« »

Մի դավաճանեք երազանքները. Սյուզան Բոյլ

Սյուզան Բոյլ

Միշտ հիշեք` հաջողությունը գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր փնտրում են այն: 2009 թվականի ապրիլի 11-ին Շոտլանդական փոքրիկ գյուղերից մեկի բնակչուհի Սյուզան Բոյլը ցնցեց բոլորին: 3 րոպեի ընթացքում նա կարողացավ գրավել ողջ Մեծ Բրիտանիան, մեկ շաբաթվա ընթացքում` ողջ աշխարհը:

Այդ օրը Britains Got Talent (Բրիտանիան փնտրում է տաղանդներ) հեռուստամրցույթի ժամանակ, երբ բազմահազարանոց դահլիճի առջև վստահ քայլերով բեմ դուրս եկավ ոչ ամենագեղեցիկ և ամենաերիտասարդ մասնակիցը, դահլիճում նրա հասցեին սկսեցին ծաղրանքի խոսքեր հնչել, իսկ մարդկանց երեսին խղճահարության և ամոթի արտահայտություն հայտնվեց այն բանի համար, թե ինչ է այժմ տեղի ունենալու: Ժյուրիի անդամներից մեկը սկսում է նրան հարցեր տալ:

– Ինչպե՞ս է ձեր անունը, թանկագինս:
– Սյուզան Բոյլ:
– Եղավ, իսկ որտեղի՞ց եք դուք, Սյուզան:
– Ես Բլեկբերնից եմ, Վեստ Լոտիան (Շոտլանդիա):
– Իսկ քանի տարեկան ե՞ք, Սյուզան:
– Ես 47 տարեկան եմ (սուլոցներ դահլիճում, ծիծաղ) և դա իմ միակ սահմանը չէ:
– Լավ: Իսկ ինչի՞ մասին եք դուք երազում:
– Ես երազում եմ դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի:
– Իսկ ինչու՞ դա շուտ տեղի չի ունեցել, Սյուզան:
– Ես հնարավորություն չէի ունենում, բայց այստեղ հուսով եմ ամեն ինչ կփոխվի:
– Լավ, իսկ ու՞մ նման հայտնի եք դուք ուզում դառնալ:
– Էլեյն Պե՛յդջ:
– Էլեյն Պեյդջ… իսկ ի՞նչ եք դուք մեզ համար երգելու:
– Ես երգելու եմ «Ես երազ տեսա» երգը «Լքվածները» մյուզիքլից:
– Դե ինչ, հիանալի երգ է:

Ելույթից առաջ Սյուզանը հայտնում է, որ նա ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է գործազրկության դիմաց թոշակով, իսկ ամբողջ կյանքի ընթացքում նրա միակ սերը իր կատուն է եղել: Նա միշտ միայնակ է եղել, երբեք չի ամուսնացել, ժամադրությունների չի գնացել և նույնիսկ երբեք չի էլ համբուրվել: Դրանով նա վերջնականորեն ստանձնում է շոուի «անճոռնի ճուտիկի» դերը, ընդ որում` ոչ երիտասարդ: Եվ չնայած ամեն ինչին, նա որոշում է երգել:

Երբ Սյուզանը Բոյլը սկսում է երգել, բոլորը սառում են: Ոչ ոք չէր կարողանում հավատալ իր ականջներին: Դահլիճը և ժյուրին ոտքի են կանգնում և սկսում ծափահարել նորահայտ տաղանդին: Շատերի մոտ նկատվում է հուզմունք և արցունքներ աչքերում:
«Երբ դուք կանգնած էիք այստեղ և ասում էիք, որ ցանկանում եք երգչուհի դառնալ, բոլորը ծիծաղում էին ձեզ վրա», – ասում է ժյուրիի անդամներից Պիեռ Մորգանը ելույթի ավարտից հետո, – «Ոչ ոք այժմ չի ծիծաղում: Սա ուղղակի անհավատալի կատարում էր»:
«Ես շատ հուզված եմ, որովհետև հասկանում եմ, որ ձեր դեմ էր տրամադրված ողջ դահլիճը: Բոլորն անհամբեր սպասում էին, որ դուք կտապալվեք: Եվ ձեր երգը ամենամեծ սթափեցնող պահն էր իմ կյանքում: Ձեզ լսելը մե՛ծ պատիվ էր ինձ համար», – ասում է ժյուրիի անդամներից Ամանդա Հոլդենը:

Սյուզան Բոյլի ելույթից մեկ ժամ հետո նրա ելույթի տեսահոլովակը հայտնվում է YouTube-ում: Առաջին մի քանի օրվա ընթացքում այն դիտում են 5 միլիոն մարդ: Եվս 2 շաբաթ անց դիտումների քանակը անցնում է 60 միլիոնը: Եվ այն մինչև այժմ էլ շարունակում են դիտել աշխարհի բոլոր ծայրերում: Սյուզան Բոյլի երկրպագուների բանակը աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ինտերնետում անընդհատ հայտնվում են նոր կայքեր նրա անունով, նկարներով և կենսագրությամբ, որն արժանի է էկրանավորման:

Սյուզան Բոյլը ծնվել է շոտլանդական Բլեկբեռնում, 1961 թվականի ապրիլի 1-ին: Ընտանիքում նա 10 երեխաներից ամենափոքրն էր (չորս եղբայրներից և 6 քույրերից): Բոյլը ծնվում է, երբ նրա մայրը 47 տարեկան էր: Ինչպես գրում է «The Sunday Times»-ը, ծննդաբերությունը անցնում է բավականին ծանր, որի ժամանակ Սյուզանը կարճ ժամանակով զրկվում է թթվածնից: Դրա արդյունքում նա դառնում է հաշմանդամ և որպես հետևանք` վատ է սովորում դպրոցում և մեծանում է ոչ գեղեցիկ: Նա անընդհատ դառնում է ծաղրի առարկա: Բոլորը նրան անվանում էին «Susie Simple»` «Հիմարիկ Սյուզի», բայց նա շատ շուտ է սովորում ուշադրություն չդարձնել բոլոր նրանց վրա, ովքեր ծաղրում էին իրեն: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է իր կյանքում միակ աշխատանքին` խոհարար Արևմտյան Լոտիանիայի քոլեջում և աշխատում է ընդամենը 6 ամիս: Ժամանակ առ ժամանակ նա գնում էր թատրոն` պրոֆեսիոնալ երգիչներին լսելու համար: Մինչև իր աստղային ժամը Սյուզանը երկու անգամ ելույթ է ունենում տարբեր մրցույթներում, որոնցից մեկը 22 տարեկան հասակում, սակայն լուրջ հաջողությունների չի հասնում: Սյուզանի հայրը մահանում է 1990 թվականին: Նրա եղբայրները տեղափոխվում են առանձին ապրելու` թողնելով նրան միայնակ հոգ տանելու ծերացող մորը, որը մահանում է 2007 թվականին: Մոր մահից հետո Սյուզանը որոշ ժամանակ չի երգում:

Այսօր Սյուզան Բոյլը միլիոնների կուռքն է: Մրցույթի ժամանակ նրա տան մոտ կանգնած էին լրագրողներ աշխարհի բոլոր ծայրերից: Նրա ընտանեկան նկարի համար առաջարկում էին 3000 դոլար: Նրանից հարցազրույց են վերցրել Լարի Քինգը և Օպրա Ուինֆրին: Անձամբ Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդն է շնորհավորել նրան իր հաջողության համար: Ինտերնետում վաճառվում են նրա անունով շապիկները: Նա արդեն թողարկել է 2 ալբոմ և երեք անվանակարգով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա «I Dreamed a Dream» ալբոմը ճանաչվել է կին-կատարողի ամենաշատ վաճառված ալբոմը մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ամենաշատ վաճառված ալբոմը դուրս գալու առաջին շաբաթվա ընթացքում: Ընդամենը 7 օրվա ընթացքում վաճառվել է դրա 412 հազար օրինակ: Ինչպես նաև Բոյլը դարձել է ամենատարեց կատարողը, ում առաջին ալբոմը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դարձել է ամենաշատ վաճառվողը:

-Ես երբեք այլևս միայնակ չեմ լինի, – ասում է Սյուզան Բոյլը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


10 մեկնաբանություն

  1. Այս video-ն դիտելով` ես հասկացա, որ պետք է երազել և քո ուժերին հավատալ: Այս կինը գրավեց 60 միլլիոն մարդկանց ուշադրությունը, որը նա երբեք չէր էլ պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրա երկրպագուները: Նա ընդամենը վստահ դուրս եկավ բեմ և վստահ իր ուժերին կատարեց մի երգ:

  2. Իրականում այս կինը կարող է ՇԱՏ մարդկանց համար Էտալոն լինել:
    Երկու պատճառով`
    1. Միանշանակ իմանալ, թե ինչ է քեզ պետք այս կյանքում;
    2. Ունենալ բավարար քաջություն` դրան հասնելու համար:

    That’s it…

  3. Ես պարզապես ցնցված եմ.. Այնպես էի հուզվել կարծես դա իմ հաջողությունն էր, այլ ոչ թե Սյուզանի.. Ես իրոք լացում էի դիտելուց.. Ապշեցուցիչ էր…

  4. Մարիետա Խաչատրյան says:

    Առաջին անգամ այս կնոջը լսեցի ինտերնետում, մի երկու ամիս առաջ, եւ ճիշտն ասած հետեւոմ էի նրա պատմությանը: Հաջողությունը?. նախ այո, նա շնորհալի է եղել, բացի այդ` ահագնորեն կուտակել է իր երազները, իսկ կուտակումնեը, լիցքերը ինչ-որ մի անգամ պարպվելու են: Իսկ որ նրա պատմությունը հուզում է շատերին` եւս մի ապացույց, որ մարդիկ կարիք ունեն լավ վերջով մոխրոտիկների պատմություններին, քանի որ դրանք մարդկանց հույս են տալիս, որ մի օր էլ իրենք կճեղքեն միայնության, դժբախտությունների, անհաջողությունների եւ տխրությունների շղթան եւ ոտք կդնեն մարդկային արժանապատիվ կյանքի, ինքնառեալիզացման եւ հաջողությունների սահմանագծին: Այ մերոնք, մեր հանրային կյանքի օրինակները հասարակությանը ներկայացնողները հաճախ մոռանում են դա` պարզ, մարդկային, հույսի մասին պատմությունները կինո չեն դարձնում, սերիալի նյութ չեն դարձնում, մի խոսքով` մարդկանց համար հույսի դուռ չեն բացում: Միշտ հիշեք երազները`>Լքվածները< մյուզիքլից:

  5. Երբեք ուշ չէ, ոգով ուժեղ միշտ…..

  6. Նյութը կարդալուց հետո,երբ սկսեցի դիտել վիդեոն,հենց նա սկսեց երգել ամբողջ մարմինս փշաքաղվեց ու հետո չգիտեմ էլ ինչպես աչքերիս արցունքներ հայտնվեցին…Նա պարզապես հերոս է

  7. Pingback: Հաջողության Բլոգը 1 տարեկան է | Հաջողության բլոգ

  8. Pingback: Փնտրվում են տաղանդներ | Հաջողության բլոգ

  9. Uxaki hrashqer

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»