Օգտակար խորհուրդներ

Ինչով զբաղվել ձմռանը

Գիտեմ, որ շատ մարդիկ չեն սիրում ձմեռը, քանի որ ձմռանը ցուրտ է, պետք է տաք հագնվես, տանից քիչ դուրս գաս, օրը շուտ է մթնում և այլն, և այլն: Բայց եթե դուք Հաջողության բլոգի ընթերցող եք, դուք պետք է սիրեք ցանկացած եղանակ, ժամ և վայրկյան, քանի որ կյանքում յուրաքանչյուր ակնթարթն իր գեղեցկությունն ունի: Օրինակ, գիտեի՞ք արդյոք, որ գիտնականները պարզել են, որ ձմռանը թթվածնի պարունակությունը օդում 10-15%-ով ավելին է, քան ամռանը, հետևաբար ձմռան զբոսանքը շատ օգտակար է առողջությանը: Այդ պատճառով է նաև, որ ձմռանը խարույկներն ավելի ուժեղ և պայծառ են վառվում:

Եվ դա առաջին բանն է, որ ձմռանը կարելի է անել` պարզապես զբոսնել: Ձմեռը նաև տարբեր զբաղմունքներ է «առաջարկում» տարբեր բնավորության տեր մարդկանց: Եթե դուք սիրում եք ակտիվ հանգիստ, ապա ձմռանն անպայման գնացեք Ծաղկաձոր դահուկ քշելու: Երեք տարի առաջ էր, որ առաջին անգամ դահուկ քշեցի և դա մի ուրիշ զգացում էր, որ երբևէ չէի զգացել: Այս տարի նույնպես անպայման գնալու ենք` դահուկ, ճոպանուղի, տաք թեյ: Իսկ եթե ձմռանը սիրում եք տանն անցկացնել, ապա ձմեռը հիանալի ժամանակ է գիրք կարդալու և ֆիլմեր դիտելու համար: Երևի կհամաձայնվեք` տաք տանը գիրք կարդալն իրոք հաճույք է: Իսկ քանի որ ձմեռը նաև Նոր տարին է, ապա ձմռանը մթնոլորտն ավելի է բարիանում, կարելի է դիտել ամանորյա և ոչ ամանորյա հետաքրքիր ֆիլմեր: Ես մինչև հիմա էլ հաճույքով դիտում եմ «Միայնակ տանը» ֆիմը` չնայած դա մեր մանկության ֆիլմերից էր:

Ձմռանը ամենուր երևում են եղևնիներ, գեղեցիկ զարդարված տոնածառեր, լույսեր, մի խոսքով` ինչ-որ հեքիաթային մթնոլորտ է: Ձմռանը, հատկապես դեկտեմբերին, հիանալի ժամանակ է ավելորդ իրերից և մտքերից ազատվելու համար: Առանց ափսոսալու ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ: Նոր տարին սկսեք «մաքուր»` նոր մտքերով, նոր գաղափարներով, նոր պլաններով: Տեսնո՞ւմ եք` ինչքան բան կարելի է անել ձմռանը, պետք չէ վերաբերվել դրան ընդամենը որպես ցուրտ եղանակի: Եթե ձեր ներսում ջերմություն կա, ապա այն կտաքացնի ձեզ նաև դրսից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»