Ամերիկյան՝ սուրճի խանութների և սրճարանների խոշորագույն ցանցն ունեցող Starbucks ընկերությունը հայտարարել է թեյի վաճառքով զբաղվող Teavana Holdings ընկերության ձեռքբերման մասին: Գործարքի գումարը կազմելու է 620 միլիոն դոլար: Teavana-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց Starbucks-ը կվճարի 15,5 դոլար, որը 54 տոկոսով ավելին է ընկերության բաժնետոմսերի շուկայական գնից: Գործարքի մասին նորությունն ի հայտ գալուց հետո Teavana-ի բաժնետոմսերի գինն աճել է 52,5 տոկոսով՝ դառնալով 15,45 դոլար: Դրան ընդհակառակ՝ Starbucks-ի բաժնետոմսերի գինը Nasdaq ֆոնդային բորսայում ընկել է 2,9 տոկոսով՝ մինչև 48,87 դոլար:
Teavana ընկերությանն են պատկանում 300 թեյի խանութներ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում, որոնք որպես կանոն տեղակայված են խոշոր առևտրային կենտրոններում: Ընկերության տեսականին կազմում է մոտ 100 տեսակի թեյ:
Starbucks-ը ողջ աշխարհում ունի մոտ 19 հազար սրճարաններ և սուրճի խանութներ: Վերջին ժամանակներս այն փորձում է ընդլայնել իր տեսականին և բիզնեսը: Հատկանշական է, որ իր առաջին գնումը նա կատարել է դեռ 1999թ-ին՝ ձեռք բերելով Tazo թեյի խանութների և թեյարանների ցանցը: Գործարքի գումարը կազմել էր 8,1 միլիոն դոլար (այսօր թեյի բիզնեսն ապահովում է Starbucks-ին տարեկան մոտ 1 միլիարդ դոլարի վաճառքներ): Starbucks-ին են պատկանում նաև Evolution Fresh հյութերը, որն ընկերությունը ձեռք էր բերել անցյալ տարի 30 միլիոն դոլարով և Bay Bread ընկերությունը՝ գնված արդեն այս տարի 100 միլիոն դոլարով: