Մտորումներ

Ուզում եմ սովորել

Մենք սովորում ենք կյանքի դպրոցում, որտեղ մեր ուսուցիչները ժամանակն ու մարդիկ են: Այնքան բան ունենք սովորելու և ավելի քիչ ժամանակ՝ դրանք կիրառելու համար:
Մարդիկ ու բնությունը հիանալի ուսուցիչներ են, իսկ մեզ մնում է լինել կարգապահ աշակերտներ: Այս հոդվածը նման է ցանկությունների մատյանի, որտեղ ներկայացված է այն ամենը՝ ինչը ես ուզում եմ սովորել: Գրառման մեջ ամփոփված է իմ ունեցած կենսափորձը, համոզմունքները կյանքի ու հաջողության մասին:

Երբ երազում ենք, աշխարհը թվում է դրախտային պարտեզ, որտեղ կյանքն ապրելու վայելքն է: Ուզում եմ իրականության բույրով լցնել պարտեզի դրախտը:
Տառապանքն ապրեցնող հույսերի մոռացումն է, իսկ երջանկությունը՝ այրող ցավերի: Ուզում եմ սովորել երջանիկ լինելու հրե կախարդանքը: Երբեմն աշնանային թախիծը պարուրում է մարդու հոգին և նվագում գարնանային արևոտ մեղեդի: Ուզում եմ սովորել զգացմունքների անձրևով ջրել սիրտս, որպեսզի դառնամ արվեստագետ:
Երաժշտությունը բացում է մեր մտքի ու երևակայության դռները: Ուզում եմ երևակայության ուժով վառել իրականության լույսերը:

Մեծ մարդիկ իրենք են լաց լինում, իսկ փոքրոգիներն ուրիշներին են ստիպում արտասվել: Ուզում եմ սովորել մեծ մարդ դառնալու կանոնները:
Երբեմն վազում ենք լայնարձակ դաշտերով և տրորում անուշիկ ծաղիկներին, որոնք ուզում էին ժպտալ մեր դեմքին: Ուզում եմ սովորել գլուխ խոնարհել, որպեսզի շնչեմ ծաղիկների բույրն ու կարողանամ գտնել արահետը: Մարդասերը յուրաքանչյուրի մեջ տեսնում է իրեն, իսկ եսասերն իր մեջ ամփոփում է ողջ աշխարհը: Ուզում եմ սովորել մարդասիրության բարեխիղճ լեզուն, որպեսզի երկիրը փոխեմ դեպի լավը:

Լուսաբացին դժվարությամբ ենք արթնանում, քանի որ նիրհում ենք երազների քաղցրությամբ: Ուզում եմ սովորել արթնացումի վայելքը, որպեսզի այն դառնա ավելի սիրելի, քան քունը:
Երբեմն մեզ հիասթափված ենք զգում և հոգնած՝ կյանքի բարդություններից: Ուզում եմ ընդունել ինձ շրջապատող իրականությունը, որպեսզի տիրապետեմ ապրելու արվեստին: Կյանքի ուղին քարքարոտ է, լի՝ անդունդներով ու խորունկ ձորերով: Ուզում եմ անկումն ընդունել որպես հերթական թռիչքի սկիզբ, որպեսզի նորից բարձրանամ:

Ուժեղ մարդկանց համար անցողիկ են նպատակին հասնելու դժվարությունները: Ուզում եմ սովորել ուժեղ լինել:
Ձախողումը գործած սխալներն ուղղելու հնարավորությունն է: Ուզում եմ սովորել դասեր քաղել անհաջողություններից, որպեսզի իմ ուղեկիցը լինի հաջողությունը:
Կյանքը խնդրի ու լուծման հանգուցակետն է: Ուզում եմ սովորել խնդրի ակունքները գտնելու իմաստությունը, որպեսզի լուծեմ այն:

Երբեմն սպասում ենք մեկին, ով կպարզի մեզ իր օգնության ձեռքը: Ուզում եմ սովորել ինքս պարզել ձեռքերս, որպեսզի զգամ դիմացինի ափերի ջերմությունը:
Հոգու խորքում վախենում ենք, որ մեր ընկերներն ու բարեկամները մի օր կարող են հեռանալ մեզնից: Ուզում եմ վախենալ ինքս ինձ լքելու մտքից, որպեսզի երբեք միայնակ չլինեմ:
Աշխատասիրությունը հնարավորություն է, իսկ ալարկոտությունը՝ սահմանափակում: Ուզում եմ սովորել գործելու արագությունը, որպեսզի արդյունքը շոշափելի լինի:

Երկրի վրա դժվար չէ անել միայն այն՝ ինչն ավելի հեշտ է թվում: Ուզում եմ սովորել դժվարությունների միջով անցնելու քաջությունը, որպեսզի կոփեմ միտքս ու մարմինս:
Մենք երազում ենք, որ աշխարհը կատարյալ լինի: Ուզում եմ սովորել իմ անկատար լինելու ճշմարտությունը, որպեսզի բացահայտեմ, որ աշխարհի բնույթը նման է մարդկային էությանը:
Մարդկանց հետ անկեղծանալով, մտածում ենք բարձրաձայն. ոսկին թանկ է գնահատվում, որովհետև ազնիվ մետաղ է: Ուզում եմ սովորել լուսաշող ազնվության ոսկեղեն պարզությունը: Գիտելիքը ոչ թե մեր սովորած, այլ հիշողության մեջ պահպանած տեղեկատվությունն է: Ուզում եմ սովորել հիշողությունն ամրացնելու հնարքները, որպեսզի ինձ հետ լինեն անցյալի փայլուն էջերը:

