« »

Մարդիկ կհիշեն քո անունը. Մարկ Ցուկերբերգ

Մարկ Ցուկերբերգ

2010 թվականի հոկտեմբերի 1-ից Միացյալ Նահանգներում մեծ էկրաններ դուրս եկավ “Սոցիալական ցանց” գեղարվեստական ֆիլմը` նվիրված հանրահայտ Facebook-ի հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգին: Ֆիլմը նկարահանված է Բեն Մեզրիչի “Ակամա միլլիարդատերեր – Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմությունը” վեպի հիման վրա: Ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո մեծ հետաքրքրություն սկսվեց երիտասարդ Ցուկերբերգի հանդեպ, ով կարողացել էր վաստակել իր հսկայական կարողությունը` օգտագործելով սեփական ուղեղը: Սակայն կինոն և գրականությունը արվեստի դեռ բավականին պայմանական ճյուղերից են, որտեղ ճշմարտությունն ու հորինված գեղեցիկ պատմությունները խառնվում են իրար: Ինքը` Ցուկերբերգը, այդ կապակցությամբ ասել է. “Facebook-ի ստեղծման իրական պատմությունը կայանում է նրանում, որ մենք պարզապես վեց տարի զբաղվում էինք համակարգչով և ծրագրավորմամբ: Դա չափազանց ձանձրալի թեմա կլիներ ֆիլմի համար”: Իսկ ինչպե՞ս է եղել ամեն ինչ իրականում:

Բավականին անսովոր է, խոսելով 21-րդ դարի ամենահայտնի և հարուստ մարդկանցից մեկի մասին, նշել նրա ծննդյան ամսաթիվը` 1984 թվական: Բայց դա իրականում այդպես է: Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում: Մայրը հոգեբույժ է, հայրը` ստոմատոլոգ: Ընտանիքում կա չորս երեխա: Մարկը ունի մեկ ավագ և երկու կրտսեր քույրեր: Ընտանիքի բազմանդամությունն է ստիպում Մարկին փոքր տարիքում կատարել իր առաջին լուրջ քայլը ծրագրավորման մեջ` 11 տարեկան հասակում նա ստեղծում է ընտանեկան մինի-ցանց, որով կարող էր շփվել ծնողների և քույրերի հետ: Դրանից մեկ տարի առաջ, 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Մարկը նվեր է ստանում իր առաջին համակարգիչը` 486 Quantex DX և միանգամից սկսում է “լրջորեն” հետաքրքրվել նոր խաղալիքով: Պետք է նշել, որ մինչ այդ նրա նախասիրությունները այլ բնույթի էին: Տղան հետաքրքրվում էր հնագույն մշակույթներով և նույնիսկ սովորում էր լատիներեն և հունարեն: Սակայն համակարգչային լեզուները ավելի գրավիչ են դառնում նրա համար: Հետագայում Մարկը ասում է, որ մարդիկ լինում են երկու տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգտագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար:

9-րդ դասարանում Մարկը ստեղծում է “Synapse” բավականին հետաքրքիր ծրագիրը: Այն հավաքում էր տվյալներ այն մասին, թե ի՞նչ երաժշտություն են լսում մարդիկ իրենց համակարգչում, ի՞նչ տիպի երգերին և ո՞ր ժամերին են նախապատվությունը տալիս: Եվ այդ տվյալների հիման վրա ծրագիրը ստեղծում էր երգերի ցանկ և հնչեցնում էր այն մեղեդիները, որոնք կարող էր այդ պահին ցանկանալ լսել տվյալ անձը: Ծրագրով սկսում է հետաքրքրվել Microsoft ընկերությունը և հսկայական գումար է առաջարկում երիտասարդ ծրագրավորողին դրա դիմաց: Բայց այստեղ առաջին անգամ երևում է Մարկի յուրահատկությունը, երբ նա հրաժարվում է փողից և տարածում է “Synapse”-ը անվճար: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կրկին նույն Microsoft-ը առաջարկում է նրան բարձր վարձատրվող աշխատանք, սակայն Մարկը չի ընդունում հրավերը և մեկնում է սովորելու Հարվարդ` ընտրելով իր համար ոչ թե համակարգչային տեխնոլոգիաները, այլ հոգեբանությունը:

Հարվարդում նա անմիջապես ձեռք է բերում բանիմաց հակերի և ծրագրավորողի հեղինակություն: Մարկին հաջողվում է “կոտրել” համալսարանի բոլոր ուսանողների տվյալները և նկարները պարունակող սերվերը և կազմակերպել հարվարդյան աղջիկների ցանցային ինքնատիպ գեղեցկության մրցույթ: Դրանից հետո համալսարանի ղեկավարությունը գրեթե որոշում է կայացնում նրան հեռացնելու մասին, բայց նաև նշում է իր զեկույցում, որ Ցուկերբերգը օժտված է բացառիկ ունակություններով:

2003 թվականի ողջ ընթացքում հնդկական ծագում ունեցող ամերիկացի Դիվիյա Նարենդրան և Կեմերոն ու Թայլեր Վինկլվոսս եղբայրները աշխատում էին “ConnectU” նախագծի ստեղծման վրա: Դա կայք էր ուսանողների համար, որտեղ կարելի էր հանդիպել և շփվել: Աշնանը նրանք առաջարկում են Մարկին աշխատել իրենց հետ: Նա համաձայնվում է, սակայն անսպասելիորեն, 2004 թվականի հունվարի 11-ին գրանցում է TheFacebook.com անվանումը (հետագայում The-ն դուրս է գալիս), իսկ փետրվարի 4-ին այն սկսում է աշխատել: Պետք է նշել, որ ստեղծել Facebook-ը նրան օգնում են ընկերները` Էդուարդո Սավերինը, Դասթին Մոսկովիցը, Էնդրյու Մաքքոլումը և Քրիստոֆեր Հյուզը:

Նոր սոցիալական ցանցի հայտնվելուց անմիջապես հետո Նարենդրան և Վինկլվոսսները սկսում են պնդել, որ Մարկը գողացել է իրենց միտքը: 2007 թվականին նրանք դատավարություն են սկսում Ցուկերբերգի դեմ: Դատարանի պահանջով անցկացվում է կայքի կոդի քննություն, սակայն արդյունքները մինչև հիմա էլ գաղտնի են: 2009 թվականին հայցվորներին հաջողվում է հասնել հաջողության և Մարկը վճարում է նրանց 65 միլիոն դոլար: Չնայած այդ ժամանակ նրա համար դա արդեն լուրջ գումար չէր, քանի որ Facebook-ը դարձել էր շատ հաջող նախագիծ, իսկ Ցուկերբերգը` միլիարդատեր: Այժմ նրա կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:

2004 թվականին մինչև Facebook-ի հաջողությունը դեռևս մի քանի քայլ կար և անհրաժեշտ էին զգալի ներդրումներ: Ներդնում էին բոլորը` և՛ Ցուկերբերգը և՛ Սավերինը և՛ սոցիալական ցանցի ստեղծման մյուս մասնակիցները: Բայց իսկապես լուրջ ներդնող հայտնվում է 2004 թվականի ամռանը, երբ Ցուկերբերգը ընկերների հետ այցելում է ծրագրավորողների Մեքքան` Պալո Ալտո քաղաքը Կալիֆոռնիայում: Այստեղ նա ծանոթանում է “Napster” ֆայլափոխանակման համակարգի հիմնադիր Շոն Պարկերի հետ: Վերջինս ներկայացնում է նրան PayPal վճարային համակարգի հիմնադիր Պիտեր Տիլին և Տիլը, զգալով նախագծի հետագա զարգացումները, տրամադրում է երիտասարդ Ցուկերբերգին 500 հազար դոլար: Անմիջապես կազմվում է ուժեղ ծրագրավորողների մի թիմ և “Facebook”-ը վերածվում է հզոր միջազգային ցանցի: Այսօր սոցիալական ցանցում գրանցված են ավելի քան 500 միլիոն օգտագործող:

