Երբ կարդացի այս գերմարդու մասին, հասկացա, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են: Ուղղակի կարևոր է, թե որտեղ ես ներդնում այդ հնարավորությունները: Հերոսությունը սկսվում է ինքդ քեզ հաղթելուց: Այս մարդը հաղթահարել էր իր վախը մահվան հանդեպ: Ես ուզում եմ խոսել մեծ լողորդ, հերոս, լավատես մարդու` Շավարշ Կարապետյանի մասին:
Նա ծնվել է 1953թ. մայիսի 19-ին, Վանաձորում: Ջրասուզալող սպորտաձևում Շավարշ Կարապետյանը եղել է 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն: Եղել է սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» մրցանակով: Աշխատել է որպես պատանեկան դպրոցի տնօրեն:
Գուցե Շավարշ Կարապետյանը մեզ դեռ շատ զարմացներ իր հաղթանակներով ու մրցանակներով, եթե չլիներ 1976թ. սեպտեմբերի 16-ի դեպքը: Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր կատարում Երևանյան լճի մոտ, երբ 96 ուղևորով տրոլեյբուսը շրջվում է լիճը: Եղբայրները, առանց երկմտելու, օգնության են նետվում: Մեր հերոսը սուզվում է սառը և աղտոտված ջուրը, դիմակայելով ջրի ճնշմանը` կոտրում է ապակին և 20 րոպեում քսան մարդու կյանք է փրկում: Միայն վերջում, լինելով շատ հոգնած և վիրավոր, մարդու փոխարեն աթոռ է հանում, որի համար զղջում է մինչև այսօր: Տրոլեյբուսը բավականին խորն էր իջել` մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը բավական մեծ է: Հեշտ է տաք սենյակում նստած գրել այս մասին, սակայն երբ պատկերացնում եմ, սարսռում եմ: Իր հերոսության համար Շավարշը շատ թանկ է վճարում: Նա հիվանդանում է երկկողմանի թոքաբորբով և ստանում է արյան վարակ: Երկար ամիսներ հիվանդանոցում բուժվելուց հետո նա այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ: Անտեսելով բոլոր խոչընդոտները և վտանգի ենթարկելով իր կյանքը` Շավարշ Կարապետյանը իր եղբոր հետ իրագործել էր անհնարինը: Իր լավատեսության և ուժեղ կամքի շնորհիվ, նա դարձել է հաջողակ գործարար (նա այն կոչում է «Երկրորդ շնչառություն») և ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում:
Ես հիմա գրում եմ նրա մասին և մտածում. «Իսկ ինչպես կվարվեի ես. ինչն է ստիպում մարդկանց նման քայլերի գնալ: Չէ որ ապրելու բնազդը այնքան ուժեղ է նստած մարդու մեջ, որ այն հաղթահարելու համար շատ մեծ կամքի ուժ է պահանջվում»: Ինձ համար իսկական հերոսը նա է, նա է ամենամեծ հաջողակը և ամենահարուստը:
Այսօր Շավարշ Կարապետյանի անունով է կոչվում նոր հայտնաբերված մոլորակը (3027 Շավարշ), իսկ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում նրա անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:
Կուզեի, որ մեր երիտասարդները ոչ թե ցանկանային նմանվել հայկական սերիալների «հերոսներին», այլ իրական ու իսկական հերոսներին, ինչպիսին Շավարշ Կարապետյանն է:
Ես լսել եմ այս պատմության մասին: Դպրոցում մեր ռուսերենի ուսուցչուհին միշտ պատմում էր, նա ականատես էր եղել: Ամեն անգամ նոր ոգևորությամբ էր պատմում Երևանյան լճի հերոսի մասին: Ես շատ ուրաղացա, որ գրել եք այս պատմության մասին, որովհետև Շավարշ Կարապետյանը, իրական կյանքի իմ ամենասիրելի հերոսներից է:
Գայանե ջան իսկ չի պատմել, ինչո՞ւ է տրոլեյբուսը շրջվել: Ուղղակի շատ հետաքրքիր է, այդ հատվածում տրոլեյբուսը ինչպես կարող է շրջվել:
Հարգելի Լուկա, ասում են կա 2 վարկած 1-ինը այն է, որ վարորդը հարբած է եղել և դուրս է եկել գծերից, իսկ 2-րդ վարկածը` մի ուղևոր ստիպել է վարորդին կանգառից դուրս կանգնել, իսկ վարորդը հրաժարվել է` ասելով, թե սա տաքսի չէ ձեզ համար, որ ուր ուզեք կանգնեմ: Նրանց միջև վեճ է սկսվել: Ուղևորը դանակով հարվածել է վարորդին, որի պատճառով էլ տրոլեյբուսը շեղվել է գծից և ընկել լիճը:
Պարզ ա Զառա ջան, մերսի..
Եթե Շավարշ Կարապետյանի մասին լինեն այլ տեղեկություններ, որոնք չեն զետեղվել այս հոդվածում, խնդրում եմ` գրեք:
Նախօրոք շնորհակալություն
Եթե մի փոքր անգամ խիղճ կա մեջդ` առանց վարանելու կանես դա, չմտածելով անգամ, որ քո արածը հերոսություն է: Վստահ եմ, որ մեր օրերում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել, որպեսզի փրկեն օգնության կարիք ունեցողին:
Ես էլ եմ համոզված Գայանե ջան, բայց դե դա իրոք հերոսություն է, որովհետև վախն այնպիսի բան է, որ կարող է մարդուն այնպես բռնել, որ մարմինը նրան չենթարկվի:
Լուկա ջան կոնկրետ չի ասել, թե ինչի պատճառով է տեղի ունեցել դեպքը: Ասում էր, որ դասերից հետո ընկերուհու հետ զբոսնելիս է լինում լճի շրջակայքում, երբ իմանում են այդ մասին տրոլեյբուսը արդել լիճն է ընկած լինում: Փորձեցի ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ, բայց յուրաքանչյուր մարդ յուրովի է ներկայացնում: Կարծում եմ հավաստի ու ճիշտ տեղեկություններ կարելի է ստանալ հենց Շավարշ Կարապետյանից կամ էլ որևէ հավաստի աղբյուրից:
Պարզ ա Գայանե ջան: Հա, ճիշտ եք ասում, դա կլինի ամենալավ տարբերակը:
Աշխարհում չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքը… Հենց այս սկզբունքն է ստիպել Շավարշ Կարապետյանին անել այդ ամենը և ես համոզված եմ , որ նա երբևէ ափսոսանքի զգացում չի ունեցել …
Շնորհակալություն հիանալի գրառման համար
I dep nshem, vo Shavarshiexbor` Kamoyi vordin xexdvel e, ev na chi karoxacel prkel:
դա արդեն ճակատագրի հեգնանք է
երեխայիս դպրոցում հանձնարարվել է գրել հայտնի մարզիկների մասին…. ուզում եմ, որ երեխաս ճանաչի իր ազգի հերոսին: Խնդրում եմ, եթե էլի տեղեկություններ կան այդ Մեծ Մարդու մասին, գրեք
Eliz ջան անձամբ ես այլ տեղեկություններ չունեմ: Հուսով եմ` Ձեզ մյուս ընթերցողներից կօգնեն:
SHAT LAV TEXEKUYTNER EQ MEZ TALIS SHNORHAKALUTYUN