Հետաքրքիր է

Աշխարհի ամենախելոք մարդը

Պարզվում է, որ աշխարհի ամենախելոք մարդը կին է: Նա մեր ժամանակակիցն է՝ Մերելին Վոս Սավանտ: Ապրում է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում: Նրա ինտելեկտի IQ գործակիցը 228 միավոր է: Այդ արդյունքը նա գրանցել է դեռևս 10 տարեկանում, որի շնորհիվ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ուղղակի նշեմ, որ 135 բալից ավելի IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն՝ 86-114 միավոր է:

Մասնագետները հաշվել են բոլոր ժամանակների ամենախելացի մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ՝ 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ՝ 150, Բախի և Դարվինի մոտ՝ 140, Կոպեռնիկոսի մոտ՝ 130:

Մերելին Սավանտը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 11-ին: Նրա ազգանունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմաստուն»: Հոր և մոր կողմից նրա նախնիները հայտնի են եղել իրենց ինտելեկտով, ընդ որում նրա ծնողները համալսարան չեն ավարտել: Մերելինը նույնպես թողել է համալսարանը՝ սովորելով 2 տարի: Մերելինի հոր խոսքերով «համալսարանը դա վայր է, որտեղ կարելի է ձեռք բերել մասնագիտություն, բայց հնարավոր չէ զարգացնել ինտելեկտը»: Մերելինը ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ՝ այն մարդու, որն առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ-ն 180 միավոր է: Նրանք ունեն չափահաս տղա, որի IQ-ն 164 միավոր է: Մերելինի կարծիքով մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար: Բայց ճիշտ սնվելու դեպքում այն կարելի է մեծացնել միջինում 20%-ով:

Այսօր Մերելինը վարում է «Հարցրու Մերելինին» սյունակը ԱՄՆ հանրահայտ ամսագրերից մեկում և թողարկում է գրքեր: Ինտերնետում նա ունի սեփական էջը, որտեղ պատասխանում է աշխարհի տարբեր ծայրերից եկող հարցերին: Մերելինը համոզված է, որ մարդու խելքը կախված չէ այն գիտելիքների քանակից, որոնք մարդը հաճախ քաոսային կերպով լցնում է իր ուղեղը: Շատ մարդիկ, որոնք հանրագիտարանային գիտելիքներ ունեն, այդպես էլ չեն կարողանում դրանք օգտագործել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»