Որոշեցի գրել այս թեմայով, որովհետև այսօր ներկա էի մի սեմինարի, որի թեման գրադարաններն էին: Ավելի շուտ խոսքը այն մարքեթինգային միջոցների մասին էր, թե ինչպես կարելի է օգտվողներին «բերել» գրադարան, ինչպես կարելի է առավել արդյունավետ տարածել գրքերի մասին տեղեկատվությունը, ինչպես դարձնել գրադարանից օգտվելու գործընթացն ավելի հեշտ և ինչ փոփոխությունների պետք է ենթարկել գրադարանային համակարգը` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի զարգացման հետ:
Ամենակարևոր բանը, որն իմացա սեմինարի ժամանակ այն է, որ գործում է գրադարանների տեղեկատվական միացյալ համակարգ, որի օգնությամբ ցանկացած օգտվող կարող է համացանցում փնտրել և գտնել, թե որ գրադարանում կա իրեն անհրաժեշտ գիրքը: Այսինքն, եթե Դուք փորձում եք ինչ-որ գիրք գտնել հայկական գրադարաններում, ապա օգտվելով այս կայքից` Դուք կխնայեք Ձեր ժամանակն ու ջանքերը:
Իմացա նաև, որ հայկական գրադարանները կամ ընդհանրապես ներկայացված չեն համացանցում կամ ներկայացված են շատ վատ: Նույնիսկ բերվեց այն օրինակը, որ google-ում «Փոքրիկ իշխան» փնտրելիս որոնման արդյունքում հայտնվում են հարյուրավոր կայքեր, որոնցից ոչ մեկը գրադարան չէ: Հայկական գրադարանների մեծ մասը չեն օգտվում նաև սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից և ընդհանրապես` շատ պասիվ են համացանցում:
Թե ինչու գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են օգտվում գրադարաններից, նշվեց երկու պատճառ` մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ և գրադարանները գտնվում են վատ վիճակում: Անդրադառնանք այս կետերին առանձին-առանձին:
Այն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ գիրք կարդալ` դա վիճելի հարց է: Վիճելի այն առումով, որ այսօր շատերը չեն կարդում ավանդական գրքեր, բայց կարդում են դրանց էլէկտրոնային տարբերակները, կարդում են բլոգներ, ֆորումներ և շատ այլ տեղեկատվական կայքեր: Իհարկե, նախկինում, երբ այդ ամենը չկար, մարդիկ ուրիշ հնարավորություն չունեին էլ և ստիպված գիրք էին կարդում: Եվ շատ տրամաբանական է, որ համացանցի բուռն զարգացման դարաշրջանում գիրք կարդացողները քչացել են, բայց այնպես չէ, որ նրանք սպառվել են, այլապես չէին լինի գրախանութներն ու մարդիկ գրքի բիզնեսով չէին զբաղվի:
Իսկ ինչ վերաբերվում է գրադարանների վատ վիճակին, կարծում եմ` դա լուրջ խնդիր է: Մարդը պետք է հաճույք ստանա գրադարան գնալուց: Ինչպես նշեց սեմինարի մասնակիցներից մեկը, գրադարանը դա միայն գիրք կարդալու տեղ չէ: Մի շարք երկրներում գրադարաններում տեղակայված են նույնիսկ անձնագրային և նոտարական գրասենյակներ, որոնց միջոցով խրախուսվում է մարդկանց մուտքը գրադարան: Այսինքն, եթե մարդը նոտարի հետ կապված ինչ-որ հարց ունի կամ ուզում է փոխել անձնագիրը, ապա ոստիկանություն կամ նոտարիատ գնալու փոխարեն նա կարող է անել դա գրադարանի շենքում: Համաձայնվեք` ավելի հաճելի է:
Եվ վերջում, հայտնենք մեր կարծիքն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանի գրադարանների վիճակն ու շատացնել դրանց այցելությունները: Նախ, անհրաժեշտ է գրադարանային համակարգ ներգրավել երիտասարդ մասնագետների: Եթե ցանկություն կա, որ գրադարաններն ավելի ակտիվ լինեն համացանցում, որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում, ապա դա շատ դժվար կլինի անել գրադարանների ավելի հասուն սերնդի համար, քանի որ նրանցից շատերը դեռ սովոր չեն մարքեթինգային նոր մոտեցումներին և պատրաստ չեն այսօրվա տեխնոլոգիական փոփոխություններին: Երկրորդը, անհրաժեշտ է թարմացնել գրականությունը: Համոզված եմ, որ գրադարանների մեծ մասում հիմնականում դեռ սովետական ժամանակաշրջանի գրքեր են և ժամանակակից ու թեմատիկ գրականությունը դրանցում շատ ավելի քիչ է: Օրինակ, ես սիրում եմ կարդալ մոտիվացիոն և բիզնես գրականություն, բայց դեռ չգիտեմ այնպիսի գրադարան, որտեղ կարող եմ կարդալ նման թեմայով վերջին գրքերը: Եվ երրորդը, անհրաժեշտ է գրադարանները ձևափոխել «հանգստի վայրի»: Այսինքն, դա պետք է լինի մի վայր, որտեղ մտնելուց մարդը հաճույք ստանա: Այսինքն, ընդարձակ, գեղեցիկ ձևավորված դահլիճներ, համակարգչային սրահ, լավ սպասարկում և այլն:
Ամփոփելով գրադարանների թեման` պատասխանենք հոդվածի վերնագրում նշված հարցին` այո, գրադարանները մեզ դեռ պետք են, ուղղակի պետք է այնպես անել, որ դրանք նույնպես իրենց վրա վերցնեն ժամանակի փոփոխությունները և գրադարանից օգտվողների քանակը կրկին կաճի:
Ես նույնպես ներկա էի այսօրվա սեմինարին:)
Հայաստանի գրադարանների վերաբերյալ Ձեր կարծիքի հետ լիովին համաձայն եմ:Քանի որ նշել եք բիզնեսի վերաբերյալ գրքերի մասին, խորհուրդ կտաի կարդալ “Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում” գիրքը թողարկված Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից:Բավականին հետաքրքիր և մոտիվացիոն գիրք է:
Փաստորեն դուք էլ էիք այնտեղ 🙂
Իսկ գիրքը կարդացել եմ, այս պահին էլ սեղանիս դրած է, շատ լավ գիրք է սկսնակ գործարարների համար, ընդհանուր պատկերացում է տալիս, թե ինչ պետք է իմանալ սեփական բիզնես սկսելիս:
Երբ բողոքում են ներկայիս սենդի` ընթերցանության հանդեպ սիրո պակասի մասին, ես մտածում եմ, որ պարզապես հին դոգմաներով մարդիկ չեն ուզում հասկանալ, որ հիմա կարդում են այն, ինչն օգտակար են համարում ու հաճելի, ինքս չեմ պատկերացնւմ իմ հանգիստն առանց ընթերցանության, սակայն հասակակիցներիս չեմ մեղադրում` այնքան են բլոգներում և տարբեր կայքերում ինֆորմացվում, նմանատիպ սեմինարների մասնակցում, կարելի է ասել կրթվում, որ անկարող ենք բողոքել:
Իսկ գրադարաննների մասին ձեր կարծիքը շատ հավանեցի` աշխատողների ու գրականության փոփոխություն, թարմացում, իսկ երրորդ կետն իմ փորձից եմ ասում` ամենալավ տարբերակն է` գործող ու գերազանց արդյունքներ տվող:
Երկար գրեցի, սակայն ծավալը հոգ չէ, կարևորը գիտակցենք, որ փոփոխություններն այս հարցում անխոս անհրաժեշտ են…
Շնորհակալություն գրառման ու խորհուրդների համար: Այն դպրոցում, որտեղ աշխատում եմ, անպայման կկիրառենք դրանք 🙂
Հարգելի Luka և բլոգի ընթերցողներ,
բավականին հետաքրքիր էր կարդալ ձեր կարծիքները քննարկվող սեմինարի թեմայի շուրջ:
Ցանկացողները այստեղ՝ http://www.kokordilos.com/20-dec-2011/ կարող են գտնել քննարկվող պրեզենտացիաներից մեկի նյութը: Ցավոք՝ առանց իմ ելույթի և ներկայացման 🙂