2013 թվականը մոտենում է: 2012-ը կարծում եմ շատերս անցկացրեցինք լուրջ փոփոխություններով: Փոփոխություններ ոչ միայն ֆիզիկական և նյութական, այլև հոգեկան և մտածելակերպի: Այն, ինչի հիմքը դրեցինք այս տարի, պետք է շարունակենք և զարգացնենք մյուս տարի: 2012-ից կվերցնենք մեզ հետ ամենալավ օրերը, հիշողությունները, փորձը, լավ մարդկանց հետ ծանոթությունները, նոր գիտելիքները, այսինքն այն ամենը, ինչը «վաստակել ենք»: 2013-ը առջևում է… Մեկ տարին բավական երկար ժամանակահատված է գործելու, փոփոխություններ մտցնելու, ավելի հաջողակ ու երջանիկ դառնալու համար: 2013-ին եկեք մտածենք միայն 2013-ի մասին: Նկատի ունեմ, որքան էլ որ երկարաժամկետ պլաններ լինեն, որ 5 տարուց սա կանենք, 10 տարուց սա կլինի, ներկան ու իրականը՝ ընթացիկ տարին է: Փորձենք տեղավորվել այդ մեկ տարվա մեջ: Փոխենք մեզ այնպես, որ անհրաժեշտ չլինեն երկար ժամանակ և շատ միջոցներ նպատակներն իրագործելու համար: Մեր միջոցները` մեր ձեռքի տակ եղածն է` այն, ինչ մենք արդեն ունեք, մեր ժամանակը` մեկ տարի:
Ի՞նչ կապ ուներ այստեղ փիղը 🙂 Մի քանի ամիս առաջ զրուցում էի մի աղջկա հետ: Նա արդեն 7 տարի է, ինչ աշխատում էր նույն ընկերությունում: Եվ չնայած, որ արդեն 27 տարեկան էր` երբեք Հայաստանից դուրս չէր եկել: Նա ասում էր, որ հույս էլ չուներ, որ մի օր կարող է ինքնաթիռ նստել կամ այլ երկրում հայտնվել: Բայց բախտը նրան ժպտացել էր, ինչ-որ մրցույթում նա ուղևորություն էր շահել` Չինաստան, Հնդկաստան կամ Թաիլանդ: Նա ընտրել էր Հնդկաստանը: Ավելի ուշ նա պատմում էր, որ երբեք չէր հավատա, որ իր հետ կարող է նման բան տեղի ունենալ: Նա 10 օր անցկացրել էր Հնդկաստանում, ապա մեծ տպավորություններով հետ վերադարձել: Երբ հարցրեցի նրան, թե ինչն էր նրա մեջ ամենից շատ տպավորվել, նա ասաց՝ փիղը: Նա երբեք փիղ չէր տեսել և չէր էլ պատկերացնում, որ մի օր կարող է շոշափել այդ հսկա կենդանուն: Նա այնքան էր սովորել իր առօրյային, որ նրա համար փիղ տեսնելը՝ մեծ փոփոխություն էր: Եվ նա Հնդկաստանից վերադարձել էր բոլորովին այլ մարդ: Նա ասում էր, որ մինչ այդ երբեք չէր ձգտել մեծ փոփոխությունների, որ եղածին այնքան էր սովորել, որ իր աշխարհը սահմանափակվում էր այդքանով: Բայց նա արդեն տեսել էր ավելի մեծ աշխարհը, ավելի լայն հնարավորությունները և դա նրան փոխել էր:
Ինչո՞ւ պատմեցի այս պատմությունը: Որովհետև մեզանից շատերն ինչ-որ տեղ նման են այդ աղջկան: Հաճախ մենք չենք ձգտում մեծ փոփոխությունների, բայց ինչո՞ւ: Թող 2013 թվականը բոլորիս համար լինի մեծ փոփոխությունների տարի:
Ամմմեն