Բանկեր Բիզնես և ֆինանսներ

Բանկերը նույնպես վարկ են վերցնում

Հարգելի ընթերցող, ժամանակ առ ժամանակ փորձելու եմ ներկայացնել ֆինանսական գիտելիքներ, որոնք սկզբում միգուցե թվա, որ ձեզ պետք չեն, բայց իրականում այդ ամենը դուք կարող եք օգտագործել կյանքում` անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում: Այսօր խոսելու ենք վերաֆինանսավորման տոկոսի (տոկոսադրույքի) մասին: Բարդ է հնչում, այնպես չէ՞: Մեր` հասարակ մարդկանց, ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսը: Իրականում պետք է, երբ մենք ավանդ ենք դնում կամ վարկ ենք վերցնում: Այդ կապը կհասկանաք ավելի ուշ, իսկ հիմա հասկանանք, թե ինչ տոկոսադրույք է դա:

Միգուցե ձեզ համար զարմանալի թվա, բայց բանկերը, որոնք սովորաբար իրենք են վարկ տալիս, նաև վերցնում են վարկ: Վարկը նրանք վերցնում են երկրի գլխավոր բանկից` Կենտրոնական բանկից, որը հանդիսանում է պետության ներկայացուցիչը ֆինանսավարկային ոլորտում և հսկում է այն: Իսկ ի՞նչ տոկոսադրույքով է Կենտրոնական բանկը վարկ տալիս մյուս բանկերին (առևտրային): Հենց այդ տոկոսն էլ անվանում են վերաֆինանսավորման տոկոս: Այս պահին վերաֆինանսավորման տոկոսը Հայաստանում 8 է: Դուք միշտ կարող եք տեսնել վերաֆինանսավորման տոկոսը Կենտրոնական բանկի կայքում` աջ սյունակի ամենավերևում:

Վերաֆինանսավորման տոկոսը դիտարկվում է Կենտրոնական բանկի կողմից տարեկան մի քանի անգամ (կոնկրետ Հայաստանում` ամեն ամիս): Այդ տոկոսի փոփոխությունն ազդում է մի շարք գործոնների վրա, ինչը զգում ենք նաև մենք մեր առօրյայում: Վերաֆինանսավորման տոկոսը կարող է աճել, նվազել կամ մնալ անփոփոխ: Երբ այդ տոկոսն աճում է, այսինքն բանկերին ավելի մեծ տոկոսով է վարկ տրվում, բանկերն ավելի քիչ են վարկ վերցնում (տրամաբանական է` ինչպես մարդկանց դեպքում): Երբ բանկը քիչ է վարկ վերցնում, նա նաև քիչ է վարկ տալիս (սովորաբար), քանի որ այդ պահին նրա փողը քիչ է: Երբ բանկը քիչ է վարկ տալիս (կամ պարզապես բարձր տոկոսով է տալիս), մարդկանց մոտ եղած փողը նույնպես պակասում է, այսինքն ընդհանուր երկրում փողը պակասում է: Երբ փողը պակասում է, դրա արժեքը մեծանում է (նույնպես տրամաբանական է: Ցանկացած ապրանք, որը քիչ է, բայց մարդկանց պետք է, ունի բարձր գին): Դրանք այսպես կոչված «թանկ փողերն են»: Այսինքն, վերաֆինանսավորման տոկոսի բարձրացումը բերում է երկրում փողի քանակի նվազմանը և արդյունքում` դրա գնի թանկացմանը:

Դա անմիջականորեն ազդում է գնաճի վրա (ինչպես և հակառակը), այսինքն գնաճի տոկոսը նվազում է: Փորձենք սա հասկանալ: Ե՞րբ են գներն աճում: Երբ փողը երկրում շատանում է, մարդկանց մոտ ավելի շատ փող է հայտնվում և հետևաբար՝ երեկվա 20 000 դրամանոց ապրանքը մարդիկ այսօր արդեն չեն վաճառի 20 000 դրամով, այլ կվաճառեն, ասենք, 22 000 դրամով: Իսկ երբ երկրում փողը քիչ է (հետևաբար՝ փողի արժեքն ավելի մեծ է), ապա գներն այդպես արագ չեն աճում կամ չեն աճում ընդհանրապես (ինչ-որ ժամանակ): Փաստորեն, վերաֆինանսավորման տոկոսի բարձրացումը բերում է գնաճի տեմպերի դանդաղեցմանը: Բայց դա հարվածում է բիզնեսին, քանի որ երբ փողն ընդհանուր պակասում է և բանկերն ավելի մեծ տոկոսով են վարկ տալիս, ընկերությունների փողը նույնպես պակասում է (կամ կարելի է ասել չի աճում այն տեմպերով, որով կաճեր ցածր տոկոսի դեպքում): Իսկ դա ուղեկցվում է հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա, եթե վերաֆինանսավորման տոկոսն աճում է: Իսկ եթե այն նվազում է, տեղի է ունենում լրիվ հակառակը: Բանկերն ավելի փոքր տոկոսով են վարկ վերցնում, ավելի շատ են վերցնում, ավելի շատ են տալիս (քանի որ իրենք էլ են փոքր տոկոսով տալիս), մարդիկ ավելի շատ են վարկ վերցնում, փողն ընդհանուր շատանում է, դրա գինն արժեզրկվում է և հետևաբար՝ գնաճի տոկոսն աճում է: Փաստորեն, վերաֆինանսավորման տոկոսը բարձրացնելով կամ իջեցնելով պետությունը կարող է ինչ-որ ժամանակահատվածում հնարավորինս կանխել գնաճը կամ զարկ տալ բիզնեսի/տնտեսության զարգացմանը:

