Մտորումներ

Վերադարձ դեպի անցյալ

Այս հոդվածում ուզում եմ պատմել մի փոքրիկ զուգադիպության մասին: 1996թ-ին, երբ դեռ 12 տարեկան էի, ձեռքիս տակ եղած բլոկնոտի էջերով ու թղթերով մի գիրք էի կազմել և մեջը գրել էի իմ բանաստեղծություններից մի քանիսը: Հիշում եմ՝ ինչ հպարտությամբ էի ման գալիս, երբ ինձ նկարահանեց տեղի հետուստաընկերություններից մեկը 🙂 Երբ այս տարի հրատարակեցի իմ առաջին «Փոխիր կյանքդ» գիրքը, հանկարծ հիշեցի այդ առաջին «գրքիս» մասին: Իսկ զուգադիպությունը կայանում էր նրանում, որ գիրքը կոչվում էր «Կյանքը»:

Այդ մասին կրկին հիշեցի այսօր՝ դրանից 16 տարի անց, երբ ձեռքումս կրկին հայտնվեց այդ գիրքս և ուզեցա մտքերովս Ձեզ հետ էլ կիսվել: Ու քանի որ գրեցի, կթողնեմ նաև բանաստեղծություններիցս մի քանիսը:

Գիշերային կյանք

Վառ երազի մեջ ընկած,
Անհոգ պառկած էի քնած,
Պատշգամբում բացօթյա,
Մեկ էլ հանկարծ արթնացա:

Դեռ փայլում էր աստղը շողեր,
Քամին երգում գաղտնի երգեր,
Ու դուրս եկավ քնքուշ լուսին,
Բույր տարածեց շուշան փոշին:

Ձմեռ

Ձմեռվա կեսին, սառնամանիքին,
Թափվում էր ձյունը մեր տան տանիքին,
Փռել էր ձմեռը իր լայն թևերը,
Պարում էին օդում ձյան փաթիլները:

Եվ մի փոքր հումորային բանաստեղծություն 🙂

Իմ կյաժ եղբայր Տիգրանը

Իմ կյաժ եղբայր Տիգրանը,
Շատ է սիրում թարմ թանը,
Վզից գցես պարանը,
Չի մոռանա իր թանը:

Հայրս ասում է Տիգրանիկ,
Իմ անուշիկ լավ բալիկ,
Գնա ճարի քեզ կնիկ,
Հետո խմի թան մի տիկ:

Տիգրանն ասաց այ հայրիկ,
Ինչ եմ անում ես կնիկ,
Լավ է խաղանք տունտունիկ,
Հետո ուտենք պտպտիկ:

Այդ ժամանակ եղբայրս 6 տարեկան էր 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»