Շատ հաճախ մարդիկ չեն կարողանում կյանքում հասնել իրենց նպատակներին և ճաշակում են անհաջողության դառնությունը: Անհաջողության մատնված մարդն առաջին հերթին սկսում է մեղավորներ փնտրել: Իհարկե, շատ կարևոր է հասկանալ, որ ցանկացած իրավիճակ ունի իր պատասխանատուն, մեկը՝ ով կարող է փոխել իրերի ընթացքը: Սակայն հաջողության կամ անհաջողության հիմքում ընկած է այն, թե ու՞մ մեջ են մարդիկ տեսնում մեղավորին՝ իրե՞նց, թե՞ ուրիշների: Հաջողության հոգեբանությանը վերաբերող գրեթե բոլոր նյութերի հիմքում ընկած է սեփական պատասխանատվության զգացումը: Ես կարդացել եմ մի հոդված, որը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Ձեզ եմ ներկայացնում հատվածներ ու մտքեր այդ հոդվածից:
Մարդու կարևորագույն հատկանիշներից մեկն անկախության, ինքնուրույնության և անձնական պատասխանատվության զգացումն է: Ամերիկացի հոգեբան Ռոտերը անցկացրել է հետազոտություն պարզելու համար, թե որտեղ են մարդիկ տեսնում իրենց համար նշանակալի դեպքերի վերահսկման և առաջացման պատճառները: Հետազոտության արդյունքներով նա առանձնացրել է մարդկանց երկու տիպ` էքստերնալներ (արտաքին մարդիկ) և ինտերնալներ (ներքին մարդիկ):
Էքստերնալներ
Էքստերնալները միշտ հակված են կարծելու, որ իրենց հետ տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են արտաքին ուժերի, պատահականության, բախտի քմահաճույքի և այլ մարդկանց արարքների արդյունք: Էքստերնալները հաճախ պասիվ են և հոռետես, համարում են, որ իրենք կյանքում ընդամեն խաղազինվորներ են և անգամ իրենց հաջողություններն ու ուրախությունները վերագրում են արտաքին հանգամանքներին, պատահականությանը կամ այլ մարդկանց կամքին:
Ինտերնալներ
Ինտերնալները` ի տարբերություն էքստերնալների, մեկնաբանում են իրենց կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, որպես սեփական ջանքերի արդյունք: Ինտերնալները համարում են, որ կյանքի կարևորագույն իրադարձությունների մեծ մասը իրենց սեփական արարքների արդյունքն է: Ստեղծված իրավիճակների համար նրանք պատասխանատու են համարում միմիայն կամ գոնե մեծ մասամբ իրենց: Կյանքի բոլոր նվաճումները դիտում են որպես սեփական ուժերի փոխհատուցում: Վստահ են, որ ընդունակ են ինքնուրույն հասնել իրենց նպատակների իրականացմանը նաև ապագայում: Ինտերնալներն իրենց պատասխանատու են համարում նաև բացասական իրադարձությունների համար: Հակված են իրենց մեղադրելու՝ տառապանքի, տխրության և այլ տհաճությունների համար: Ինտերնալները հաճախ կյանքում հաղթողներ են, իսկ էքստերնալները՝ պարտվողներ:
Այսպիսով, ինտերնալները կյանքը կառավարողներ են, իսկ էքստերնալները՝ կառավարվողներ: Ի՞նչ անել, եթե նկարագրված էքստերնալ տիպի մեջ հանկարծ ճանաչեցիք ձեզ: Մի՞թե դա նշանակում է նախօրոք որոշված պարտություն կյանքի բոլոր ոլորտներում: Ո՛չ, ամենևին: Ինչպես և մարդկային հատկանիշների մեծամասնությունը, սա էլ ենթակա է փոփոխության: Առաջին քայլն այդ ուղղությամբ դա սեփական դիրքորոշման բացահայտումն ու ընդունումն է: Հետագայում, պարզապես անհրաժեշտ է հետզհետե ընդարձակել պատասխանատվության սեփական բաժինը կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար: Նախ, հիշեք դեպքեր, երբ իսկապես Դուք եք ինչ-որ բանի հասել՝ առանց որևէ մեկի միջամտության: Մտածեք, ինչը՞ կարող էր փոխվել, եթե այլ կերպ վարվեիք:
