Հաջողության գաղտնիքներ

Ես համոզվա՛ծ եմ

Եթե ինչ-որ բան եք որոշել, ասեք. «Ես համոզվա՛ծ եմ»: Երբ խառնվում են կասկածները, ամեն ինչ հօդս է ցնդում: Մարդուն ղեկավարում է երկու բան` իր ուղեղն ու իր սիրտը: Սրտին հրահանգներ չես կարող տալ. այն միշտ գործում է իր հայեցողությամբ: Սակայն ուղեղի հրահանգները մենք ենք տալիս: Այդ հրահանգներով ուղեղն առաջնորդվում է և իհարկե, շատ կարևոր է, թե ինչ հրահանգներ մենք դրան կտանք: Երևի արդեն գիտեք, որ հրահանգները մեր մտքերն են: Այսինքն, ինչի մասին մտածում ենք, ուղեղն ընդունում է, որ դա այն է, ինչ մենք ուզում ենք: Եթե մենք համոզված ենք ինչ-որ բանում, ուղեղն ասում է. «Հստակ հրահանգ է եկել, այս-այս բանը պետք է կատարվի»: Իսկ եթե կասկածում ենք, ուղեղի մոտ էլ են կասկածներ առաջանում՝ ճի՞շտ է արդոք հասկացել հրահանգը, պե՞տք է արդյոք դա կատարել, թե՞ պետք է սպասել ավելի հստակ հրահանգի:

Վերջապես չի կարող չէ՞ ուղեղը գործել լրիվ ինքնուրույն, այն մեր մարմնից առանձնացված չէ: Ինչ-որ կերպ մենք դրա վրա ներազդում ենք: Եթե հասկանաք սա, կսկսեք ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչ հրահանգներ եք ուղարկում դեպի ուղեղ: Իսկ ուղեղից շատ բան է կախված: Եթե չդիտարկենք մարմնի մյուս օրգանների կարևորությունը առողջության տեսանկյունից, կարելի է ասել՝ ուղեղից կախված է ամեն ինչ: Սիրտը սիրում է, կարեկցում է, կարոտում է, սակայն գործողությունների դրդում է ուղեղը: Սիրտը զգացմունքային է, ուղեղը՝ գործնական: Միշտ չէ այդպես, բայց հիմնականում այդպես է: Այդ պատճառով շատ կարևոր է համոզված լինել նրանում, ինչ դու պատրաստվում ես անել: Սկզբում միգուցե համոզմունքները լինում են անհիմն, դատարկության վրա հիմնված, սակայն եթե դու համոզված ես, այդ դատարկությունը քիչ-քիչ լցվում է: Դու ինքդ ես լցնում այն քո համոզված լինելով: Իսկ դա ամուր հիմք է դառնում հետագա քայլերի համար:

Ամեն ինչ շատ պարզ է. կաք դուք, կա աշխարհը և կա այն, ինչ պատրաստվում եք անել: Եթե դուք ձեզ չհավատաք, աշխարհը ձեզ չի հավատա: Այդ պատճառով, ինչ էլ որ անեք, ինչ էլ որ սիրտը թելադրի, ուղեղը թող ասի. ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • բավականին բարդ առաջադրանք է համոզված լինել երբեմն,էլ չեմ ասում միշտ,քանի որ մեր կասկածները անընդհատ հետապնդում են մեզ ու շատ հաճախ դառնում անհաջողության պատճառ,հուսով եմ ինձ կհաջողվի շրջանցել դրանք:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»