Ժամանակի կառավարում

Մի հետաձգեք այսօրվա գործը վաղվան

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդկանց 20%-ը սովորություն ունի հետաձգել իր գործերը վաղվան: Այդպիսի մարդկանց ուղեղում որոշ ժամանակ անց խառնաշփոթ է սկսվում, քանի որ անավարտ ու կուտակված գործերն անընդհատ հիշեցնում են իրենց մասին և մարդու մոտ իրավիճակը կառավարել չկարողանալու զգացում է առաջանում: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում առանձնացնել շտապ ու կարևոր գործերը երկրորդայիններից, չեն կարողանում կազմակերպել իրենց ժամանակը և աշխատանքի ընթացքում անընդհատ շեղվում են: Օրինակ, դուք ուզում եք 10 րոպեով մտնել facebook ձեր հաշիվը ստուգելու, իսկ այնտեղ մնում եք մի քանի ժամ: Եվ դրանք այն ժամերն էին, որոնք դուք պետք է օգտագործեիք այլ գործերի համար: Իսկ գիտեք ո՞րն է պատճառը: Դուք անընդհատ շեղվում եք: Խոստովանեք, ի՞նչ եք անում դուք, երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկը ձեր գրառումը կամ նկարը like է տվել: Համոզված եմ, որ միանգամից անցնում եք նրա անձնական էջ: Բայց դա չէր մտնում ձեր պլաններում:

Մի թույլատրեք, որ արտաքին գործոնները շեղեն ձեզ ձեր հիմնական գործերից: Օրինակ, դուք կարող եք անցնել հեռուստացույցի կողքով և պատահական մի «հիանալի» հաղորդում տեսնեք և միանգամից մոռանաք, որ դուք պատրաստվում էիք քննությանը պատրաստվել: Բայց այդ պահին հիշեք, որ կյանքի վերջում ձեզանից մնում են ձեր գործերը և ոչ թե դիտված «հիանալի» հաղորդումները: Անմիջապես մի շտապեք թողնել ամեն ինչ և նստել հեռուստացույցի առջև: Գիտակցեք, որ քննությունը կարևոր է, դա ձեր ապագան է և դրանով էիք դուք պլանավորել այսօր զբաղվել, իսկ հեռուստացույցը ընդամենը շեղող հանգամանք է, որին դուք պետք է դիմագրավեք: Երկու ժամ անց, երբ այդ հաղորդումը վերջացած լինի, դրանից ձեզ ոչինչ չի մնա, բայց կմնան ձեր կիսատ գործերը:

Ընդհանրապես, սովորություն դարձրեք չհետաձգել այսօրվա գործերը վաղվան: Փորձեք օրվա ընթացքում անել առավելագույնս շատ գործ: Նախօրոք հասկացեք, թե որ գործերն են ձեզ համար կարևոր և սկզբում կենտրոնացեք միայն դրանց վրա: Ավարտեք մի գործը և նոր անցեք մյուսին: Գործերը հետաձգելու պատճառներից մեկն էլ դա է, որ մենք մի գործը կիսատ ենք թողնում, քանի որ այլ գործի մասին ենք հիշում: Բայց հիշեք, որ օրվա վերջում ավարտված մեկ գործն ավելի լավ է, քան երկու անավարտը:

Մարդիկ, որոնք սովորություն ունեն հետաձգել իրենց գործերը, պատճառաբանում են, որ դրանք այսօր երեկոյան կամ վաղը անպայման կվերջացնեն: Բայց երեկոյան մենք բոլորս էլ հոգնում ենք և երբ մեր քունը տանում է, մենք չենք կարող դրան դիմագրավել: Իսկ գործերը մնում են վաղվան: Բայց վաղը ծնվում են ուրիշ գործեր, առաջանում են ուրիշ չնախատեսված իրավիճակներ, որոնք կրկին թույլ չեն տալիս ավարտել մեր գործերը: Եվ այդպես կարող են անցնել օրեր, շաբաթներ, ամիսներ և մի շարք գործեր, որոնք մենք պետք է ավարտեինք, այդպես էլ մոռացության են մատնվում և մնում են անավարտ: Իսկ դա ամենավատ զգացումներից մեկն է, երբ մարդը գիտակցում է, որը չկարողացավ անել այն, ինչ պետք է աներ և կարող էր անել: Այնպես որ, մոռացեք վաղվա մասին, մոռացեք մյուս շաբաթվա մասին, կա միայն այսօր և վերջ: Վերջացրեք ձեր բոլոր գործերն այսօր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Շատ իմաստուն է ասված “Այսօրվա գործը վաղվան մի թող”:
    Գիտե՞ք առավել հաջողակները ասում են`
    Վաղվա գործը այսօր արա

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»