Հեղինակային առակներ

Դժգոհը.առակ

Անտոնը զարթնեց առավոտյան ժամը 7-ին: Մի կերպ ոտքի կանգնեց, ոտքով շոշափելով գտավ հողաթափերը, հագավ ու մտածեց. «Կրկին պետք է աշխատանքի գնամ… հոգնել եմ արդեն… հանգիստ կքնեի հիմա»: Մտավ բաղնիք, լվացվեց, արագ հագնվեց և գնաց խոհանոց, որպեսզի մեկ բաժակ թեյ խմի: Թեյը լցրեց, մի կում արեց ու մտածեց. «Համ չկա… այսինչ են թեյերը դարձրել, լավ չէ՞ր այն ժամանակները, երբ ամեն ինչ որակ ուներ»: Թեյը խմեց, վերցրեց դրամապանակը, կապեց ժամացույցը, անջատեց տան լույսերն ու դուրս եկավ: Հասավ ավտոբուսի կանգառ: 5 րոպե… 10 րոպե… ավտոբուսը չկար: Անտոնն անհանգիստ նայում էր ժամացույցին. «Այսինչ եղավ, էէէ, կրկին ուշանում է, հիմա հիմար տնօրենս էլի վրաս կխոսա»: Ավտոբուսը վերջապես «ժամանեց»: Անտոնը բարձրացավ, մարդկանց միջև մխրճվելով մի կերպ հասավ կենտրոն, այդ ընթացքում հասցրեց կանգնածներից մի քանի հոգու «թարս նայել», որոնք ասես չէին ուզում նրան ճանապարհ տալ: Ավտոբուսը շարժվեց: Վարորդը միացրեց երաժշտություն: «Այ քեզ անճաշակություն», — մտածեց Անտոնը, — «հիմա պետք է ստիպված սա լսե՞մ»:

Անտոնը հասավ աշխատանքի վայր: Աստիճաններով արագ վազեց վերև, մտավ աշխատասենյակ, անցավ իր սեղանի մոտ, նստեց ու խորը շունչ քաշեց: Նայեց սեղանի վրա դրված թղթերին: «Այս գործը վերջ չունի», — զայրույթից ատամները կրճտացրեց նա, — «ինչո՞ւ են ամեն ինչ ինձ վրա գցում, այսքան աշխատող կա…»: Մի կերպ անցկացրեց մինչև 19:00: Դուրս եկավ աշխատանքից, որոշեց մի քիչ զբոսնել: Փողոցում նկատեց տարօրինակ հագնված, բարձր խոսացող մի զույգ: «Ձե՞զ եք ցուցադրում», — մտածեց նա, — «մի սրանց հագածը նայեք, Եվրոպա ենք մտել, ինչ է…»: Քայլելուց հոգնեց, կրկին «տանջվեց» մինչև ավտոբուսի գալը, կրկին անճաշակ երաժշտություն, անտարբեր, անխելք մարդիկ… մինչև հասավ տուն: Մտավ տուն, ինչ-որ բան կերավ ու նստեց հեռուստացույցի առջև: Ալիքները փոխեց, փոխեց ու ինքն իրեն զայրացավ. «Ո՛չ մի նորմալ բան չկա նայելու, ինչ էլ կար` փչացրել են»: Անջատեց հեռուստացույցը, մոտեցավ պատուհանին ու 11-րդ հարկից նայեց դուրս: Բակում երեխաները ֆուտբոլ էին խաղում: «Կրկին աղմկելու են», — մտածեց նա, — «այս գիշեր էլ չեն թողնի քնենք: Տեսնե՞ս սրանց ծնողներն ինչի մասին են մտածում»: Անցավ երկու ժամ, Անտոնը անջատեց տան լույսերն ու պառկեց քնելու: Պառկած մտածում էր. «Տեսնես երբ է այս աշխարհն աշխարհ դառնալու, երբ են մարդիկ իրար հարգալից վերաբերվելու»: Այդպես մտածելով էլ քնեց… Քնելուց երազ տեսավ ու ծամծռված դեմքից կարելի էր ենթադրել, որ կրկին դժգոհ էր…

Թեթև նայեք կյանքին, մի դժգոհեք ամեն մի մանրուքից: Որքան շատ ես դժգոհում, այնքան շատ են դժգոհության պատճառներն աչքիդ ավելանում: Եթե ինչ-որ բանից դժգոհ ես` պարզապես փոխիր: Եթե չես կարողանում փոխել` դրա մասին մի մտածիր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • շատ ճիշտ ես Հրաչ ջան..նմանատիպ բողոքներով մարդիկ փչացնում են իրենց կյանքը…բայց ամենացավալին այն է,որ այս գիծը բնորոշ է գրեթե ողջ հայությանը……

    • Lara ջան ամբողջ աշխարհում էլ մարդկանց մեծ մասը հակված են դժգոհելու, ուղղակի մենք Հայաստանում ենք ապրում, Հայաստանինը գիտենք, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ դա մարդկանց մեծ մասի մոտ էլ կա` աշխարհի բոլոր ծայրերում:

      • Հրաչ ջան ուղղակի այս ամառ երկրից դուրս էի եկել և,ցավոք սրտի, երբ զբոսնում էի, ամբոխից հայերն առանձնում էին իրենց դժգոհ դեմքով……այլազգի ոչ մի ներկայացուցչի չէի տեսնում դժգոհ քայլելիս…..

        • Lara ջան մի քիչ թեմայից շեղվեմ 🙂 Եթե Հայաստանից դուրս եք եղել ու ամբոխի մեջ հայեր են եղել, ուրեմն ավելի հավանական է, որ կամ Վրաստանում եք եղել կամ ԱՄՆ-ում 🙂

          • գրեթե գուշակեցիք Հրաչ ջան..հիմնականում Ռուսաստանում եմ եղել և քիչ ժամանակով էլ Վրաստանում…..

          • Բայց Լարան ճիշտ է, իրոք մերոնք միշտ դժգոհ դեմքով են: Դա բոլորիս մեջ կա, որովհետև մեր մոտ ընդունված չի ժպտալով փողոցը անցնել, մարդիկ կմտածեն : Եվ հետաքրքիրն այն է, թե ով է ասել, որ դժգոհ մարդու դեմքն ավելի ընդունելի է, քան ժպտերես մարդկանցը:
            Եկեք վերջ տանք մեր սովորույթներին և ժպտանք դիմացինին և այդ ջերմությունը մեզ եռապատկված կփոխանցվի, վստահեցնում եմ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»