Հաճախ մենք զարթնում ենք անհանգիստ: Լինում է, որ օրվա ընթացքում էլ ենք անհանգիստ և նույնիսկ գիշերը, երբ պառկում ենք քնելու, անհանգիստ ենք: Անհանգստության պատճառը սովորաբար հետևյալն է. կա ինչ-որ իրավիճակ, որի մասին մենք մտածում ենք և որն այնքան էլ մեր սրտով չէ: Ու այդ իրավիճակն անընդհատ պտտվում է մեր գլխում ու մեզ հանգիստ չի տալիս: Անհանգստության պատճառները կարող են սկսվել մանրուքներից ու հասնել մինչև լուրջ պատճառներ: Օրինակ, դուք ուզում եք այդ օրն ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, բայց համարձակություն չեք գտնում: Այդ օրն այնքան եք մտածում այդ մասին, այնքան եք վերլուծում, թե ինչպես եք սկսելու, ինչ եք ասելու և այլն, և այլն, որ ողջ օրն ասես ասեղների վրա լինեք, Ձեզ հանգիստ չեք զգում: Կամ գիտեք, որ աշխատանքի վայրում այսօր Ձեզ նոր հանձնարարություն են տալու: Այնքան եք մտածում` հեշտ է լինելո՞ւ, կհասցնե՞մ արդյոք, գլուխ կհանե՞մ, որ դուք էլ չեք զգում, որ Ձեր մտածմունքներով Ձեզ ավելի եք խանգարում:
Անհանգստությունը պետք է հաղթահարել, դա միանշանակ է: Երբ անհանգստությունը երկար է տևում, դա վերածվում է ավելի լուրջ ինչ-որ բանի` սթրես, դեպրեսիա, հիվանդություն… Իսկ հաղթահարելու համար կտամ երկու խորհուրդ: Նախ, հասկացեք այն կոնկրետ իրավիճակը, որը Ձեզ անհանգստացնում է և փորձեք հասկանալ, թե ինչ կլինի այդ իրավիճակում վատագույն դեպքում: Սա շատ կարևոր է: Երբեմն իրավիճակի արդյունքը շատ ավելի թեթև կարող է լինել, քան այն մտածմունքներն ու տանջանքները, որոնց մենք մեզ ենթարկում ենք: Օրինակ, մենք պետք է գնանք ծանոթի տուն հյուր, բայց այդ օրը խիստ զբաղված ենք, ժամանակ չունենք: Ամբողջ օրը մտածում ենք, ինչ ենք անելու, ինչպես ենք ասելու, բայց վատագույն դեպքն այն է, որ կամ ծանոթին կբացատրենք, որ չենք կարող գալ, կամ պարզապես կգնանք նրանց տուն ու կփորձենք լավ ժամանակ անցկացնել: Այսինքն, երկու դեպքում էլ արդյունքն այնքան սարսափելի չէ, և արժանի չէ այն մտածմունքներին, որոնցով մենք մեզ տանջում ենք:
Եվ երկրորդը, երբ ինչ-որ բան մեզ անհանգստացնում է, մենք պետք է հասկանանք, որ կարող էր ավելի վատ լինել: Երբ ավելի վատ ինչ-որ իրավիճակ ես պատկերացնում, դեռ դու ես շնորհակալ լինում, որ այդպես ավարտվեց: Օրինակ, Ձեզ հրավիրել են հեռուստաընկերություն հարցազրույցի, որին դուք երկար ժամանակ սպասում էիք: Ոգևորված, ուրախացած դուրս եք եկել և շտապում եք հեռուստաընկերություն` րոպե առաջ երազելով այնտեղ լինել: Բայց ճանապարհին հանկարծ նկատում եք, որ Ձեր հագուստի վրա բիծ կա: Ու սկսում եք մտածել, անհանգստանալ. բոլորը դա տեսնելու են, Ձեր մասին ինչ կխոսեն, ինչ ամոթ է, և այլն, և այլն: Բայց այդ պահին պատկերացրեք, որ Ձեզ զանգահարում և ասում են, որ որոշել են Ձեր փոխարեն այլ մարդ հրավիրել, դուք այնքան էլ հարմար չեք: Վե՛րջ ոգևորությանը… Ինչը քիչ առաջ Ձեզ ուրախացնում էր, այլևս չկա: Ապա կրկին հիշեք, որ դուք դա պարզապես պատկերացրեցիք, և այդ ժամանակ դեռ ուրախ էլ կլինեք կեղտոտ հագուստով հարցազրույցի մասնակցելու 🙂
Հարցազրույցի օրինակը շաաաատ դուրս եկավ: Ավելի պատկերավոր հնարավոր չէր նկարագրել: Ինչպես ասում են "возьму на заметку": Շնորհակալություն.
Մերսի Հրաչուհի ջան 🙂
apreeeeeeek
:)))
Այնքան պարզ է, բայց մտքներովս չէր անցել: Շատ մերսի 🙂
Գոհար ջան ընդհանրապես նկատել եմ, որ միշտ էլ պարզ բաների մասին բարդ մտածելով ենք ամեն ինչ բարդացնում ու խառնում:
Իհարկե պետք է ամեն ինչին թեթեւ նայել.Շնորհակալություն!
Խնդրեմ 🙂