Հաջողակ մարդիկ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը

Համաձայն Forbes ամսագրի՝ ամերիկացի հայտնի գրող Ջեյմս Պատերսոնը, որը համարվում է թրիլլերային վեպերի հայրը, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողն է, որի եկամուտը 2010թ-ի մայիսից մինչև 2011թ-ի ապրիլ կազմել է 84 մլն դոլար:

Մինչև աշխարհի ամենապահանջված գրողը դառնալը Ջեյմս Պատերսոնը աշխատում էր գովազդային ոլորտում: Այդ ժամանակ նրան դեռ հաջողվում էր համատեղել աշխատանքը ստեղծագործելու հետ: 1976թ-ին լույս է տեսնում նրա առաջին վեպը` «Թոմաս Բերրիմանի համարը», որը մինչ այդ մերժվել էր 26 հրատարակչությունների կողմից: Գիրքը միանգամից դառնում է բեսթսելեր և արժանանում է Էդգար Պոի մրցանակի` լավագույն դեբյուտային վեպ անվանակարգում (դեբյուտ — ստեղծագործողի առաջին ներկայանալը հասարակությանը):

1993թ-ին, երբ լույս է տեսնում նրա «Ահա և եկավ սարդը» վեպը, Պատերսոնը դառնում է Ամերիկայի ամենաճանաչված դետեկտիվ գրողներից մեկը: Իմիջիայլոց, հենց այս վեպում է նրա մոտ առաջին անգամ հայտնվում մեծ ճանաչում ձեռք բերած և ընթերցողների կողմից սիրված, հոգեբան և հետաքննության բյուրոի նախկին խուզարկու Ալեքս Կրոսսի կերպարը (Կրոսսի մասին գրքերը վերջին 10 տարիներին համարվում են ամենաշատ վաճառվողը Միացյալ Նահանգներում): 1996թ-ին Պատերսոնը որոշում է վերջնականորեն թողնել գովազդային ոլորտը և ամբողջովին նվիրվել ստեղծագործ աշխատանքին: Իր ստեղծագործելու 36 տարիների ընթացքում նա գրել է ավելի քան 80 վեպեր, 19 անգամ հայտնվել է «Նյու Յորք Թայմսի բեսթսելերների» առաջին հորիզոնականում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` միևնույն հեղինակի ունեցած ամենաշատ բեսթսելերների (76) քանակով: Այսօր նրա գրքերը վաճառվում են միլիոններով: Վերջին տարիների ընթացքում նա ավելի շատ գիրք է վաճառել, քան Սթիվեն Քինգը, Ջոն Գրիշեմը և Դեն Բրաունը միասին վերցված: Ընդհանուր առմամբ, նա վաճառել է իր գրքերի ավելի քան 260 մլն օրինակ:

Հ.Գ.
Ահա և ևս մի պատասխան այն մարդկանց, ովքեր հարցնում են. ինչո՞վ զբաղվել գումար աշխատելու համար: Զբաղվեք նրանով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում..

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»