Սակայն իր առաջին գործընկերների հետ Ցուկերբերգը վիճում է: Վիրավորված Էդուարդո Սավերինի հետ երկարատև զրույցներից հետո է գրող Բեն Մեզրիչը գրում իր “Ակամա միլլիարդատերեր – Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմությունը” գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվում է “Սոցիալական ցանց” ֆիլմը: Սակայն մի փոքր տարօրինակ է թվում Ցուկերբերգի նախկին ընկերների վիրավորվածությունը: Նրանցից յուրաքանչյուրն ունի Facebook-ի արժեթղթերի փաթեթ և նույնպես հանդիսանում է միլիարդատեր: Վերջերս Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այնտեղ ասվում է, որ Էդուարդո Սավերինի կարողությունը գնահատվում է 1.15 միլիարդ դոլար:

Ցուկերբերգի կողմնակիցները պնդում են, որ վիրավորված Սավերինը բացասական է ներկայացրել Facebook-ի հիմնադրին, իսկ Մեզրիչի գիրքը և նրա հիման վրա նկարահանված ֆիլմը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ գրքի հեղինակը նույնիսկ չի էլ զրուցել Ցուկերբերգի հետ: Նրանք ասում են, որ “իսկական Մարկը” ներկայացված է մեկ այլ գրքում` “Facebook-ի էֆֆեկտը”` գրված այս տարվա հունիսին Դեյվիդ Կիրկպատրիկի կողմից` սոցիալական ցանցի հիմնադրի հետ երկարատև զրույցներից հետո: Այնտեղ երիտասարդ միլիարդատերը հանդես է գալիս բոլորովին այլ կերպարով` նա չի ընկնում շահույթի ետևից, բացառապես նվիրված է իր գործին և երազում է փոխել աշխարհը դեպի ավելի լավը: Facebook-ի իր էջում ինքը` Ցուկերբերգը, ասում է. “Ես փորձում եմ դարձնել աշխարհը ավելի բաց, օգնելով մարդկանց գտնել միմյանց”: Իսկ նրա հետաքրքրություններում նշված են “հրապարակայնություն, ստեղծել բաներ, որոնք կօգնեն մարդկանց գտնել միմյանց և կիսվել նրանով, ինչը կարևոր է նրանց համար, հեղափոխություն, տեղեկատվական հոսք”:

Վերջերս նա ձայնավորել է ինքն իրեն հայտնի “Simpsons” հեռուստասերիալում: Այն սերիայում, որը դուրս է եկել բավականին վերջերս, Լիզան և Նելսոնը փնտրում են ներդրող իրենց նախագծի համար և ծանոթանում են Մարկ Ցուկերբերգի հետ: Նա հայտնում է երիտասարդ ձեռներեցներին, որ շատ միլիարդատերեր են ժամանակին թողել համալսարանը: Ի դեպ Facebook-ի հիմնադիրը այդպես էլ չավարտեց Հարվարդը: Իր համալսարանները նա անցավ ինտերնետում և ապացուցեց գիտելիքներ ստանալու նման մեթոդի հաջողությունը:

Արևմտյան լրատվամիջոցները պատմում են, որ միլիարդատերը աչքի է ընկնում առօրյա կյանքում իր պարզությամբ` քնում է դոշակի վրա, որն ուղղակի գցված է հատակին, գրասենյակ գնում է հեծանվով և հագնվում է շատ հասարակ` ջինս, սպորտային վերնաշապիկ և սանդալներ բաց ոտքերին: Հանգստյան օրերին սկզբունքորեն չի աշխատում, նույնիսկ եթե խոսքը գնում է միլիարդանոց գործարքների մասին: Իր անձնական կյանքի մասին նա նույնպես չի մոռանում: Արդեն մի քանի տարի է նա հանդիպում է չինուհի Պրիսցիլլա Չենի հետ, որի հետ ծանոթացել է նույն պատմական 2004 թվականին: Այժմ Ցուկերբերգը սովորում է չինարեն և այս տարվա վերջում պլանավորում է մեկնել Չինաստան` ռոմանտիկ ուղևորության: Չի բացառվում, որ ռոմանտիկան ուղևորության միակ պատճառը չէ: Ասում են, որ Չինաստանում պատրաստվում է բացվել սեփական “Facebook”-ը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչքան նոր օգտվողներ կհայտնվեն այդ ցանցում և որպես հետևանք, ինչքան կավելանա Մարկ Ցուկերբերգի շահույթը…

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. Pingback: Սեփական բիզնեսն ընդդեմ վարձու աշխատանքի | Հաջողության բլոգ

  2. Pingback: Հավատա ինքդ քեզ | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»