Հաջողության գաղտնիքներ

Ինքնուրույնություն

Այս հոդվածում ուզում եմ խոսել ինքնուրույնության մասին` կյանքում ինքնուրույնություն, ինքնուրույն որոշումներ, խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն: Ավելի հասուն տարիքի մարդիկ, որոնք արդեն երկար ժամանակ է ունեն ընտանիք, երեխաներ, տուն, աշխատանք, ինքնուրույնություն կարծում եմ ունեն, քանի որ տարիներն իրենցն արդեն ասել են և այդ մարդիկ արդեն հղկվել են: Այս հոդվածն ավելի շատ վերաբերվում է դեռահաս-պատանի-երիտասարդ խմբին, որոնք նոր են մտնում կյանք:

Ինքնուրույն լինելը ոչ թե ապրելակերպ է կամ կենցաղային վիճակ, այլ գիտակցության վիճակ: Երբ երեխան դառնում է հասուն պատանի, ասենք անցնում է 20-ի սահմանը, նրա առջև երկու ճանապարհ է բացվում` շարունակել ապրել ծնողների հետ կամ առանձին (եկեք չդիտարկենք այն տարբերակը, երբ առանձին ապրելը հնարավոր չէ նյութապես, ֆինանսապես): Կան մարդիկ, որոնք ապրում են ծնողների հետ, բայց շատ ինքնուրույն են: Ավելին, նրանք հոգ են տանում իրենց ծնողների մասին, փորձում են իրենց վրա վերցնել հոգսերը, փորձում են իրենք լուծել խնդիրները: Նման մարդիկ կան նաև իմ շրջապատում և ես վստահ կարող եմ ասել, որ նրանք ինքնուրույն են: Բայց նման դեպքերն ավելի շատ բացառություն են: Հիմնականում, երիտասարդը դառնում է ինքնուրույն, երբ նա սկսում է առանձին ապրել: Ես ինքս մինչև 19 տարեկան ապրել եմ ծնողներիս հետ, իսկ վերջին 9 տարին ապրում եմ առանձին և կյանքում կայանալու առումով` տարբերությունն ինձ համար շատ մեծ է:

Որքան էլ դու փորձես ինքնուրույն լինել ընտանիքում, դա այն ինքնուրույնությունը չէ: Որքան էլ դու փորձես խնդիրներն ինքնուրույն լուծել, դու գիտես որ մեջքիդ կանգնած է հայրդ, առավոտյան մայրդ ուտելիք է պատրաստելու, քեզ տաք հագցնելու և ճանապարհ է դնելու, եթե ուշացար, անհանգստանալու է և զանգահարի, հարցնի` ամեն ինչ լա՞վ է, դու չես կարող մինչև կեսգիշեր գործերով զբաղվես, քանի որ տանը սպասող և անհանգստացող կա և այլն, և այլն: Ընտանիքում դու միշտ էլ «երեխա» ես մնում: Քո համար դժվար է իրականացնել քո բոլոր մտահաղացումները, ազատություն տալ երևակայությանդ, քանի որ վախենում ես. եթե սխալվեմ, ինչպե՞ս կվերաբերվեն դրան ծնողներս:

Իսկ առանձին ապրող մարդը, կարծում եմ, շատ ավելի արագ է հասունանում: Իհարկե, կրկին և կրկին, երբեմն ամեն ինչ կախված է մարդուց և նրա տեսակից, բայց եթե վերցնենք ընդհանուր առմամբ` դա այդպես է: Երբ առանձին ես ապրում, սկզբում դժվար է, քանի որ ամեն ինչ քո ուսերին է: Բայց դրան շատ արագ սովորում ես և հետո դու ես դառնում քո ճակատագիրը կերտողը: Ինչո՞ւ են ասում` բանակը տղային տղամարդ է դարձնում: Խոսքը միայն ծանր ֆիզիկական վարժությունների մասին չէ, այլ նրա, որ այդ տղան 2 տարի ինքնուրույն է ապրում, առանց ծնողների խնամքի և միայն ինքն է պատասխանատու իր կյանքի համար: Իսկ դա, իրոք, մարդուն հասուն է դարձնում մտածելակերպով:

Ամփոփելով թեման, ուզում եմ ասել, որ առանձին ապրել չի նշանակում ծնողներին քիչ սիրել կամ նրանց դավաճանել: Ես իմ ծնողներին շատ եմ սիրում և համոզված եմ, որ նրանց համար ավելին կարող եմ անել առանձին ապրելով: Ամեն դեպքում, եթե նրանք Ձեր կարիքն իրոք ունեն և առանց Ձեզ նրանց համար շատ դժվար կլինի, այդպես մի արեք: Սակայն, եթե դա այդպես չէ, առանձին ապրելը Ձեզ շատ կարող է օգնել կյանքում կայանալու հարցում: Ես ինքս պլանավորել եմ երեխաներիս դաստիարակեմ այնպես, որ կյանքի ինչ-որ փուլում նրանք ամբողջովին ինքնուրույն դառնան: Իհարկե, կարելի է հետևել նրանց կողքից, որպեսզի նրանք ճանապարհից չշեղվեն, բայց դա պետք է այնպես աննկատ անել, որ նրանք չզգան դա: Հետագայում նրանք շնորհակալ կլինեն իրենց ծնողներին ընձեռնված այդ ինքնուրույնության համար:

Ինքնուրույնությունը նվեր է մարդուն: Դա հնարավորություն է բացահայտել քո ամբողջ պոտենցիալը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

  • Ընտանիքում դու միշտ էլ երեխա ես մնում,,,համաձայն եմ այս մտքի հետ:Ես առանձ ծնողներիս և ընտանիքիս կյանքս չեմ պատկերացնում:Ինչքան էլ փորձեմ դառնալ ինքնուրույն միևնույն է միշտ էլ ծնողներիս կարիքը զգալու եմ,ինչքան էլ որ մեծ լինեմ:

    • Tathévik ջան դա շատ լավ է.. ամեն դեպքում առանձին ապրելը աղջիկների դեպքում շատ ավելի դժվար է, քան տղաների: Բայց դե մի օր ամուսնանալու եք 🙂

  • Luka ջան կարծում եմ այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել, քանի որ ինչպես նշել եք անձից շատ բան է կախված: Կարծում եմ անձի ձևավորման համար այդ առումով շատ կարևոր դեր է խաղում ուսումն ու աշխատանքը, համենայն դեպս իմ դեպքում այդպես է եղել … 🙂

  • Ինձ թնում ա, որ ծնողներից էլ շատ բան ա կախված:Եթե երեխային դաստիարակում են որպես իրանց երեխա, ապա լիարժեք ինուրույնության հասնելը դժվար ա: Իսկ հակառակ դեպքում, երբ երեխան դաստիարակվում ա որպես անհատ, նա ցանկացած միջավայրում մնում ա ինքնուրույն:

  • Luka ջան էս հոդվածը կարծես իմ սրտից էջերից գրած լինեիր: Ուղղակի մի բան կասեմ` ես Գյումրիից եմ և արդեն 3 տարի ապրում և սովորում եմ Երևանում(մենակ): Ու համոզված եմ, որ դա իմ կյանքին առաջին ամենակարևոր որոշումն էր: Եվ հասկացել եմ, որ հակառակ դեպքում ես չէի կարդա այս հոդվածը: Կարծում եմ հասկացաք ինչ ի նկատի ունեի: ))))))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»