Գիտե՞ք, թե որն է ցավացող ատամի սկզբունքը: Այն, որ դուք ատամնաբույժի մոտ եք գնում միայն այն ժամանակ, երբ Ձեր ատամը սկսում է ցավալ: Այսինքն, դուք ընթացքում չեք հետևում Ձեր ատամներին, չեք պարզում` արդյո՞ք դրանք բուժման կարիք ունեն, թե ոչ և միայն այն ժամանակ եք հետաքրքրվում դրանցով, երբ ցավն արդեն կա: Բայց այդ ժամանակ հաճախ ուշ է լինում: Նույն սկզբունքը գործում է նաև կյանքում: Հաճախ մենք միայն այն ժամանակ ենք սկսում ուշադրություն դարձնել մեր խնդիրների վրա, երբ դրանք հասնում են իրենց «ցավալի» գագաթնակետին: Օրինակ, Ձեզ հեռացնում են աշխատանքից և դուք հասկանում եք, որ Ձեր գիտելիքները բավարար չեն այլ տեղ աշխատելու համար: Բայց դրա մասին պետք էր շուտ մտածել: Կամ դուք բիզնես ունեք և Ձեր միակ մատակարարը մի օր սնանկանում է և դուք մնում եք օդից կախված: Դրա մասին նույնպես պետք էր շուտ մտածել:
Նման օրինակներ շատ կան: Որքան են լինում դեպքեր, երբ մարդու մոտ ինչ-որ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվում, որը սակայն հնարավոր կլիներ կանխել, եթե այն հայտնաբերվեր ավելի վաղ փուլում: Բայց դա չի հայտնաբերվել, քանի որ մարդը երբեք ստուգում չի անցել: Մարդու կյանքում կան մի քանի ոլորտներ, որոնք առավել կարևոր են` աշխատանք, ընտանիք, առողջություն: Այս ոլորտներում չպետք է թողնել, որպեսզի «ատամը սկսի ցավալ», նոր դրա վրա ուշադրություն դարձնել: Առողջության դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: Ընտանիքի դեպքում Ձեզանից կարող է հեռանալ կինը կամ հակառակը` ամուսինը, և միայն այդ ժամանակ դուք հասկանաք, որ դրա մասին պետք էր շուտ մտածել: Ի՞սկ աշխատանքը: Որքան մարդկանց ես գիտեմ, որոնք ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն միայն այն պատճառով, որ նախօրոք չէին մտածել, թե ինչ կլինի, եթե իրենք զրկվեն իրենց եկամտի միակ աղբյուրից:
Այդ պատճառով էլ միշտ փորձեք ապահովել Ձեզ նախօրոք` անկախ դա առողջությունն է, ընտանիքը, թե աշխատանքը: Միշտ հետևեք Ձեր առողջությանը` մինչև խնդիրներ ի հայտ գալը: Հոգ տարեք Ձեր ընտանիքի մասին, ժամանակ հատկացրեք նրան մշտապես: Ձեռք բերեք գիտելիքներ, կապեր, վստահություն և պատրաստ եղեք զրոյից վերսկսել Ձեր բիզնեսը կամ նոր աշխատանք գտնել:
Լիովին համաձայն եմ, կարիք չկա իրավիճակը հասցնել կրիտիկական կետի և ապա խուճապի մատնվել… 🙂
Մենք բոլորս շատ լավ գիտենք դրա մասին, բայց շատ հաճախ ենք վարվում վերը նշված ձևով…
Համաձայն եմ Vika ջան, երբեմն բոլորս էլ այդպես անում ենք, տարբեր ոլորտներում, լինի դա առողջություն, անձնական կյանք, թե աշխատանք:
Ես դարձյալ քննությունների տեսանկյունից խոսամ էլի :ՃՃ առաջ ամեն ինչ գցում էի քննության նախորդ օրվան, իսկ հիմա մի քանի օր “նախապես”-ով եմ սկսում :ՃՃՃ
Ապրես, մի հատ խորհուրդ կտամ, եթե քննություն ես սովորում, այնպես արա,որ ընկերուհիդ էլ այդ նույն օրը սովորի և հարցեր տվեք իրար, այդպես կարող ես իմանալ ինչպես յուրացրեցիր և միևնույն ժամանակ պատասխանատվություն է առաջանում, որ հաջորդ օրը էլի կհանդիպեք, և պետք է պատրաստ լինես հարցերի: Իսկ վերջում կունենաս գերազանց արդյունք. սովորել ես նախապես, գիտես անգիր ամեն մանրուք, դարձել ես ավելի պատասխանատու: 🙂
Շնորհակալ եմ,, շատ արժեքավոր խորհուրդ էր, Գոհար ջան.. հավատա, մեր մոտ միշտ էդպես էլ ստացվում էր` առանց պայմանավորվածության 🙂 Ու դա պարապելու գերագույն ձևն է երևի :))))))