Վերաֆինանսավորման տոկոսը նաև ուղղակիորեն ազդում է բանկերում վարկային և ավանդային տոկոսադրույքների վրա: Եթե վերաֆինանսավորման տոկոսը նվազում է, նվազում են նաև այդ երկու տոկոսադրույքները (պետք է որ նվազեն), քանի որ, նախ, եթե բանկը ցածր տոկոսով է փող վերցնում, նա ցածր տոկոսով է այդ փողը տալիս մարդկանց, և երկրորդը՝ փոքրանում է բանկի կախվածությունը ավանդային գումարներից, քանի որ նա ավելի հարմար պայմաններով գումար կարող է ստանալ Կենտրոնական բանկից, հետևաբար՝ նվազում են նաև ավանդների տոկոսները: Եվ հակառակը, եթե աճում է վերաֆինանսավորման տոկոսը, ապա աճում են բանկերի վարկային և ավանդային տոկոսադրույքները և դա, կարծում եմ, արդեն հասկանալի է:

Իհարկե, ես փորձեցի ընդհանուր ներկայացնել վերաֆինանսավորման տոկոսի դերն ու ազդեցությունը ողջ աշխարհում: Բայց առանձին դեպքերում, տարբեր գործոններից կախված, այս տրամաբանությունը կարող է փոխվել: Կարող են լինել այլ գործոններ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել: Բայց որպեսզի հերթով հասկանանք դրանք, պետք է սկսենք պարզից: Ընդհանուր, պատկերացրեք գրված նյութը, հասկացեք տրամաբանությունը և հետագայում՝ ավելի հեշտ կլինի հասկանալ մնացածը: Եվ վերջում, նայեք հոդվածի նկարին: Վերաֆինանսավորման տոկոսը մեզ պետք է այնքանով, որ դրա փոփոխություններն առաջացնում են տարբեր «ալիքներ», իսկ մենք զգում ենք հենց այդ «ալիքները»:

Հ.Գ.
Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել կամ թերի եմ գրել, խնդրում եմ լրացնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

  • Ողջույն: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման օգտակար հոդվածի համար: Ես Ձեր հոդվածում գտա ժամանակին ինձ շատ հետաքրքրող հարցերի պատասխաններ: Սակայն քանի որ ինքս մասնագիտությամբ ֆինանսական ոլորտից չեմ, ուստի շատ բաններից տեղյակ չեմ: Այդուհանդերձ կցանկանայի իմանալ վերաֆինանսավորման ամենացածր, միջին և բարձր տոկոսը որքա՞ն է լինում սովորաբար:

    • Lina ջան խնդրեմ 🙂
      Սահմանափակումներ չկան, նվազագույնը 0 է (մի շարք երկրներում, օրինակ Ճապոնիայում, 0 եղել է, հիմա կարծեմ 0.1 է), ԱՄՆ-ում այժմ 0-1 տիրույթում է, Ռուսաստանում՝ 8.25: Կարող է լինել ասենք 50: Նման թիվ եղել է նաև Հայաստանում 98-99թթ-ին: Կոնկրետ Հայաստանի դեպքում պատմությունը կարող եք տեսնել այստեղ:

  • Մանրակրկիտ ձևով բացատրված է, ավելացնելու բան չկա: Այնքան խտացված ու բովանադակալից է, որ կարծում եմ շարքային քաղաքացին, որն անտեղյակ է տնտեսագիտական տերմիններից, կամ բանկերի աշխատանքից, հիմա կարողացավ ընկալել ամենակարևոր գործոններից մեկի` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության կարևորությունը:
    Շնորհակալություն հոդվածի համար 🙂

  • Շնորհակալություն։ Բովանդակալից հոդված է։
    Սկսում ենք ծանոթանալ կենտրոնական բանկի տերմիններին))))

  • Ete kareli e mi harc….Es sovorum em ayjm u shat hpancik enq ancel konkret KB I verafinansavorman mas@ uxxaki mez asvel e vor verafinansavorman tokosadruyq@ 12 tokos e nerkayums bayc inqs hamzveci vor ayn 8 e, isk nerqevum trvac er bankayin tokosi hashvarkayin druyq@ kar trvac, vor@ 12 er ,,,, ays erku cucanishneri tarberutyun@ karox eiq asel u ete hnaravor e dranc hashvarkman mexanizmner@ unpes…..Ev iharke shat shnorhakalutyun hodvaci hamar hastat karox em asel vor dasaxosnerics aveli qi4 informacia em stanum qan dzer mi qani hodvacic…Shnorhakalutyun))).

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»