«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Պավել Դուռով. «Նրանք ովքեր ինչ-որ բան են անում, այլ ոչ թե միայն խոսում, շատ քիչ են»

Պավել Դուռովն այն մարդկանցից է, որոնք ինքնուրույն են հասնում այն ամենին, ինչի մասին երազում են շատերը: 2010 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Պավելի ընդամենը 26-ամյակը, բայց նրա vkontakte.ru կայքը այսօր ամենաշատ հաճախվող կայքն է Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում: Այն գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ Պավելին պատկանում է դրա 20 տոկոսը: Իր հոդվածներից մեկում նա գրում է. “Հիշեք, նրանք ովքեր ինչ-որ բան են անում, այլ ոչ թե ընդամենը խոսում, շատ քիչ են: Շատ ավելի քիչ, քան դուք կարծում եք: Մի վատնեք ձեր ժամանակը իզուր”: Եվ ես նրա հետ լիովին համաձայն եմ: Գործողությունները, այլ ոչ թե խոսքերն են բերում հաջողության, իսկ Պավել Դուռովի հաջողության մասին Ռուսաստանում գիտեն բոլորը: Նա ակտիվորեն հովանավորում է իր երկրի ուսանողական թիմերի մասնակցությունը ծրագրավորման աշխարհի մրցույթներին: 2007 թվականին “Գործարար Պետերբուրգը” ճանաչել է նրան տարվա լավագույն երիտասարդ գործարարներից մեկը:

11 տարեկան հասակում Պավելը սկսում է զբաղվել ծրագրավորմամբ և խորացնում իր գիտելիքները այդ բնագավառում: Սակայն կրթություն նա ստանում է բոլորովին այլ մասնագիտությամբ: 2006 թվականին նա ավարտում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին Պավելը ստեղծում է մի քանի նախագծեր, որոնք բավականին հայտնի են դառնում հետագայում: Դրանք Durov.com և Spbgu.ru կայքերն էին, որոնք ստեղծված էին ուսանողների հաղորդակցման և փոխօգնության համար: Նախագծերը որոշակի ճանաչում են բերում իրենց հեղինակին, սակայն իրական հռչակ նրան բերում է իր գլխավոր նախագիծը` vkontakte.ru կայքը` նախորդ երկու նախագծերի տրամաբանական շարունակությունը:

Կայքի ստեղծման գործում նրան օգնում էին եղբայրը` Նիկոլայը, և հմուտ ծրագրավորողների մի խումբ: Պաշտոնապես նախագիծը մեկնարկում է 2006 թվականի սեպտեմբերին: Սկզբում այն փակ էր և գրանցվելու համար անհրաժեշտ էր ստանալ հրավեր, սակայն արդեն տարեվերջին գրանցումը դառնում է ազատ: Նախագծի մասին առաջին տեղեկությունը Պավելը տեղադրում է իր Durov.com կայքում: Մի քանի ամսվա ընթացքում կայքում գրանցված անդամների քանակը այնքան է աճում, որ սերվերը, որում տեղադրված էր կայքը, սկսում է ծանրաբեռնվել և կայքի հիմնադիրները ստիպված են լինում բարելավել ծրագրային ապահովումը: Ինչպես հետագայում պատմում է Պավելը, առաջին հերթին նրանք ցանկանում էին ստեղծել որակյալ նախագիծ, որը հնարավորություն կտար կապ պահպանել հին ընկերների հետ, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում և միշտ մնալ շփման մեջ: Այստեղից էլ նաև կայքի անվանումը` вконтакте:

Հաջողության բոլոր պատմությունների մեծ մասի հիմքում ընկած է լինում գաղափարը, իսկ արդեն հետո այն ընդունվում է հասարակության կողմից և սկսում եկամուտ բերել: Նույնը տեղի ունեցավ նաև vkontakte.ru-ի հետ: Սկզբում նախագիծը գոյություն ուներ իր հիմնադիրների ներդրած գումարների հաշվին, սակայն այցելությունների անընդհատ աճը ավելացնում էր նաև ծախսերը: Պավելը անընդհատ նախագիծը գնելու և ցանցում գովազդ տեղադրելու նոր առաջարկներ էր ստանում: Սակայն նա չի վաճառում կայքը, այլ գտնում է ներդրողներ, որոնց հետ կիսում է սոցիալական ցանցի սեփականատիրոջ իրավունքը:

2007 թվականին vkontakte.ru կայքը ռուսական ամենահայտնի կայքերի մեջ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ այցելությունների քանակով զիջում է միայն mail.ru-ին: Նույն թվականի ամռանը գրանցվում է կայքի միլիոներորդ անդամը: Նախագծի հեղինակությունը աճում էր օրեցօր: 2008 թվականին սոցիալական ցանցում գրանցված անդամների թիվը անցնում է 20 միլիոնը: Առաջին անգամ սկսվում է գովազդների տեղադրումը կայքում: Նաև մշակվում է խաղերի համար միջավայր, որտեղ խաղերի հեղինակները հնարավորություն էին ստանում գումար վաստակել` ստանալով որոշակի տոկոս իրենց խաղերի դիմաց: Արդյունքում կայքի հեղինակությունը սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այսօր սոցիալական ցանցում գրանցված է ավելի քան 85 միլիոն անդամ: Իսկ կայքի հիմնադիրը` երիտասարդ ու նպատակասլաց Պավել Դուռովը, կարող է օրինակ ծառայել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև շատ գործարարների: Միգուցե՞ դուք էլ ինչ-որ միտք ունեք, որը կարող է կրկնել vkontakte.ru-ի հաջողությունը: Սկսեք իրագործել այն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»