Հաջողության գաղտնիքներ

Խնդի՞ր… Ո՛չ: ԼՈՒԾՈՒՄ

Աշխատավարձդ չեն բարձրացնո՞ւմ: Մի՛ բողոքիր տնօրենիցդ, աշխատանքդ փոխիր: Ամուսինդ ծեծո՞ւմ է: Մի՛ բողոքիր ամուսնուցդ, բաժանվիր նրանից: Գե՞ր ես: Մի՛ գանգատվիր ընկերուհիներիդ, թե ինչ գեր ես դու, քիչ կեր ու դիետա պահիր: Գումարներդ չեն բավականացնո՞ւմ: Մի՛ բողոքիր կյանքից, գնա և գումար աշխատելու նոր եղանակ գտիր: Մեքենադ ջարդե՞լ ես ավտովթարի ժամանակ: Մի՛ լացիր ջարդված մեքենայի վրա, մտածիր թե ինչպես նոր մեքենա ձեռք բերել: Ընկերներդ քեզ իրենցից հեռու են պահո՞ւմ: Մի՛ միայնակ նստիր տանը և ընկճվիր, մտածիր թե ինչը քեզ մեջ փոխել: Հերիք է լացել, ընկճվել, ինքդ քեզ տանջել, տառապել: Հերիք է խնդրի վրա կենտրոնանալ: Ոչ ոք քո տառապանքներին ուշադրություն չի դարձնի: ԼՈՒԾՄԱՆ վրա կենտրոնացիր: Քեզ լուծումն է պետք, այլ ոչ թե խնդիրը:

Չի՞ ստացվում խնդրի մասին չմտածել: Այնպես արա, որ ստացվի: Չստացվելը լուծում չէ: Փոխիր մտածելակերպդ, ղեկավարիր զգացմունքներդ, քո ուղեղն է, քո մտքերը, ուրիշ ո՞վ պետք է դրանք ղեկավարի: Քեզ դո՞ւր է գալիս, երբ քեզ խղճում են: Ինձ էլ է դուր գալիս, բոլորին էլ դուր է գալիս, ինչպես փոքր երեխային է դուր գալիս, երբ իրեն խղճում են ծնողները: Բայց խղճանքը լուծում չէ, խղճանքը խնդրի խորացումն է, խղճանքը հիշեցումն է, որ դու խնդիր ունես: Իսկ քեզ պետք չէ հիշել, որ դու խնդիր ունես: Քեզ լուծումն է պետք:

Երբ ասում եմ պետք է լուծման մասին մտածել և խնդրի մասին չհիշել, շատերը երևի մտածում են. «Եթե լուծման մասին ես մտածում, կոնկրետ ինչ-որ խնդրի լուծման, ապա ինչպես խնդրի մասին չհիշե՞ս»: Իսկ ի՞նչ եք անում դուք, երբ սոված եք: Հաց եք ուտում: Ուտելիս դուք մտածո՞ւմ եք սովածության մասին: Կարծում եմ ոչ, դուք վայելում եք ուտելիքը, իսկ սովածությունն արդեն անցյալում է:

Երբ խնդրի եք հանդիպում, մոռացեք խնդիրը և հաճույք ստացեք լուծումից…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»