Խելացի մարդիկ շարունակ սովորում են, իսկ հիմարները կարծում են, որ իրենք արդեն ամեն ինչ գիտեն:
Ուզում եմ սովորել այն արժեքավոր դասը, որն ասում է՝ սովորի՛ր:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

17 մեկնաբանություն

    • Աշոտ ջան, Ձեզ նույնպես շնորհակալ եմ:
      Դուք ճիշտ եք. երկուսն էլ փիլիսոփայական ուղղվածություն ունեն (մարդկանց, կյանքի ու հաջողության մասին) և գրված են նույն ոճով: Յուրաքանչյուր հեղինակ գրում է իր ոճով, որով էլ ձևավորում է իր անհատականությունը: Սակայն այս գրառումն «Արժե ապրել» հոդվածի նյութից տարբերվում է իր գաղափարով և բովանդակությամբ:

  • Այնքան գեղեցիկ է, բառերն ավելորդ են, պետք միայն զգալ, գիտակցել այն ինչ գրել եք Ալլա ջան: Անչափ շնորհակալ եմ, հրաշք մտքեր էին:

    • Շատ մերսի, Գայանե ջան: Բարձր գնահատականներ շռայլելը խոսում է Ձեր մեծահոգության մասին:
      Հաճելի է, որ գրածս ընկալվում և խորհելու տեղիք է տալիս:

  • Ալլա ջան տեսնում եք ինչ լավ եք ընդունվում ընթերցողի կողմից, նշանակում է գրելու տաղանդ ունեք, ես համոզված եմ, որ ապագա մեծ հեքիաթասացի, առակագրի, լեգենդագրի հետ ենք մենք հիմա շփվում:

    • Հրաչ ջան, շատ եք ոգևորում, մերսի:
      Ես էլ եմ հավատում, որ մի օր հասնելու եմ իմ նպատակներին:
      Կարծում եմ հաջողության բլոգի շուրջը համախմբված յուրաքանչյուր մարդ արդեն իսկ հաջողության ճանապարհին է և գուցե տարիներ անց մենք լսենք նրանց մասին:

  • Ալլա ջան, պիտի խոստովանեմ… Ես, սկսած ինչ-որ ժամանակից, սկսեցի գիտակցաբար թե անգիտակցաբար “Հաջողության բլոգի” բոլոր հոդվածների մեկնաբանություններում փնտրել Ձեր խոսքը…որը նկատելի է, առանձնացող, հոդվածն ամբողջացնող…
    Ես հաճույքով կարդում եմ մյուս հեղինակների գործերն էլ, այդ իսկ պատճառով մի անգամ մեկնաբանություններում այս անկեղծ խոստովանությունը գրելուց հետո, չգիտեմ ինչու, չթողեցի…ավելի ճիշտ թողեցի “իմ մոտ”: Ուզում եմ ասել` ինքնատիպ ու հարուստ է Ձեր մտածողության շտեմարանը, նաև` շատ գեղեցիկ, պատշաճորեն զարդարված…

    Թեև վերջերս համակարգչի առաջ անցկացվելիք ժամանակ գրեթե չի մնում, միևնույն է` չէի կարող չարտահայտել հիացմունքս ու խոնարհումս դեպի Ձեզ, Ձեր հոգին…

    Հ.Գ. Շատ կցանկանայի գտնել Ձեզ ՖԲ-ում, թեկուզ միմիայն ընկերներ լինելու և Ձեր մտքերի թարմացումներին հետևելու… եթե ցանկանաք, Դուք կարող եք գտնել ինձ: Այդպիսով ինձ մեծ պատիվ կմատուցեք:

    • Հասմիկ ջան, շատ զգացված ու շոյված եմ Ձեր անկեղծ խոսքերից: Այնքան հուսադրող բառեր եք գրել, որի համար անչափ շնորհակալ եմ:
      Ես գրանցված եմ եղել տարբեր սոց. կայքերում, այդ թվում՝ նաև Ֆեյսբուքում: Ինձ համար նույնպես շատ հաճելի կլիներ , բայց իմ ֆեյսբուքյան էջն այժմ դատարկ է: Արդեն մի քանի ամիս է, որ չեմ այցելել: Երբ որոշեմ օգտվել ֆեյսբուքից, ես կգտնեմ Ձեզ:
      Հուսով եմ, որ հետագայում հաղորդակցվելու և մտքեր փոխանակելու բազմաթիվ առիթներ կունենանք: Այսօր Հաջողության բլոգի տիրույթը ևս ընձեռում է մեզ այդ հնարավորությունը:

  • ..anchap shnorhakalutyun ays hodvaci hamar, hoyakap er! Amen or mi nor ban em sovorum, ev miajamanak haskanum em, te there inchqaan baner unem sovorelu… Es there shaaat angamner petq e kardam ays hodvac@, vor SOVOREM ayn amenn inch grvac e. Ev verjapes, sovorem nman kerp gexecik hayerenov xosel u mtqers artahaytel))) Shnorhakalutyun:)

    • Անի ջան, շատ շնորհակալ եմ ուշադրության և ջերմ խոսքերի համար: Մենք կարող ենք շարունակ սովորել միայն այն ժամանակ, երբ ընդունենք, որ կյանքի մասին մեր ունեցած պատկերացումները մի կաթիլ են գիտելիքի ծովում:

  • Ես նոր եմ գտել ձեր էջը և արդեն գտել եմ ինձ շատ անհանգստացնող հարցերի պատասխանները ,շնորհակալութուն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար ,շատ հետաքրքիր է ես միշտ կհետևեմ այս էջին

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»