ դառնամ ֆինանսապես անկախ, այդ ժամանակ էլ կմտածեմ տուն գնելու մասին՝ առանց վարկ, առանց պարտք, առանց մտածմունքներ:

4. Վարձով ապրելն ավելի հարմար է

Խոսքը իհարկե գնում է սկզբնական շրջանի մասին, քանի դեռ դուք չեք գտել ձեր իրական տեղը կյանքում: Չգիտեմ ինչու են մարդիկ միանգամից նախընտրում տուն գնել, եթե հանգիստ կարելի է վարձով ապրել: Դա և՛ ավելի էժան է և՛ ցանկացած պահին կարող եք փոխել տունը և ապրել այնտեղ, որտեղ ցանկանաք: Իսկ վարձով տան խնդիր Հայաստանում ընդհանրապես չկա: Մեզ մոտ հիմա այնքան առաջարկներ կան, որ տանտերերը ուղղակի երջանիկ կլինեն, եթե դուք նրանց տանը վարձով ապրեք: Իհարկե, պետք չէ վերցնել ամենաշքեղ ու թանկանոց տունը: Միշտ էլ կարելի է գտնել ավելի «համեստ» տարբերակ:

5. Այս պահին իմ համար ամենակարևորը տունը չէ

Տունը՝ գույք է: Իսկ այս պահին չկա ինչ-որ գույք, որն ինձ համար կարևոր է: Ես, իհարկե, կուզենամ շքեղ ու հարմավետ առանձնատանը ապրել, բայց այդ պահը պետք է հասունանա: Դրա համար ես պետք է հիմա ինչ-որ բան ստեղծեմ, ինչ-որ բան մտածեմ, որը թույլ կտա ինձ հետագայում այդ տունը ձեռք բերել: Իսկ սկզբնական շրջանում ես ավելի լավ է կարևոր բաների մասին մտածեմ, օրինակ՝ ինչպես «աճել» աշխատանքային կարիերայում կամ ինչպես սկսել ու զարգացնել սեփական բիզնեսը: Պետք է մտածել, թե ինչպես ստեղծել եկամուտի կայուն աղբյուրներ, ինչպես ապահովել առաջընթացը: Իսկ դրա համար սկզբում ինձ տուն պետք չէ: Ես հանգիստ կարող եմ անել դա վարձով ապրելով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Առաջին հայացքից ունենւմ ենք սեփական գույք, որը սակայն վարկային պարտավորությունների չկատարման դեպքում կկորցնենք: Հարցին կարելի է մոտենալ այլ կողմից խնայելով յուրաքանչուր ամիս վարկի և տոկոսի մարման չափով և այն ներդնելով բանկում կամ կատարել այլ վստահելի ներդրում, Օրինակ ոսկում ավելի կարճ ժամկետում կարելի է ձեռք բերել սեփական գույքը առանց լրացուցիչ պարտավորությունների, քան հիպոտեքային վարկի ժամկետն է:
    Ուրեմն պետք է մտածել ինչ արժե մարդու համար ֆինանսական անկախությունը հատկապես ներկայիս գործոտու-աշխատող հարաբերություններում

  • Erb kardum ei Robert Kiosakii “Harust hayrik, axqat hayrik”-@, ayntex ayspisi mi naxadasutyun kar”Tun@ aktiv che, ayn pasiv e: Aktiv karox e darnal miayn ayn jamanak, ete ayn vardzov taq, kam el ejan gnov arneq u tank gnov vajareq”: Isk hayeri mot tunn amen inch e: Orinak mez mot aynqan kisakaruyc tner kan` mec, ankap, chartarapetakan kanonneric durs: Zarmanum em orinak karox ein ayd poxerov gnel bnakaran kam taracq ev vardzov tal kam el bajnetomser gnel: Iskapes tun@ miayn pasiv e, ete ekamti axbyur che:

    • “Մեծ, անկապ”-ի վրա ահագին ծիծաղացի Զառա ջան 🙂 Հա, Կիյոսակին շատ լավ է բացատրում տան պասիվի պահը, առաջին անգամ նրա գիրքը կարդալուց հետո եմ սկսել այդ ուղղությամբ մտածել: Իսկ մեծ, շքեղ տուն կարելի է թույլ տալ, եթե ֆինանսական մեծ հաջողության ես արդեն հասել և ֆինանսապես անկախ ես:

      Իսկ տունը որպես ակտիվ օգտագործելը իրոք շատ խելացի քայլ է: Ձեռք ես բերում, հետո վարձով ես տալիս..

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»