Հաջողության գաղտնիքներ

Լո՞ւրջ եք դուք, թե ոչ

Երբևէ մտածե՞լ եք` լուրջ մարդ եք դուք, թե ոչ: Իսկ ո՞վ է ընդհանրապես լուրջ մարդը: Երևի տեսած կլինեք մարդկանց, որոնք միշտ դեմքի լուրջ արտահայտությամբ են, նրանց հետ նույնիսկ «վախենում ես» խոսել, քեզ թվում է, որ նրանք ժամանակ էլ չունեն քեզ հետ խոսել: Լուրջ մարդը կարող է լինել կոստյումով, օձիքը պինդ ձգած կամ կարող է լինել ջինսով` կրկին «օձիքը պինդ ձգած»: Կան մարդիկ, ովքեր սիրում են լուրջ մարդկանց: Լուրջ մարդը նրանց համար «լուրջ է», ավելի պատասխանատու է և ավելի վճռական: Կան նաև մարդիկ, ովքեր չեն սիրում լուրջ մարդկանց, քանի որ նրանք չեն ժպտում, քիչ են կատակում, երբեմն իրենց երեխայի պես չեն պահում: Ի տարբերություն լուրջ մարդկանց կան նաև մարդիկ, որոնք լուրջ չեն: Հաճախ նրանք լուրջ հարցերին էլ են կատակով պատասխանում, ժպտում են այն ժամանակ, երբ պետք չէր ժպտալ, խոսում են այնպիսի թեմաներով, որոնք անլուրջ են և հագնվում են այնպես, որ կողքից տեսնող մարդը միանգամից կհասկանա` սա լուրջ մարդ չէ:

Ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք լուրջ են և տեսել եմ մարդկանց, որոնք լուրջ չեն: Եվ ամենակարևորը, որ ես հասկացել եմ, հետևյալն է` մարդը լուրջ է ոչ թե դեմքի արտահայտությամբ, հագնվելու ոճով կամ ձայնի տեմբրով, այլ իր գործերով: Հիշեք սա: Լուրջ մարդը լուրջ է իր գործերով: Կոստյում հագած տղամարդու կողքին կարող է լինել ջինսից շորտերով, սպորտային կոշիկներով ու երկար, հյուսված մազերով մի տղամարդ, որն ավելի լուրջ է, քան նա: Նա լուրջ է իր գործերով: Մարդու արտաքին տեսքն ինձ համար վաղուց արդեն նշանակություն չունի: Մարդու խոսքերն ինձ համար շատ մեծ նշանակություն չունեն: Ամենակարևորը` մարդու գործերն են: Մարդը կարող է լինել երեխայի պես, անտեղի ասել-խոսել-ուրախանալ, թռվռալ կամ բացականչել, բայց երբ նրա գործերը լուրջ են, մարդիկ կվերաբերվեն նրան որպես լուրջ մարդ: Իսկ երբ դու միշտ լուրջ ես, բայց այն, ինչ դու անում ես լուրջ չէ, ապա մարդիկ վերջիվերջո կհասկանան, որ դու լուրջ մարդ չես: Այնպես որ, եթե ուզում եք դառնալ լուրջ մարդ, եղեք լուրջ Ձեր գործերով, դա ոչ մի կապ չունի դեմքի արտահայտության հետ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»