Հաջողության գաղտնիքներ

Մոտիվացիա կամ լույս խավարի մեջ

Ընդհանրապես չի կարող լինել այնպես, որ մարդու կյանքում միշտ ամեն ինչ լավ լինի և ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես նա է ցանկանում: Միշտ էլ լինում են շեղումներ` բացասական շեղումներ: Այդ շեղումները կարող են լինել հազվադեպ, բայց դրանք կարող են ամեն ինչ փչացնել: Բոլորի մոտ էլ լինում են ժամանակի ինչ-որ հատվածներ, երբ ամեն ինչ կորցնում է իր իմաստը և այն, ինչ երեկ քեզ ոգևորում էր, այսօր ոչինչ է թվում: Նման պահերին մարդու կյանքը խամրում է, նմանվում է խավարի` նույնիսկ օրվա լուսավոր ժամերին: Բայց այդ խավարը թվացյալ է, այն գոյություն չունի, դա կրկին մեր ենթագիտակցության խաղերն են: Բայց որպեսզի այն չդառնա իրական, նման պահերին անհրաժեշտ է գտնել մոտիվացիա` անհրաժեշտ է գտնել լույս խավարի մեջ: Դա կարող է լինել ինչ-որ մեկը կամ դա կարող է լինել ինչ-որ բան, կարևորը, որ նման պահերին դուք չհանձնվեք, չկորցնեք հույսը և դուրս գաք խավարից, քանի որ հենց այնտեղ է ձեզ սպասվում հաջողությունը:

Յուրաքանչյուր մարդ, ով իր համար ինչ-որ ուղի է ընտրել, որպեսզի կարողանա այն մինչև վերջ անցնել, պետք է կարողանա ընթացքում անընդհատ ինքն իրեն մոտիվացնել: Դուք կարող եք ամիսներով ապրել անհոգ ու երջանիկ, մոտիվացված ու նպատակասլաց, բայց գա մի օր, երբ մոտիվացիան կորի և տասնյակ մոտիվացված օրերի մեջ ընդամենը այդ մեկ օրը կարող է ամեն ինչ փչացնել` այն կարող է ստիպել ձեզ թողնել ամեն ինչ և հանձնվել: Էլ ինչ խոսել, երբ նման օրերը լինեն ոչ թե մեկը, այլ իրար ետևից շարունակվեն: Ուղղակի այդ թվացյալ անիմաստությունը երբեմն այնպես իրական է թվում, որ այն ստիպում է շատ մարդկանց կասկածել այն ամենի ճշմարտացիության մեջ, ինչ նրանք անում էին մինչ այժմ:

Երբ նման «խավարի» մեջ եք հայտնվում, ոչ թե կախեք գլուխը և խղճացեք ձեզ, այլ գտեք այն լույսը, որը դուրս կբերի ձեզ այդ խավարից: Գտեք մոտիվացիա, ոգևորեք ինքներդ ձեզ: Հիշեք, որ այդ ամենը ժամանակավոր է և որոշ ժամանակ անց դուք կրկին դառնալու եք ոգեշնչված, նպատակասլաց և ուժեղ: Եվ որպեսզի այդ ամենը ձեզ մոտ հեշտ ստացվի, վերլուծեք ձեր անցյալի հաջողությունները և հիշեք ձեր կյանքի ամենալավ պահերը: Կլինեի՞ն դրանք արդյոք, եթե ամեն մի դժվար պահին դուք հանձնվեիք: Ինչքան էլ հուսահատված լինեք, միշտ գնահատեք այն, ինչ այս պահին ունեք: Չէ՞ որ դուք կարող էիք դրանից նույնպես զրկված լինել, բայց դուք դա ունեք: Եվ ամենավերջում, նման պահերին շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր ձեզ հավատում են: Նման մարդկանց ընդամենը մեկ ոգեշնչող բառը, մեկ խորհուրդը կարող է ցրել խավարը: Իսկ երբ խավարը ցրվի, դուք կրկին կշարունակեք մեծ քայլերով շարժվել առաջ: Պահե՛ք ձեզ մոտիվացված:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Իսկ ձեզ մոտիվացված պահելու համար պարբերաբար այցելեք հաջողության բլոգ: Ես որոշ ժամանակ չէի եղել, պակասը զգում էի …

  • Ես ել վերջերս խավարում էի, չգիտեի ինչպես ապրել, զգում էի, որ անզոր եմ կյանքում ինչ-որ բան փոխել: Կորցրել էի ապրելուս իմաստը:Այն նպատակները որ դրել էի, իրագործվեցին, նոր նպատակ չէի գտնում: Հիմա փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, գտա այս կայքը, և դա իմ փրկությունն է: Հիմա ժպիտս կենդանացել է, դառնալով ավելի անկեղծ

    • Բոլորիս կյանքում էլ խավարներ լինում են, բայց դա հավերժ չէ Գոհար ջան: Միշտ էլ ամենալուսավոր պահերին նախորդում է խավարը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»