Մարդկանց հետ շփում

Ներողություն խնդրելու ուժը

Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք: Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը, կարծելով, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ ես, ուրեմն արել ես ինչ-որ բան, որը չպետք է անեիր և պետք է ոչ մի դեպքում դա ցույց չտաս: Բայց ես անկեղծորեն այդպես չեմ կարծում: Թույլ ու ուժեղ մարդու պատկերացումներն իմ մոտ վաղուց արդեն փոխվել են: Չկարողանալ ընդունել սեփական սխալներն ու խուսափել դրանց հետևանքներից` իմ համար այժմ թուլություն է, հասկանալ և անկեղծորեն ընդունել սեփական սխալներն ու դիմացինից ներողություն խնդրելը` ուժեղ մարդու արարք: Ինչո՞ւ ուժեղ: Որովհետև սեփական «ես»-ին դեմ գնալն այդքան էլ հեշտ չէ, բայց երբ կարողանում ես անել դա` ի օգուտ դիմացի մարդու, ապա դու հաղթահարում ես ինքդ քեզ և դա մեծ ուժ է պահանջում` հոգեկան` ավելի վեհ ուժ, ոչ ֆիզիկական:

Կան նաև մարդիկ, որոնք գիտեն, որ պետք է ներողություն խնդրել, բայց չեն կարողանում դա անել: Այսինքն, նրանք ոչ թե չեն ընդունում սեփական սխալները, այլ ընդունում են դրանք, բայց վախն ու անվստահությունը (կամ հակառակը` վստահությունն ու հպարտությունը) թույլ չեն տալիս նրանց ասել «կներես», «ներողություն եմ խնդրում», «ես սխալվել եմ» և այլն: Խորհուրդ նման մարդկանց: Որքան շատ եք դուք հետաձգում, որքան ավելի եք ուշացնում, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք երբեք էլ չեք ասի դա: Իսկ դրանով դուք հնարավոր է սպի թողնեք դիմացինի հոգում, որը միգուցե երբեք էլ չվերանա: Ինչպես կարող են մարդիկ սիրել այն մարդու, որը չի կարողանում ներողություն խնդրել: Կա դրա երևի միայն մեկ տարբերակ: Նա այնքան կատարյալ է, որ երբեք չի սխալվում և հետևաբար վայելում է դիմացինների սերն ու հարգանքը: Հակառակ դեպքում, ում է դուր գալիս, երբ իր նկատմամբ սխալվում են և ներողություն չեն խնդրում: Վերցրեք հենց Ձեզ: Դա Ձեզ դո՞ւր է գալիս:

Իհարկե շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք սխալներ չգործել և ներողություն խնդրելու կարիք էլ չլիներ: Բայց քանի դա այդպես չէ, մենք պետք է կարողանանք անել դա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»