Հիշեք, կյանքում յուրաքանչյուր մեծ ու փոքր իրադարձության մեջ մենք ունենք պատասխանատվության մեր բաժինը: Ստանձնեք այդ պատասխանատվությունը` մտքով, խոսքով, արարքով և հետզհետե կյանքը կենթարկվի ձեզ ու կպարգևի այն ամենն ինչ ցանկանում եք և ինչի ձգտում եք:
Երբ ես առաջին անգամ կարդացի այս նյութը, զգացի, որ պատկանում եմ էքստերնալ տիպին: Սակայն հասկանալով ինտերնալ տիպին պատկանելու անհրաժեշտությունը, ես աշխատեցի ինքս ինձ վրա և ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ դա ինձ հաջողվեց: Շատ մարդիկ, չհասնելով իրենց նպատակներին, բացատրում են, որ իրենց մոտ դա չստացվեց, քանի որ մարդիկ չեն օգնում իրենց, որ չունեն լավ կապեր ու մեծ գումար, որ իրենք անբախտ են ու անհաջողակ: Եվ սա ի՞նչ կարելի է անվանել՝ բա՞խտ, թե՞ ինքնաարդարացում: Նման մարդիկ սեփական սխալներն ու թուլությունները, անվճռականությունն ու անվստահությունը վերագրում են բախտին և արտաքին հանգամանքներին: Ընդհանրապես, պետք է կարողանալ մաքրել բառապաշարը բախտ, ճակատագիր, անարդարություն և այս շարքին պատկանող մի շարք այլ բառերից: Սրանք խոսքեր են, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ հաջողության ճանապարհին: Մարդու հաջողության ուղին սկսվում է այն ժամանակ, երբ նա իր վրա է վերցնում իր կյանքի ողջ պատասխանատվությունը:
Մարդիկ սպասում են, որ իրենց փոխարեն գործեն ուրիշները, որ իրենց անընդհատ ուղղորդեն հաջողության ճանապարհով: Պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե մի օր բոլոր մարդիկ սպասեն, որ իրենց փոխարեն գործեն ուրիշները: Իսկ ինչի՞ համար է մարդու սեփական խելքը:
Շատ մարդիկ կարծում են, որ ի զորու չեն փոխել իրենց կյանքը: Կարծում են, որ դրա համար անպայման պետք է հայտնվի մեկը, ով կդառնա իրենց «հերոսը» և կփոխի իրենց կյանքը: Իսկ ովքե՞ր են հերոսները: Իրականում, մեր բոլորի կյանքը մի առանձին պատմություն է, իսկ այդ պատմության գլխավոր հերոսները՝ մենք ինքներս ենք: Եթե մարդ պատրաստ չէ «դառնալ իր հերոսը», ապա սպասել դա այլ մարդկանցից՝ անիմաստ է: Բոլորիս հետ էլ եղել են դեպքեր, երբ մենք ասել ենք «Եթե ինձ հնարավորություն տային, եթե միայն ինձ թույլ տային այս կամ այն բանն անել»: Իսկ ինչու՞ սպասել, թե երբ են մարդիկ հավատալու Ձեր հնարավորություններին: Նախ կարողացեք ինքներդ հավատալ Ձեր ուժերին, որպեսզի Ձեզ հավատան նաև ուրիշները: Ինչպես ասում է իմ մտերիմներից մեկը «Վայելիր կյանքի ամեն մի պահը»: Ես կարծում եմ, որ կյանքի ամեն մի պահը հնարավոր կլինի վայելել այն ժամանակ, երբ մարդն իր ուսերից ցած գցի ուրիշներին մեղադրելու, մարդկանցից ու բախտից կախված լինելու բեռը: Երբ մարդն իր վրա է վերցնում իր կյանքի ողջ պատասխանատվությունը, նա կարողանում է առաջ շարժվել և կյանքում հաղթող լինել:
Ալլա ջան մերսի գերազանց հոդվածի համար: