Մարդկանց հետ շփում

Ինչն է մեզ նյարդայնացնում այլ մարդկանց մեջ

Մեզ շրջապատում են տարբեր տեսակի մարդիկ, իրոք տարբեր: Նրանց մի մասի կողքին գտնվելիս մենք մեզ հարմարավետ ենք զգում և չենք լարվում, բայց կան նաև մարդիկ, որոնց մեջ մեզ ինչ-որ բաներ նյարդայնացնում են. «նա միշտ ուշանում է հանդիպումներից», «նա երբեք չի կատարում իր խոստումները», «նա չի կարողանում պարզ ու հստակ պատասխան տալ հարցերիս», «նա շատ դանդաղ է ուտում», «նա սկսում է ծիծաղել ամենաանհարմար պահերին», «նա չունի պատասխանատվության զգացում», «նա միայն իր մասին է մտածում», «նա խլում է իմ ժամանակը», «նա փնթի է», «նա շատ է խոսում», «նրան միշտ ինձանից ինչ-որ բան է պետք»: Սրանք պատճառներից մի քանիսն են, որոնք կարող են նյարդայնացնել մարդուն այլ մարդու մեջ: Ինձ նույնպես երբեմն ինչ-որ մարդկանց մեջ ինչ-որ բաներ նյարդայնացնում են, բայց ես մի բան եմ հասկացել, որը թույլ է տալիս աշխատել ինձ վրա` փոխարենը նյարդայնանալու: Խնդրում եմ հիշեք սա.

Մեզ նյարդայնացնում են ոչ թե կոնկրետ գծեր, այլ այն գծերը, որոնցով մարդիկ տարբերվում են մեզանից: Արագաշարժ մարդուն նյարդայնացնում են դանդաղաշարժները, հիմարին` խելոքները (եվ հակառակը), շատ խոսողին` քիչ խոսողները, իրեն հետևողին` փնթիները: Մենք ուզում ենք, որ մեզ շրջապատող մարդիկ մեզ պես լինեն: Մենք ունեն բնավորության մեր գծերը և դրանք «ճիշտ են»: Եվ երբ ուրիշներն ինչ-ինչ գծերով տարբերվում են մեզանից, դա սկսում է մեզ նյարդայնացնել` եթե ոչ միանգամից, ապա ժամանակի ընթացքում:

Այս հոդվածի նպատակն այն չէ, որ «եկեք ոչ մեկի վրա չնյարդայնանանք». միևնույնն է դա չի լինի: Նպատակն այն է, որ երբ մենք ինչ-որ մեկի վրա նյարդայնանում ենք, թեկուզ մի փոքր ուշ, երբ տանը մենակ ենք և մտածելու ժամանակ ունենք, գիտակցենք, որ պատճառը միայն այն է, որ այդ մարդը մեզանից տարբերվում է, իսկ մենք սպասում էինք, որ նա մեզ պես պետք է լինի: Լավ է այդ տարբերվելը, թե վատ, դա ուրիշ հարց է: Գխավորը՝ նյարդայնանալու պատճառը հասկանալն է: Իսկ երբ հասկանանք դա, դա կստիպի մեզ ամեն անգամ մտածել, երբ ինչ-որ մեկի վրա նյարդայնանում ենք: Եվ երբեմն մենք մեր մտքում կասենք. «դե մարդ է հիմա, ինչ անեմ, ընդունեմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • եկեք խոստովանենք, որ երբեմն այդ տարբերությունները կարող են նաև մեզ հիացնել, ստիպել մեզ հասկանալ, ոի մենք մարդկային ամենաճիշտ տեսակը չենք, մեզանից լավերն էլ կան, որոնք կարող են մեզ համար օրինակ ծառայել… 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»