Անտոնը զարթնեց առավոտյան ժամը 7-ին: Մի կերպ ոտքի կանգնեց, ոտքով շոշափելով գտավ հողաթափերը, հագավ ու մտածեց. «Կրկին պետք է աշխատանքի գնամ… հոգնել եմ արդեն… հանգիստ կքնեի հիմա»: Մտավ բաղնիք, լվացվեց, արագ հագնվեց և գնաց խոհանոց, որպեսզի մեկ բաժակ թեյ խմի: Թեյը լցրեց, մի կում արեց ու մտածեց. «Համ չկա… այսինչ են թեյերը դարձրել, լավ չէ՞ր այն ժամանակները, երբ ամեն ինչ որակ ուներ»: Թեյը խմեց, վերցրեց դրամապանակը, կապեց ժամացույցը, անջատեց տան լույսերն ու դուրս եկավ: Հասավ ավտոբուսի կանգառ: 5 րոպե… 10 րոպե… ավտոբուսը չկար: Անտոնն անհանգիստ նայում էր ժամացույցին. «Այսինչ եղավ, էէէ, կրկին ուշանում է, հիմա հիմար տնօրենս էլի վրաս կխոսա»: Ավտոբուսը վերջապես «ժամանեց»: Անտոնը բարձրացավ, մարդկանց միջև մխրճվելով մի կերպ հասավ կենտրոն, այդ ընթացքում հասցրեց կանգնածներից մի քանի հոգու «թարս նայել», որոնք ասես չէին ուզում նրան ճանապարհ տալ: Ավտոբուսը շարժվեց: Վարորդը միացրեց երաժշտություն: «Այ քեզ անճաշակություն», — մտածեց Անտոնը, — «հիմա պետք է ստիպված սա լսե՞մ»:
Անտոնը հասավ աշխատանքի վայր: Աստիճաններով արագ վազեց վերև, մտավ աշխատասենյակ, անցավ իր սեղանի մոտ, նստեց ու խորը շունչ քաշեց: Նայեց սեղանի վրա դրված թղթերին: «Այս գործը վերջ չունի», — զայրույթից ատամները կրճտացրեց նա, — «ինչո՞ւ են ամեն ինչ ինձ վրա գցում, այսքան աշխատող կա…»: Մի կերպ անցկացրեց մինչև 19:00: Դուրս եկավ աշխատանքից, որոշեց մի քիչ զբոսնել: Փողոցում նկատեց տարօրինակ հագնված, բարձր խոսացող մի զույգ: «Ձե՞զ եք ցուցադրում», — մտածեց նա, — «մի սրանց հագածը նայեք, Եվրոպա ենք մտել, ինչ է…»: Քայլելուց հոգնեց, կրկին «տանջվեց» մինչև ավտոբուսի գալը, կրկին անճաշակ երաժշտություն, անտարբեր, անխելք մարդիկ… մինչև հասավ տուն: Մտավ տուն, ինչ-որ բան կերավ ու նստեց հեռուստացույցի առջև: Ալիքները փոխեց, փոխեց ու ինքն իրեն զայրացավ. «Ո՛չ մի նորմալ բան չկա նայելու, ինչ էլ կար` փչացրել են»: Անջատեց հեռուստացույցը, մոտեցավ պատուհանին ու 11-րդ հարկից նայեց դուրս: Բակում երեխաները ֆուտբոլ էին խաղում: «Կրկին աղմկելու են», — մտածեց նա, — «այս գիշեր էլ չեն թողնի քնենք: Տեսնե՞ս սրանց ծնողներն ինչի մասին են մտածում»: Անցավ երկու ժամ, Անտոնը անջատեց տան լույսերն ու պառկեց քնելու: Պառկած մտածում էր. «Տեսնես երբ է այս աշխարհն աշխարհ դառնալու, երբ են մարդիկ իրար հարգալից վերաբերվելու»: Այդպես մտածելով էլ քնեց… Քնելուց երազ տեսավ ու ծամծռված դեմքից կարելի էր ենթադրել, որ կրկին դժգոհ էր…
Թեթև նայեք կյանքին, մի դժգոհեք ամեն մի մանրուքից: Որքան շատ ես դժգոհում, այնքան շատ են դժգոհության պատճառներն աչքիդ ավելանում: Եթե ինչ-որ բանից դժգոհ ես` պարզապես փոխիր: Եթե չես կարողանում փոխել` դրա մասին մի մտածիր:
շատ ճիշտ ես Հրաչ ջան..նմանատիպ բողոքներով մարդիկ փչացնում են իրենց կյանքը…բայց ամենացավալին այն է,որ այս գիծը բնորոշ է գրեթե ողջ հայությանը……
Lara ջան ամբողջ աշխարհում էլ մարդկանց մեծ մասը հակված են դժգոհելու, ուղղակի մենք Հայաստանում ենք ապրում, Հայաստանինը գիտենք, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ դա մարդկանց մեծ մասի մոտ էլ կա` աշխարհի բոլոր ծայրերում:
Հրաչ ջան ուղղակի այս ամառ երկրից դուրս էի եկել և,ցավոք սրտի, երբ զբոսնում էի, ամբոխից հայերն առանձնում էին իրենց դժգոհ դեմքով……այլազգի ոչ մի ներկայացուցչի չէի տեսնում դժգոհ քայլելիս…..
Lara ջան մի քիչ թեմայից շեղվեմ 🙂 Եթե Հայաստանից դուրս եք եղել ու ամբոխի մեջ հայեր են եղել, ուրեմն ավելի հավանական է, որ կամ Վրաստանում եք եղել կամ ԱՄՆ-ում 🙂
գրեթե գուշակեցիք Հրաչ ջան..հիմնականում Ռուսաստանում եմ եղել և քիչ ժամանակով էլ Վրաստանում…..
Բայց Լարան ճիշտ է, իրոք մերոնք միշտ դժգոհ դեմքով են: Դա բոլորիս մեջ կա, որովհետև մեր մոտ ընդունված չի ժպտալով փողոցը անցնել, մարդիկ կմտածեն : Եվ հետաքրքիրն այն է, թե ով է ասել, որ դժգոհ մարդու դեմքն ավելի ընդունելի է, քան ժպտերես մարդկանցը:
Եկեք վերջ տանք մեր սովորույթներին և ժպտանք դիմացինին և այդ ջերմությունը մեզ եռապատկված կփոխանցվի, վստահեցնում եմ: