« »

Գործարար աշխարհի մարդկանց չորս խմբերը

Ռոբերտ Կիյոսակի

Իր «Փողային հոսքի քառանկյունը» գրքում հայտնի ֆինանսական խորհրդատու, աշխարհում ֆինանսների գծով լավագույն գրքերից մի քանիսի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին բաժանում է գործարար աշխարհի մարդկանց 4 խմբի:

Առաջին խումբը, դրանք շարքային աշխատողներն են, այսինքն մարդիկ, որոնք աշխատում են տարբեր հիմնարկություններում, ընկերություններում և ենթարկվում են դրանց կանոններին: Նրանց մոտ ընդունված է հետևյալ մոդելը` գնալ դպրոց, ստանալ լավ կրթություն և հետագայում ունենալ կայուն, եկամտաբեր աշխատանք: Այս խմբի մարդիկ տարբերվում են նրանով, որ միշտ փնտրում են կայուն, անվտանգ աշխատանք` բարձր աշխատավարձով և ինչ-որ արտոնություններով: ՄԻՇՏ: Այս մարդկանց մոտ ամենաուժեղ զգացումը դա վախն է: Նրանք վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ այդ դեպքում կկորցնեն եկամտի իրենց միակ աղբյուրը, իսկ այդ ժամանակ` ինչպե՞ս ապրել:

Այս մարդկանց առավոտյան զարթնեցնում է զարթուցիչը: Նրանք հագնվում են, գնում աշխատանքի, ամբողջ օրը աշխատում, երբեմն հաճույքով, բայց հիմնականում պարտադրված, աշխատանքից հետո հոգնած վերադառնում են տուն, պառկում, մի քիչ հեռուստացույց դիտում, ընկերների հետ հանդիպում կամ ինչ-որ տեղ գնում և անհամբեր սպասում են նրան, թե երբ կգան հանգստյան օրերը: Հաջորդ օրը ամեն ինչ կրկնվում է, մյուս օրը նույնպես և այսպես անցնում են տարիներ: Իսկ կյանքը անվերջ չէ: Ա՞յս կյանքի մասին եք դուք երազում:

Այս խմբի մարդիկ անընդհատ ձգտում են աշխատավարձի բարձրացման, քանի որ կարծում են, որ բարձր աշխատավարձը կլուծի իրենց բոլոր խնդիրները: Սակայն, ինչպես գրում է Ռոբերտ Կիյոսակին, աշխատավարձի բարձրացումը նրանց խնդիրները չի լուծում: Կարևոր չէ, թե ինչքան բարձր է ձեր աշխատավարձը: Եթե դուք չունեք ֆինանսական բավարար գիտելիքներ, չեք կարողանում ղեկավարել ձեր ֆինանսները, չեք կարողանում ձեր եկամտի մի մասը խնայել և ներդնել, ապա ինչքան էլ ձեր աշխատավարձը աճի, աճելու են նաև ապրանքների գները և ձեր ծախսերը նույնպես աճելու են և կյանքի զգալի բարելավում արդյունքում չի լինի: Համոզված եմ, որ այս հոդվածը ընթերցողների մի մասը ապրել է հետևյալ զգացումները` երբ աշխատավարձը ցածր էր, գումարը ձեզ բավարարում էր և նույնիսկ երբեմն այն ավելանում էր: Իսկ հիմա, երբ աշխատավարձը նախկինից 2-3 անգամ բարձր է, այն հազիվ է բավարարում բոլոր ծախսերը հոգալու համար և հնարավոր է, որ այժմ դուք ավելի շատ պարտքեր ունեք, քան նախկինում` հիմնականում վարկերի և ապառիկների տեսքով:

