Հաջողության գաղտնիքներ

Մարդու թաքնված թշնամիները

Մարդու կյանքում կան թշնամիներ, որոնք բացահայտ են և կան թշնամիներ, որոնք թաքնված են: Թշնամիներ ասելով միանգամից մի հասկացեք մարդկանց: Ընդհակառակը, դուք պետք է այնպես անեք, որ մարդ-թշնամիներ երբեք չունենաք, այսինքն պետք է ձգտեք մարդկանց հետ շփման նման կատարելության: Թշնամիներ կարող են լինել ոչ մարդիկ: Թշնամի կարող է լինել հիվանդությունը, աղքատությունը, միայնությունը, ժամանակը, երբ ուշանում եք, հոգնածությունը, երբ ճանապարհի կեսին եք, կամ քաղցը, երբ կարևոր գործնական հանդիպման եք: Այս բոլոր թշնամիները բացահայտ են, այսինքն դուք գիտեք, որ հիվանդ եք, աղքատ, միայնակ, հոգնած կամ քաղցած: Սակայն կան թշնամիներ, որոնք ձեր կյանքում կան, բայց դուք դրանց մասին չգիտեք: Ավելի շուտ միգուցե գիտեք, բայց չգիտեք, որ դրանք ձեր թշնամիներն են:

Ալարկոտություն: Ալարկոտության հետևանքները մարդիկ միանգամից չեն զգում: Դուք հետաձգում եք ձեր գործերը վաղվան, ունեք մտքեր, բայց ալարում եք իրականացնել, պետք է հանդիպեք ընկերոջը, բայց ալարում եք տանից դուրս գալ: Այս ամենը միանգամից ձեզ չի հարվածում, բայց երբ նայում եք դրան երկարաժամկետ տեսանկյունից, ալարկոտությունը ձեզ ուղղակի ջախջախում է:

Անպատասխանատվություն: Այս թշնամին նույնպես իրեն միանգամից ցույց չի տալիս: Դուք մտածում եք. «դե ի՞նչ կինի, եթե չզանգեմ, կմոռանանք, կանցնի, կգնա», կամ «ես կեղտոտել եմ, թող ուրիշը մաքրի», կամ «ինչո՞ւ ես խնդիրը լուծեմ, տամ թող դասընկերս լուծի»: Եթե վերցնեք այս դեպքերից յուրաքանչյուրն առանձին, դրանք դժվար թե ձեր կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենան: Բայց եթե այս ամենին նայեք երկարաժամկետ տեսանկյունից, կտեսնեք, որ անպատասխանատվությունը նույնպես ջախջախում է ձեզ: Ինչո՞ւ: Որովհետև դուք դառնում եք «ոչ պատասխանատու» մարդ, իսկ «ոչ պատասխանատու» մարդիկ անպատասխանատու են նաև իրենց կյանքի նկատմամբ:

Շոու: Երևի ձեզ հետաքրքրեց. ալարկոտությունն ու անպատասխանատվությունը դեռ հասկացանք, իսկ ի՞նչ կապ ունի շոուն… Փորձեմ բացատրել: Ինչ-որ մեկը մանկական մեծ խաղահրապարակ է բացում: Խաղահրապարակն այնքան հայտնի է դառնում, որ այս մարդուն սկսում են հրավիրել տարբեր տեղերից: Մի օր հրավիրում են թաղապետարան՝ շնորհակալություն հայտնելու, հաջորդ օրը դպրոց՝ աշակերտների առջև ելույթ ունենալու, հետո հրավիրում են տարբեր կենտրոններ, հեռուստաընկերություններ, հարցազրույցներ, ելույթներ, սեմինարներ, օօ՜օ ինչ պատիվ, փառք, ճանաչում, բայց… Բայց չէ՞ որ ընդամենը այդ մեկ խաղահրապարակը վերջնական նպատակը չէր: Կարելի էր տասնյակ նման խաղահրապարակներ կառուցել և փառքը վայելել այն ժամանակ, երբ նպատակն ամբողջովին իրականացված լիներ: Չէ՞ որ երբ դառնում ես ՇՈՈՒ-ի մի մասը, մոռանում ես իրական նպատակիդ մասին, շոուն շլացնում է, իսկ նպատակը մնում է չիրականացված: Համոզված եմ, որ շատերը, ովքեր կարող էին կյանքում ՄԵԾ մարդ դառնալ, մնացել են միջին, բայց մի քիչ հայտնի մարդ միայն այն պատճառով, որ նրանց գրավել է ՇՈՈՒ-ն:

Ահա մի քանի թաքնված թշնամիներ, որոնք ազդում են մեր կյանքի վրա: Այս թշնամիների ազդեցությունը երբեմն այնքան փոքր չափաբաժիններով է, որ մենք միանգամից չենք նկատում դա: Հենց այդ պատճառով է, որ թաքնված թշնամիները հաճախ ավելի վտանգավոր են, քան բացահայտները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Շոուն շատ լավ ասեցիք, երևի հենց դա է այն ամենամեծ պատճառը, որ միշտ շեղում է հիմնական նպատակներից: Ինքը գրավիչ երևույթ է. մենք շուն ստեղծում ենք նրա համար, որ մարդկանց ցույց տանք, որ հասել ենք ինչ-որ մի բանի, որի մասին անվերջ երազում ենք, որը գրավիչ է, որը նպաստում է անձի դրական կերպարի ստեղծմանը, բայց իրականում ընդամենը դրա առաջին քայլն ենք անում: Եթե մեր գործողությունների առաջին քայլերը այդքան լայն արձագանք են ստանում, երևի արժի շարունակել այդ ճանապարհով՝ փոխելով տևական փառքը հարատև երջանկության հետ: Ու երբ շոուն արդեն պատրաստ է լինում, հենց դա էլ ծնում է ալարկոտությունը և անպատասխանատվությունը:
    Ես նույնպես շատ հաճախ դառնում եմ իմ ստեղծած շոուի զոհը, բայց փորձում եմ պայքարել դրա դեմ ամեն օր: Շոուն ընդամենը ներկայացում է, որ պետք է ինչ-որ տեղ ավարտվի, իսկ իրական գործը մնայուն է ու վստահ եմ, որ վերջինիս բերած պատիվը շատ ավելին է քան շոուինը.

  • Գոռ ջան, շատ լավ նկարագրել էիք, ավելի լավ, քան մենք կարող էինք: Հենց դա նկատի ունեինք այս հոդվածում: Այդ շոուն ու առաջին քայլը անելուց հետո հաղթանակի բերկրանքը չպետք է խանգարի հետագա քայլերին:

  • Իրականում շատ մարդիկ ձգտում են շոույի, քանի որ դրա միջոցով կարելի է ճանաչում ձեռք բերել և այսպիսով, տեղում դոփում են այնքան ժամանակ, մինչև մոռանում են իրեն…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»