Ժամանակի կառավարում

Ինչու է թռչում ժամանակը և ինչպես անել, որ այն չթռչի

Այս արտահայտությունները կարծում եմ բազմիցս լսած կլինեք` «ժամանակը թռչում է», «ոնց որ երեկ լիներ», «արդեն մի տարի անցա՞վ»: Միգուցե դուք ինքնե՞րդ երբեմն այդպես եք ասում: Նման զգացողությունները ես շատ լավ հասկանում եմ, քանի որ ինքս բազմիցս զգացել և ապրել եմ դա: Սակայն վերջին տարիները, հատկապես վերջին մեկ տարին, անկեղծորեն, ինձ համար ոչ միայն «չեն թռչել», այլ անցել են շատ դանդաղ և հագեցած: Դանդաղ ոչ թե նրա համար, որ ձանձրալի էր, այլ հակառակը` ժամանակը հաճույք էր պատճառում: Ես հասկացա, որ միևնույն ժամանակը հնարավոր է ավելի երկար ապրել: Այսինքն, մեկ օրը կարելի է ապրել ինչպես մի քանի ժամ, կարելի է՝ ինչպես մի քանի օր: Հետաքրքրե՞ց: Հիմա կբացեմ գաղտնիքը:

Ուզում եմ ուշադիր կարդաք և լավ հիշեք այս միտքը. որպեսզի «ժամանակը չթռչի», դուք պետք է ամեն օր ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ անեք: Իրականում սա շատ պարզ բանաձև է, բայց շատ արդյունավետ: Հիմնականում «ժամանակը թռչում» է այն մարդկանց մոտ, ովքեր անում են շատ բան, բայց քիչ կարևոր բան: Իսկ թե ինչն է կարևոր, ինչը ոչ, դա ձեզ ոչ ոք չպետք է հուշի: Յուրաքանչյուր մարդ ինքը շատ լավ զգում է, թե երբ է նա կարևոր բան անում: Միայն հիշեք` կենտրոնացեք օրվա վրա: Ոչ թե շաբաթվա, ամսվա կամ տարվա, այլ ՕՐՎԱ: Եթե օրվա ընթացքում կարևոր բան չեք արել, այդ օրը դուք «սպանել եք»: Եթե չեք պատկերացնում, թե ինչ ԿԱՐԵՎՈՐ բան կարող եք անել օրվա ընթացքում, ապա ՇՏԱՊ ՇՏԱՊ ՇՏԱՊ փոխեք ձեր առօրյան, կյանքը, աշխատանքը, շրջապատը, միևնույնն է ինչը, միայն թե եկեք այնպիսի վիճակի, որ զգաք, որ կարևոր բաներ ունեք անելու:

Եթե սկսեք օրվա ընթացքում` առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 12-ը, գոնե մեկ կարևոր բան անել կամ անել թեկուզ երկու օրը մեկ անգամ, ապա կզգաք, թե ինչքան հագեցած ու դանդաղ է անցնում ձեր ժամանակը: Դուք կսկսեք սիրել ժամանակը, կսկսեք զգալ ժամանակը, զգալ կյանքը, զգալ ձեր տեղը կյանքում: Իսկ օրվա ընթացքում արված կարևոր բաները ձեզ թռիչք կապահովեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան բան արած կլինեք մեկ տարվա ընթացքում: Երբ ես ինձ հիշում եմ մեկ տարի առաջ և հիմա, հասկանում եմ, թե ինչքան բան եմ հասցրել անել: Դրանից ես ինձ շատ լավ եմ զգում, ավելի վստահ եմ զգում: Եվ ուզում եմ, որ դուք նույնպես զգաք դա: Եվ անպայման կզգաք, միայն թե չմոռանաք գլխավորը` ամեն օր կարևոր բան արեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»