Այս խմբի մարդիկ հազվադեպ են ձգտում գլոբալ նպատակների: Տուն, լավ մեքենա, բարձր աշխատավարձ, լավ սնունդ, հագուստ և ապահովված ընտանիք` սա այն ամենն է, ինչի մասին նրանք մտածում են: Իհարկե, շատերին այս ամենը բավարարում է և նրանք երջանիկ են այն ամենով, ինչ այժմ ունեն և ավելին նրանց պետք չէ: Այս հոդվածը չի վերաբերվում նման մարդկանց: Այստեղ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ձգտում են շատ ավելիին: Այժմ խնդրում եմ մի պահ կանգ առնեք և մտածեք: Ի՞նչ եք արել դուք վերջին հինգ տարվա ընթացքում, որը կարծում եք, որ արժանի է, որպեսզի հետագա սերունդները հիշեն: Եթե ոչինչ, ապա մտածեք այդ ուղղությամբ: Այն, որ մենք բոլորս անցնում ենք այս ճանապարհով, կարելի է բացատրել: Այդպիսի դաստիարակություն ենք մենք ստացել, դա են մեզ սովորեցրել մեր ծնողները, դա են մեզ սովորեցնում բոլոր հանրակրթական դպրոցներում: Դա պետական մոդելն է: Աշխարհի ամենահաջողակ մարդկանցից շատերը նույնպես իրենց ճանապարհը սկսել են այս խմբից: Սակայն նրանք կարողացել են դուրս գալ այստեղից: Դուք նույնպես, եթե ցանկանում եք և պատրաստ եք, կարող եք դուրս գալ այս խմբից: Ուղղակի սկսեք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Իհարկե, դա հեշտ չէ, սակայն միայն դուք կարող եք անել դա: Իսկ եթե ոչինչ չանեք, ապա ոչինչ չի փոխվի և վերջում պետք չէ ուրիշներին մեղադրել: Իհարկե, դրան պետք է պատրաստվել, պետք է աշխատել այդ ուղղությամբ, սովորել, գիտելիքներ ձեռք բերել: Թեկուզ գտնվելով այս խմբում` դուք կարող եք աստիճանաբար անցում կատարել հաջորդ խմբեր: Ուղղակի մտածեք այդ ուղղությամբ:

Երկրորդ խումբը, դրանք մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ են, օրինակ, բժիշկներ, դատապաշտպաններ, կոշկակարներ, և փոքր բիզնեսի սեփականատերերը, այսինքն մարդիկ, որոնք կարող են ինքնուրույն աշխատել, առանց ինչ-որ մեկի օգնության և կարող են ունենալ սեփական փոքր բիզնեսը: Այս խմբի մարդիկ հավատում են, որ եթե ուզում ես հասնել հաջողության, պետք է ստանաս մասնագիտական կրթություն, ունենաս ինչ-որ մասնագիտություն, որպեսզի «մեջքդ միշտ պահես»: Նրանք իրենք են ղեկավարում իրենց ժամանակը, սիրում են իրենց գործը և մեծ բավականություն են ստանում դրանից: Նման մարդկանց հեշտ է տարբերել մնացածից: Նրանք ասում են` «Իմ աշխատանքի համար դուք ինձ պետք է վճարեք այսքան գումար» կամ «Ես պետք է ստանամ այսքան տոկոս` նշված աշխատանքի համար»: Այդպես են աշխատում, օրինակ, անշարժ գույքի գործակալները: Այս խմբի մարդկանց համար` ժամանակը փող է: Այսինքն, ինչքան շատ են նրանք աշխատում, այնքան շատ են վաստակում: Սակայն նրանց աշխատած գումարները սահմանափակ են: Եվ եթե մի օր նրանք չաշխատեն, ապա եկամուտ այլևս չեն ունենա:

Երրորդ խումբը, դրանք գործարարներն են, խոշոր բիզնեսի սեփականատերերը: Նրանք միշտ չէ, որ ամենակրթված և ամենաշատ գիտելիքները ունեցող մարդիկ են: Սակայն նրանք գիտեն, թե ինչպես շրջապատեն իրենց խելացի մարդկանցով: Նրանք ցանկանում են ունենալ աշխատանքի լավագույն համակարգը, կարողանում են կազմակերպել ընդհանուր աշխատանքը և ունեն վառ երևակայություն: Նրանք ցանկանում են անընդհատ առաջ շարժվել, ընդլայնել բիզնեսը, գրավել շուկաներ: Նրանք ստեղծում են ընկերություններ, արտադրում են լավագույն ապրանքները և ցանկանում են ինչ-որ բան փոխել աշխարհում: Նրանց մոտ զարգացած է բիզնես մտածելակերպը: Եթե այս խմբի մարդկանցից վերցնես իրենց ամբողջ կարողությունը, ապա նրանց մեծ մասը մի քանի տարվա ընթացքում զրոյից կստեղծի նոր կարողություն: Ինչ-որ բան ստեղծելը` նրանց կիրքն է:

