Հաջողության գաղտնիքներ

Բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ

Այս ասույթը կարծում եմ շատերին է ծանոթ: Այն ցույց է տալիս, որ միևնույն երևույթին կարելի է վերաբերվել տարբեր ձև: Ոմանք նույն բանի մեջ տեսնում են դրականը, մյուսները` միանգամից բացասականը, այսինքն ոմանց համար բաժակը կիսով չափ լիքն է, մյուսների համար` կիսով չափ դատարկ: Բերեմ օրինակ: Երիտասարդը ընդունվում է աշխատանքի և ուրախացած շտապում է տուն, որպեսզի լուրը հայտնի ծնողներին: Ճանապարհին պատահական հանդիպում է ընկերոջը, որին երկար ժամանակ չէր տեսել: Որոշում է նրա հետ էլ կիսվել ուրախությամբ ու հայտնում է` ՈՐ ԻՆՔԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ: «Ինչի՞ նոր ես աշխատանք գտնում: Այսքան ժամանակ պարա՞պ ես եղել», — զարմացած հարցնում է ընկերը: Ինչո՞ւ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐ, դու չես կենտրոնանում նրա վրա, որ ընկերդ ընդունվել է աշխատանքի և միանգամից նկատում ես բացասականը` փոխարենը ոգևորես նրան, անես այնպես, որ նա իրեն ավելի լավ զգա և կենտրոնանաս դրականի վրա: Ինչո՞ւ է քո ենթագիտակցությունը միանգամից ֆիքսում բացասականը:

Բայց մարդիկ, որոնց համար բաժակը կիսով չափ դատարկ է, մեղավոր չեն դրանում: Նրանք հատուկ չեն անում դա: Դա նրանց ենթագիտակցությունն է անում, դա նրանց առաջին ռեակցիան է: Համոզված եմ, որ նրանցից շատերը մի քանի րոպե անց փոշմանում են նման արձագանքի համար, բայց արդեն ուշ է: Նրանց ոչ ոք չի ասել, որ ցանկացած բանի մեջ պետք է տեսնել դրականը, նրանց չեն սովորեցրել դա և նրանք ուշադրություն չեն դարձրել դրա վրա: Բայց այս պահից սկսած, հարգելի ընթերցող, լուրջ ուշադրություն դարձրու դրա վրա: Երբ դու շփվում ես մարդկանց հետ, ուշադրություն դարձրու, դու նրանց դրական էներգիա փոխանցեցի՞ր, արեցի՞ր այնպես, որ նրանք իրենց լավ զգան, ոգևորեցի՞ր, թե՞ ինչ-որ բացասական մանրուքի վրա կենտրոնացար, նրան անհարմար վիճակի մեջ դրեցիր և տխրեցրիր: Ինչ-որ ժամանակ անց դա քեզ մոտ սովորություն կդառնա և դու քեզ շատ ավելի լավ կզգաս, երբ ամեն ինչի մեջ սկսես դրականը նկատել: Այդ ժամանակ բացասականը ուղղակի կխուսափի քեզանից, կփախչի` քեզ տեսնելով: Քո մտքերը կլինեն դրական, իսկ կյանքդ` մաքուր ու թեթև:

Մի մոռացեք, մարդու մտքերը ֆիզիկական ազդեցություն են ունենում նրա կյանքի վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»