Հաջողության գաղտնիքներ

Ինչպես դառնալ լավատես. 9 խորհուրդ

Հեղինակ Demetra

Աշխարհը լավատեսներինն է, վատատեսներն այնտեղ միայն դիտորդներ են…

Մեզանից շատերն իրենց համարում են աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկը և կյանքը տեսնում են միայն սև գույներով: Սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք մեզ տանջում են, բայց իրականում դրանք հիմնավոր չեն: Դրանցից ազատվելու ամենահեշտ եղանակը աշխարհին այլ աչքերով նայելն է: Ահա մի քանի խորհուրդներ.

1. Մի՛ չափազանցրեք այն, ինչ կատարվում է ձեր շուրջը կամ ձեզ հետ: Ասենք հարևանուհին կոպիտ խոսեց ձեզ հետ, մի մարդ ձեզ լավ չնայեց, կամ հիմա ձեր ձեռքը ցավում է: Դրանցից և ոչ մեկը մահացու չեն: Մարդիկ ավելի մեծ խնդիրների առջև են կանգնում, քան դուք. ծանր, մահացու  հիվանդություն, ավտովթար, աշխատանքից հեռացում, ամուսնալուծություն և վերջապես մտերիմ մարդու կորուստ: Եվ այսքանից հետո կասեք, որ ձեր կյանքը դժբախտություններո՞վ է լեցուն:

2. Մի՛ դրեք «պիտակներ»: Կան մարդիկ, ովքեր քննադատում են ամեն մեկին և առհասարակ ամեն ինչ: Իշխանությունը վատն է, վաճառողները թալանում են,  բժիշկներն ու չինովնիկները կաշառակեր են, հարևաններն անտանելի են, իսկ բարեկամները` չարակամ:

Մի՛ նայեք մոլորակին և ձեր շրջապատին նեղ շրջանակով և միգուցե ձեր կյանքում ուրախության նոր պահեր ի հայտ գան:

3.  Իդեալներ մի՛ փնտրեք: Մեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ տառապում ենք իդեալական աշխատանք չգտնելու, ընտանիքի ու գործընկերների հետ իդեալական հարաբերություններ չունենալու և այլնի համար: Իդեալ կարելի է փնտրել ողջ կյանքի ընթացքում և այդպես էլ չգտնել: Օրինակ, աշխարհում շատ միայնակ մարդիկ կան, ովքեր ցանկացել են գտնել իրենց արքայազնին կամ արքայադստերը ու այդպես էլ չեն գտել:

Սովորեք ուրախանալ այն ամենով, ինչ ունեք:

4. Մի՛ ամբողջականացրեք ձեր անհաջողությունները: Եթե դուք մեկ, երկու կամ թեկուզ երեք անգամ անհաջողության եք մատնվել աշխատանքում կամ անձնական կյանքում, ապա պետք չէ մտածել, որ դուք անհաջողակի մեկն եք: Արժե վերլուծել անհաջողությունների պատճառները և դրանց այլ կերպ նայել: Հնարավոր է, անհաջողությունների պատճառը ձեր վերաբերմունքն է կամ վարքագիծը:

Գտեք հաջողության հասնելու նոր միջոցներ: Չի բացառվում, որ այս անգամ ձեր ջանքերը կարդարացվեն:

5. Մի՛ ակնկալեք վատը: Եթե անընդհատ սպասելու եք, որ հիմա կհիվանդանաք, կկորցնեք աշխատանքը կամ ամուսինը կլքի ձեզ, ապա վաղ թե ուշ այդ ամենը կիրականանա:

Դուք կարող եք այնպես անել, որ ձեր կյանքը լեցուն լինի միայն դրական երևույթներով:

6. Մի՛ արեք շտապ հետևություններ: Օրինակ, փողոցում հանդիպել եք ձեր ծանոթներից մեկին և նա ձեզ չի բարևել: Այդ պահին ձեզ թվաց, որ նա ավելի հպարտ է դարձել և ձեզ տեսնելու ցանկություն չունի: Բայց հնարավոր է պարզապես մարդու տրամադրությունն է վատ, կամ նա մտքերով տարված է և դրա համար ձեզ չի նկատել: Իսկ դուք շտապեցիք հետևություններ անել…

7. Մի՛ ստեղծեք կանոններ, որոնց պետք է հետևեն բոլոր մարդիկ: Իրոք, մեզանից շատերը ստեղծում են կանոններ և քննադատում մարդկանց` ըստ իրենց կանոնների: Բայց մարդիկ, իհարկե, չեն համապատասխանում դրանց: Արդյունքում մենք ապրում ենք հիասթափություններ:

Պետք չէ մտածել, թե ով և ինչպես պետք է ապրի: Հավատացեք, այդպես ձեր կյանքն ավելի կհեշտանա:

8. Սրտին մոտ մի՛ ընդունեք ուրիշի անտարբերությունը ձեր հանդեպ: Ձեզ կարող է թվալ, որ մարդիկ ձեր հանդեպ անտարբեր են, այն դեպքում, երբ նրանք ուղղակի զբաղված են իրենց սեփական գործերով և այդ պահին չեն մտածում ձեր մասին, այնպես, ինչպես և դուք:

Սովորեք շնորհակալ լինել ամեն մի ուշադրության համար, որը ստանում եք ձեր ընկերներից, հարազատներից կամ գործընկերներից: Երբ ձեզ թվում է, թե այդ մարդը պետք է մտածեր ձեր մասին, հիշեք, որ ոչ ոք ձեզ ոչինչ պարտավոր չէ:

9. Մի՛ ապրեք անցյալով: Ինչո՞ւ անընդհատ քրքրել անցյալը և ապրել նրանով, եթե կարող եք ստեղծել փայլուն ներկա ու մտածել ավելի վառ ապագայի մասին: Ինչքան հաճախ հիշեք անցյալի ձեր թերացումները, սխալները, այնքան ավելի կծանրացնեք ձեր կյանքը ներկայում: Ազատվեք անցյալի ցավ պատճառող հուշերից, գտեք դրականը ներկայում և պլաններ կազմեք ապագայի համար` առանց հետ նայելու:

Լավատես եղեք սիրելիներս և կտեսնեք, որ կյանքը գունավոր հեքիաթի է նման:

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»