Հաջողության գաղտնիքներ

Ցավացող ատամի սկզբունքը

Գիտե՞ք, թե որն է ցավացող ատամի սկզբունքը: Այն, որ դուք ատամնաբույժի մոտ եք գնում միայն այն ժամանակ, երբ Ձեր ատամը սկսում է ցավալ: Այսինքն, դուք ընթացքում չեք հետևում Ձեր ատամներին, չեք պարզում` արդյո՞ք դրանք բուժման կարիք ունեն, թե ոչ և միայն այն ժամանակ եք հետաքրքրվում դրանցով, երբ ցավն արդեն կա: Բայց այդ ժամանակ հաճախ ուշ է լինում: Նույն սկզբունքը գործում է նաև կյանքում: Հաճախ մենք միայն այն ժամանակ ենք սկսում ուշադրություն դարձնել մեր խնդիրների վրա, երբ դրանք հասնում են իրենց «ցավալի» գագաթնակետին: Օրինակ, Ձեզ հեռացնում են աշխատանքից և դուք հասկանում եք, որ Ձեր գիտելիքները բավարար չեն այլ տեղ աշխատելու համար: Բայց դրա մասին պետք էր շուտ մտածել: Կամ դուք բիզնես ունեք և Ձեր միակ մատակարարը մի օր սնանկանում է և դուք մնում եք օդից կախված: Դրա մասին նույնպես պետք էր շուտ մտածել:

Նման օրինակներ շատ կան: Որքան են լինում դեպքեր, երբ մարդու մոտ ինչ-որ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվում, որը սակայն հնարավոր կլիներ կանխել, եթե այն հայտնաբերվեր ավելի վաղ փուլում: Բայց դա չի հայտնաբերվել, քանի որ մարդը երբեք ստուգում չի անցել: Մարդու կյանքում կան մի քանի ոլորտներ, որոնք առավել կարևոր են` աշխատանք, ընտանիք, առողջություն: Այս ոլորտներում չպետք է թողնել, որպեսզի «ատամը սկսի ցավալ», նոր դրա վրա ուշադրություն դարձնել: Առողջության դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: Ընտանիքի դեպքում Ձեզանից կարող է հեռանալ կինը կամ հակառակը` ամուսինը, և միայն այդ ժամանակ դուք հասկանաք, որ դրա մասին պետք էր շուտ մտածել: Ի՞սկ աշխատանքը: Որքան մարդկանց ես գիտեմ, որոնք ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն միայն այն պատճառով, որ նախօրոք չէին մտածել, թե ինչ կլինի, եթե իրենք զրկվեն իրենց եկամտի միակ աղբյուրից:

Այդ պատճառով էլ միշտ փորձեք ապահովել Ձեզ նախօրոք` անկախ դա առողջությունն է, ընտանիքը, թե աշխատանքը: Միշտ հետևեք Ձեր առողջությանը` մինչև խնդիրներ ի հայտ գալը: Հոգ տարեք Ձեր ընտանիքի մասին, ժամանակ հատկացրեք նրան մշտապես: Ձեռք բերեք գիտելիքներ, կապեր, վստահություն և պատրաստ եղեք զրոյից վերսկսել Ձեր բիզնեսը կամ նոր աշխատանք գտնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

    • Համաձայն եմ Vika ջան, երբեմն բոլորս էլ այդպես անում ենք, տարբեր ոլորտներում, լինի դա առողջություն, անձնական կյանք, թե աշխատանք:

  • Ես դարձյալ քննությունների տեսանկյունից խոսամ էլի :ՃՃ առաջ ամեն ինչ գցում էի քննության նախորդ օրվան, իսկ հիմա մի քանի օր “նախապես”-ով եմ սկսում :ՃՃՃ

    • Ապրես, մի հատ խորհուրդ կտամ, եթե քննություն ես սովորում, այնպես արա,որ ընկերուհիդ էլ այդ նույն օրը սովորի և հարցեր տվեք իրար, այդպես կարող ես իմանալ ինչպես յուրացրեցիր և միևնույն ժամանակ պատասխանատվություն է առաջանում, որ հաջորդ օրը էլի կհանդիպեք, և պետք է պատրաստ լինես հարցերի: Իսկ վերջում կունենաս գերազանց արդյունք. սովորել ես նախապես, գիտես անգիր ամեն մանրուք, դարձել ես ավելի պատասխանատու: 🙂

      • Շնորհակալ եմ,, շատ արժեքավոր խորհուրդ էր, Գոհար ջան.. հավատա, մեր մոտ միշտ էդպես էլ ստացվում էր` առանց պայմանավորվածության 🙂 Ու դա պարապելու գերագույն ձևն է երևի :))))))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»