Չորրորդ խումբը, դրանք ներդրողներն են: Ներդրողների մոտ առկա է բոլորովին այլ արժեքային համակարգ: Նրանք ուզում են, որ իրենց փողերը աշխատեն իրենց վրա, այլ ոչ թե հակառակը: Նրանք մտածում են` «Ինչպիսի՞ն կլինի իմ ներդրած գումարների եկամտաբերությունը, որքա՞ն շուտ ես կվերադարձնեմ իմ ներդրումները»: Հիմնականում, բոլոր մարդիկ էլ ունեն ֆինանսները ղեկավարելու իրենց պլանը: Սակայն դրանք ավելի շուտ խնայողական պլաններ են, ոչ թե ներդրումային: Այսինքն, մարդիկ երկարաժամկետ ներդնում են իրենց գումարները ինչ-որ տեղ և մոռանում են դրա մասին: Ներդրողները այդպես չեն անում, քանի որ այդ դեպքում նրանց գումարները ուղղակի «քնում են»: Նրանք ուզում են, որ իրենց կապիտալը ինչ-որ տեղ մուտք գործի և ապա շուտ ետ վերադառնա: Նրանք ցանկանում են իմանալ, թե երբ դա տեղի կունենա: Այս խմբի մարդիկ ներդնում են անշարժ գույքում, արժեթղթերում և տարբեր եկամտաբեր նախագծերում: Նրանց պարտադիր չէ աշխատել գումարներ վաստակելու համար: Նրանց գումարները իրենք են աշխատում նրանց համար: Այս խմբի վառ ներկայացուցիչներից է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ուորեն Բաֆֆեթը:

Բոլոր չորս խմբերում գտնվող մարդիկ տարբերվում են իրենց մտածելակերպով: Առաջին երկու խմբերում գտնվողներին անհրաժեշտ է, որ իրենց վճարեն հենց հիմա: Երրորդ և չորրորդ խմբերում գտնվողները ավելի համբերատար են: Նրանք հասկանում են, որ կարող են երկար սպասել, մինչև եկամուտ կստանան` երեք տարի օրինակ: Երկրորդ խմբում գտնվողը կարող է բացել արագ սննդի մեկ կրպակ: Ընդամե՛նը մեկ կրպակ: Իսկ McDonald’s-ը կամ KFC-ն ունեն հազարավոր սպասարկման կետեր ողջ աշխարհում: Հասկանու՞մ եք: Տարբերությունը մտածելակերպի և ձգտումների մեջ է: Առաջին երկու խմբերում գտնվող մարդկանց կյանքը հիմնականում սկսում է անկում ապրել թոշակային տարիքում: Իսկ երրրորդ և չորրորդ խմբի մարդիկ կարող են հանգստանալ այդ տարիքում: Ուրախացնում է միայն մեկ բան: Եթե այժմ դուք գտնվում եք առաջին կամ երկրորդ խմբերում և ցանկանում եք փոխել դա, ապա կարող եք անցնել հաջորդ խմբեր: Անհրաժեշտ է ընդամենը մեկ բան` դուք պետք է որոշում կայացնեք:

Հ.Գ.
Այս հոդվածը հրապարակելուց առաջ համոզված եմ, որ շատ մարդիկ սա չեն հասկանա:
«Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է» , – կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 1,5 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:
Ուղղակի բոլորին խորհուրդ կտամ կարդալ Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» և Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքերը: Դրանք առկա են կայքի «Գրքեր» բաժնում: Եթե ժամանակ ունենաք, կարդացեք նաև Բոդո Շեֆերի և Ռիչարդ Բրենսոնի գրքերը: Համոզված եմ, որ դրանից հետո ձեր կյանքը կփոխվի: Վերցրեք այն մարդկանց փորձը, ովքեր արդեն ապրել են այդ ամենը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Այս չորս խմբերից յուրաքանչյուրն ինձ բնորոշ է: Բայց ուզում եմ այն ինչ գրված էր ամենավերջում, երջանիկ տեսնել իմ սիրելի մարդկանց, հետք թողել ինձանից հետո, ճանապարհորդել…

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»