Հաջողության գաղտնիքներ

Գտեք Ձեզ ոգեշնչում

Շատ մարդիկ, որոնք օրվա ընթացքում իրենց անհանգիստ են զգում, դատարկ են զգում, չեն զգում կյանքի համը, չեն հասկանում, թե ինչի՞ց է դա: Գլխում խառը մտքեր. մտքեր, որոնք ոչ թե դու ես բերում քո գլուխ, այլ նրանք իրենք են գալիս տարբեր պայմաններից դրդված: Մտքերը չպետք է թողնել բախտի քմահաճույքին: Չպետք է թողնել, որ շրջապատն ու առօրյան լցնեն Ձեր ուղեղը: Դուք ինքներդ պետք է դասավորեք Ձեր մտքերը Ձեր գլխում` հատ-հատ, յուրաքանչյուրն առանձին վերլուծելով: Եթե այդ մտքերն եղան ճիշտ մտքեր, դուք Ձեզ երջանիկ կզգաք: Իսկ որպեսզի լցնեք Ձեր գլուխը «երջանկացնող» մտքերով, գտեք Ձեզ ոգեշնչում: Ի՞նչ է ոգեշնչումը: Ոգեշնչումն այն է, ինչի մասին մտածում ես օրվա մեծ մասը, ինչի մասին մտածում ես առաջին հերթին, երբ զարթնում ես, ինչի մասին մտածելիս սիրտդ արագ է խփում, ինչի մասին մտածելիս քեզ երջանիկ ես զգում: Ոգեշնչումն այն է, երբ ափսոսում ես քնել, քանի որ քնած ժամանակ չես կարող դրա մասին մտածել:

Դուք պետք է գտնեք այն, ինչը Ձեզ ոգեշնչում է: Չպետք է լինի այնպես, որ օրվա ընթացքում լինեն պահեր, երբ դուք չիմանաք, թե ինչի մասին մտածեք: Երբ կա ոգեշնչում, կյանքը տխուր չի թվում: Երբ կա ոգեշնչում, ուժերդ կրկնապատկվում, եռապատկվում, հարյուրապատկվում են: Ոգեշնչումը կարող է լինել մարդու տեսքով, կարող է լինել նպատակի տեսքով, կարող է լինել լավ արարքի տեսքով: Հասկացեք, ինչն է Ձեզ ոգեշնչում, ինչի մասին մտածելով եք դուք Ձեզ երջանիկ զգում: Եթե այդպիսի բան կա, կառչեք դրանից, բաց մի թողեք, պայմաններ ստեղծեք, որ դա միշտ պտտվի Ձեր գլխում: Եթե նման բան չկա, ուրեմն գտեք: Գտեք մի բան, որը Ձեզ կպոկի գետնից ու կբարձրացնի վերև:

Ընդհանրապես, ես հոդված գրում եմ այն ժամանակ, երբ հոդվածի նյութը զգում եմ: Այս պահին էլ ոգեշնչումն ինձ մոտ շատ մեծ է: Ինձ ոգեշնչում է կինս, որի կողքին ես ամենաերջանիկ մարդն եմ, ինձ ոգեշնչում են իմ գործերը` success.am-ում հոդված գրելը, truthly.me սոցիալական ցանցի աշխատանքները, արժեթղթերով զբաղվելը, առաջին գիրքս, հետագա գրքերը, և այլն, և այլն: Հասկանում եք` այդ ամենն ինձ երբեք չի թողնի, որ ես ինձ դժբախտ զգամ: Այդ ամենը փակում է քեզ մի մեծ պղպջակի մեջ, որտեղ դու երջանիկ ես: Դուք նույնպես պետք է Ձեզ համար կառուցեք Ձեր ոգեշնչման պղպջակը: Պղպջակ, ոչ թե վատ իմաստով, որ այն մի օր կպայթի, այլ այն, որ դուք դեպի Ձեզ կձգեք այն, ինչը Ձեզ ոգեշնչում է և դա միշտ Ձեր կողքին կլինի: Ոգեշնչված եղեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»