Մարդկանց հետ շփում

Կարողացեք ներել սխալները

Վերջին մի քանի տարում իմ բնավորության մեջ շատ բան է փոխվել: Այդ փոփոխություններին հատ-հատ չեմ անդրադառնա, այլ կխոսեմ դրանցից մեկի մասին` ներել մարդկանց սխալները: Հենց սկզբից այստեղ երկակիություն կա: Ի՞նչ է նշանակում «մարդկանց սխալները»: Սովորաբար ինչ-որ բան, ինչն անում է դիմացինը, բայց մենք չենք հասկանում կամ լավագույն դեպքում հասկանում ենք, բայց գիտակցում ենք, որ դա պետք չէր անել և անվանում ենք «սխալ»: Նախ, ես սովորել եմ ներել մարդկանց «սխալները», քանի որ նույնիսկ այն դեպքերում, երբ ես 100%-ով համոզված եմ, ես համոզված չեմ, որ սխալը նրանք են: Մենք սովորաբար ենթագիտակցորեն փորձում ենք ինքներս մեզ արդարացնել, չտեսնել մեր սեփական սխալները, ներկայացնել ամեն ինչ մեր տեսանկյունից` չմտնելով դիմացինի մաշկի մեջ: Այդ պատճառով, ամեն անգամ, երբ ինչ-որ սխալ լինել-չլինելու հարց է ծագում, ինքս ինձ ասում եմ. «Միգուցե սխալը դու ես, ուղղակի ուղեղդ այնքան մթագնած է, որ չես հասկանում: Եթե դու հիմա նայիր քեզ կողքից, միգուցե տպավորությունը բոլորովին ա՞յլ լիներ…»: Եվ ցանկացած իրավիճակում, որքան էլ բարկացած կամ նյարդայնացած լինեմ, դա չի տևում 10 րոպեից ավելի, այդ ընթացքում հասցնում եմ «ուշքի գալ», գիտակցությունս մաքրել և սկսում եմ դիմացինին արդարացնելու միջոցներ փնտրել:

Երկրորդ պատճառն այն է, որ ես ինքս էլ հաճախ «սխալներ» թույլ տալիս եմ: Ում մոտ չի լինում, երբ ինչ-որ բան ես ասում, հետո երբ արդեն ասել վերջացրել ես, գլխիդ ես տալիս. «Ինչ հիմարն եմ ես, ինչպե՞ս կարող էի նման բան ասել»: Կամ ինչ-որ բան ես անում, հետո զգում ես, որ դրանով դիմացինին վնասեցիր, բայց անելու պահին դա չէիր հասկանում: Եվ պատկերացրեք, եթե այդ սխալներից հետո մարդիկ մեզ չկարողանային ներել: Ինչպես մենք մեզ կզգայինք: Եվ այդ ամենը հասկանալով` ես չեմ կարող քննադատաբար վերաբերվել այլ մարդկանց սխալներին, չեմ կարող նրանց մեղադրել, չներել, որովհետև այդ ամենը իմ մեջ էլ կա, բոլորիս մեջ էլ կա: Պետք է պարզապես կարողանալ ներել մարդկանց սխալները, երկրորդ շանս տալ, երրորդ, չորրորդ: Մարդուն ներելով` դուք նրան ավելի լավն եք դարձնում:

Հ.Գ. Խնդրում եմ երկու բան հաշվի առնել: Ներել չի նշանակում միջոցներ չձեռնարկել: Ներել նշանակում է մարդուց չնեղանալ, նրա հանդեպ վատ չտրամադրվել ու մաքուր հոգով և պարզ գիտակցությամբ միջոցներ ձեռնարկել 🙂 Եվ երկրորդը, ներելու համար պետք չէ բարձրաձայնել. «Ես քեզ ներոոոոոոոո՜ւմ եմ»: Ներում են մտքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Հրաչ ջան անդրադարձել էս «Մտածել սիրող» մարդկանց թույլ կողմերից մեկին.
    «Չկա պատերազմում ավելի Սարսափելի բան, քան հասկանալը. Հասկանալ` նշանակում է ներել» — Ասել է Նապոլեոն Բոնապարտը
    Այսօրվա մեր «Քաղաքակիրթ» աշխարհում «պատերազմ»-ների դասին կարելի է վերագրել նաև գրագետ կոնֆլիկտային իրավիճակները, ամենատարբեր տեսակի մրցակցություններ… մի խոսքով շաատ իրավիճակներ, որոնց դրդապատճառներն ու ընթացքը ոչնչով չեն զիջում պատերազմական-ներին:
    Հասկանալ, ներել, զգալ սեփական բարիությունն ու մեծահոգությունը հաճելի է, ճիշտ է…
    Բայց իմ կարծիքով այդ ամենը ճիտ է այն դեպքում, երբ այդ ամենը անում ենք Չմոռանալով, որ.
    1) Մարդը իր էությամբ շահամոլ Արարած է, և մարդու բոլոր գործողությունները՝ լինեն դրանք ճիշտ թէ սխալ, հետապնդում են ինչ-որ շահ.
    2) Մենք նույնպես մարդ ենք:))
    3) Ամենա կարևոր կետերից, որին հանդիպել եմ քո գրառումներում Հրաչ ջան. Ինչպես ասում է մեր դարի ամենահաջողակ մարդկանցից մեկը՝ Բիլլ Գեյթսը. «Կյանքն անարդար է- Համակերպվեք»
    Մի խոսքով, կյանքում ինչը մեզ բավարարվածություն է պարգևում պետք է ունենա իր հակադեղը, որոշակի հակադրություն, այլապես այն միանգամից վերածվում է թուլության և հենց այդպես էլ ընկալվում:
    Կամ հակառակ հերթականությամբ:)

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»