Տնտեսություն

Ինչից սկսել բիզնես գաղափարի իրականացումը

Հեղինակ Davit

Ունենալ բիզնես գաղափար` սկզբի համար շատ կարևոր է, սակայն գաղափարն իրականություն դարձնելը պահանջում է մի շարք գործողություններ, առանց որոնց այն չի կարող իրականանալ: Խոսքից գործին անցնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին խորությամբ ուսումնասիրել այն պետության տնտեսությունը, որտեղ պատրաստվում եք իրականացնել ձեր գաղափարը: Որպեսզի ճիշտ ուսումնասիրեք տնտեսությունը, նախ պետք է պատկերացում ունենաք տնտեսության մասին ընդհանրապես:

Տնտեսագիտություն ուսումնասիրում են գրեթե բոլորը` սկսած դպրոցից, բայց շատերը վերաբերվում են դրան ինչպես մյուս առարկաներին: Նույնիսկ ուսումնասիրելու դեպքում հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել տնտեսության մասին, քանի որ տնտեսությունը պետք է լավ հասկանալ ավելի շատ  գործնական ճանապարհով, քան տեսական:

Տնտեսությունը գործնականորեն ուսումնասիրելու համար պետք է անընդհատ հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին և պարտադիր չէ դա անել բիզնես գաղափարը ծագելուց հետո: Տնտեսությունն ավելի հեշտ հասկանալու ամենապարզ մեթոդը դրա համեմատությունն է ընտանիքի հետ: Պետությունները, ինչպես և ընտանիքները, ունեն ֆինանսական ելքեր և մուտքեր (բյուջե), անդամներ, ռեսուրսներ և որոշակի կանոններ, որոնք հատուկ են միայն տվյալ պետությանը: Գործարարի խնդիրն է նախ և առաջ համոզվել` արդյո՞ք երկրում առկա միջավայրը հնարավորություն կտա կյանքի կոչել բիզնես գաղափարը կամ արդյո՞ք կան բավարար ռեսուրսներ բիզնեսն իրականացնելու համար:

Ցանկացած տնտեսություն ունի իր առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են տվյալ ժողովրդի մենթալիտետով, որը նույնպես պետք է ուսումնասիրել: Սկսնակ գործարարի դասական սխալները գալիս են հենց տնտեսության թերի ուսումնասիրությունից: Բերեմ մի քանի տարածված օրինակներ.

Շատ շատերը սկսում են բիզնես միայն նրա համար, քանի որ հարևանների կամ բարեկամների կարծիքով այն կենսունակ է: Երբեք պետք չէ գայթակղվել նման գաղափարներով: Պետք է հիշել, որ «խորհրդատուներից» շատերը հնարավոր է տարրական պատկերացում չունեն բիզնեսի մասին, այլ ուղղակի տեսնելով միջավայրի հաջողակ մարդկանց` նրանց մոտ ձևավորվել է սխալ կարծիք բիզնեսի մասին: Դասական սխալներից է նաև այնպիսի բիզնեսի հիմնումը, որով շատերն են զբաղվում` հաշվի չառնելով, որ ցանկացած ապրանք շատ արտադրելու դեպքում հնարավոր է դրա գնանկում, եթե պետությունը չունի տվյալ արտադրանքի արտահանման հնարավորություն (կան ապրանքատեսակներ, որոնց արտահանումը ձեռնտու չէ կամ չունի սպառում միջազգային շուկայում):

Ամենակարևորը` ցանկացած բիզնես գաղափար պետք է համապատասխանեցնել պետության տնտեսական ներուժին: Պետք է ուսումնասիրել բիզնես միջավայրը, հասկանալ` արդյո՞ք հստակ են գործում օրենքները, թե որոշ հարցեր լուծվում են անօրինական ճանապարհով: Պատահում են դեպքեր, երբ մարդիկ սկսում են իրենց նախագիծը` հիմնվելով բիզնեսի ամերիկյան մոդելի վրա, հաշվի չառնելով, որ ամերիկյան մոդելը գործում է ֆինանսապես ապահով երկրներում, իսկ սուղ միջոցներով երկրներում գործում են  խաղի  այլ կանոններ:

Տնտեսությունները լինում են երեք տեսակ` նոր զարգացող, զարգացող և զարգացած: Մեր հանրապետությունը համարվում է նոր զարգացող տնտեսություն և այստեղ համեմատաբար եկամտաբեր են համարվում ներդրումներն առևտրի, ամենօրյա սպառման ապրանքների արտադրության, մասամբ նաև` սպասարկման ոլորտում: Իհարկե, դա չի նշանակում, որ մյուս ոլորտները եկամտաբեր չեն, ուղղակի այդտեղ անհրաժեշտ են ավելի շատ ֆինանսական միջոցներ և ժամանակ: Փորձը ցույց է տալիս, որ նոր զարգացող երկրներում մարդիկ ավելի շատ գումար են ծախսում առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի ձեռքբերման համար, ավելի քիչ` տեխնիկայի, բնակարանի, կահույքի համար, և ավելի քիչ են զբաղվում մշակույթային կյանքով:

Կգա մի օր, երբ եկամտաբեր կլինեն բոլոր ոլորտները, սակայն մինչ այդ պետք է սկսել ամենակարևորից` մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացումից:

Հեղինակի մասին

Davit

6 մեկնաբանություն

    • Հրաչ ջան այն երկրներում որտեղ մարդիկ պետությանը վերաբերվում են ինչպես ընտանիքի շատ արագ զարգանում են լավ կլիներ որ Հայաստանում էլ այդպես լիներ

  • Դավիթ ջան նյութն օգտակար էր, բայց ես կուզենայի տեսնել շեշտադրումներ(մգացված վերնագրեր հարցերի տեսքով, կամ հատուկ կետեր)նյութի կոնկրետ հատվածներից առաջ, դա ավելի գրավիչ կդարձներ և թույլ կտար կենտրոնանալ բոլոր այն կետերի վրա, որոնք անհրաժեշտ է մտապահել: Խնդրում եմ ընդունել սա որպես խորհուրդ 🙂

  • Ինձ գյուղատնտեսական վարկ է անհրաժեշտ գործ սկսելու համար,բայց բանկերը միայն դոլար են տրամադրում :Ծանոթանալով ձեր բլոկին՝ ուզում եմ ակտիվ կյանք վարել,աշխատել, հասնել այն ամենին , ինչ ուզում եմ , ինչը ինձ համար անիրական էր թվում:Այժմ բախվել եմ նման խնդրի.հասկանում եմ ,որ վախենալ չի կարելի, բայց դոլարի ինքնարժեքը գնալով աճում է :խնդրում եմ ,օգնեք ձեր խորհուրդներով. ինչ անել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»