Վախեցեք, բայց շարժվեք առաջ

Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարդ, ով ոչնչից չի վախենում: Բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են, իսկ մեծ մասը` վախենում են մի շարք բաներից: Վախի տեսակները շատ են` աղքատության, հիվանդության, ծերության, միայնության, քննադատության արժանանալու, կարծիք արտահայտելու, որոշում ընդունելու, սիրած մարդուն կորցնելու, բազմամարդ դահլիճի առջև ելույթ ունենալու և այլն: Մեր օրերում վախն իսկական համաճարակ է դարձել: Մենք վախենում ենք սկսել և վախենում ենք ավարտին հասցնել: Վախենում ենք փոխել աշխատանքը և վախենում ենք «մնալ» նույն տեղում: Վախենում ենք, որ մեր մոտ կստացվի և վախենում ենք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Վախենում ենք ապրել և մահանալ նույնպես վախենում ենք:
Երբ դուք նայում եք աշխարհի ամենահաջողակ մարդկանց, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք այնքան երջանիկ են, այնքան վստահ, երբեք ոչնչից չեն վախենում և նրանց առջև բաց են բոլոր այն դռները, որոնք փակ են սովորական մարդկանց առջև: Բայց իրականում դա այսպես չէ: Որպեսզի հասնեն այն բարձունքներին, որոնցում մենք տեսնում ենք նրանց այսօր, նրանք ստիպված են եղել հասկանալ իրենց վախերը, պայքարել դրանց դեմ և հաղթահարել դրանք: Չնայած իրենց վախերին, նրանք կարողացել են շարժվել առաջ: Սա է հոդվածի գլխավոր միտքը: Չի կարող լինել այնպես, որ դուք չվախենաք: Բայց չնայած դրան, գործե՛ք, շարժվե՛ք առաջ:
Չնայած վախի տեսակների բազմազանությանը, կխոսեմ միայն դրանցից ամենաքայքայիչներից մեկի մասին` վախ ինչ-որ նոր բան անելու հանդեպ: Այս վախն առաջանում է այն ժամանակ, երբ մենք անծանոթ «տարածք» ենք մուտք գործում կամ սկսում ենք անել այն, ինչը նախկինում երբեք չենք արել: Շատ հաճախ այս վախը խլում է մեր ուժերը և չի թողնում փոխել մեր կյանքը դեպի ավելի լավը: Բայց հասկացեք, քանի դեռ դուք աճում եք, վախը միշտ ուղեկցելու է ձեզ: Միայն դուք չեք վախենում, երբ «նոր տարածք»-ում եք հայտնվում: Բոլոր մարդիկ են դա զգում: Բայց վախը ընդամենը գիտակցության վիճակ է: Իսկ դա կարելի է ղեկավարել և ուղղորդել: Ինչպե՞ս դա անել: Պետք է կարողանալ, թեկուզ վախենալով, բայց այնուամենայնիվ շարժվել առաջ: Միայն այդպես դուք կարող եք հաղթահարել ձեր վախերը: Գործողությունները ուժ են տալիս, դրանք վստահություն են բերում: Ինչ-որ նոր բան անելու հանդեպ վախը այդքան վախենալու չէ, որքան այն թաքնված վախը, որն առաջանում է անօգնական լինելու զգացումից:

Յուրաքանչյուր մարդ ունի հարմարավետության գոտի: Դա այն սահմանն է, որում մենք մեզ հանգիստ և ապահով ենք զգում: Բայց եթե ցանկանում եք հասնել մեծ հաջողությունների, անընդհատ շարժվել առաջ, ապա պետք է կարողանաք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Դա կարող եք անել ամեն օր, թեկուզ փոքր քայլերով: Զանգահարեք նրան, ում հետ նախկինում խուսափում էիք խոսել, գնեք այն կոշիկները, որոնք միշտ ցանկացել եք հագնել, բայց դրանք թանկ են եղել, սկսեք այն գործը, որն այդքան դժվար է թվում, բայց որը միշտ երազել եք անել: Այդպիսի քայլերը դարձրեք սովորություն, արեք դրանք ամեն օր: Հավատացեք, դա մեծ հաճույք կպատճառի ձեզ: Եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չստացվի, դուք գոնե կիմանաք, որ մի բան արել եք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստել: Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը նրանք են, երբ ես դուրս եմ գալիս իմ հարմարավետության գոտուց: Այդ զգացումը, երբ դու ինչ-որ բանից վախենում ես, որովհետև դա նոր է քեզ համար ու փորձում ես դա հաղթահարել, բայց չի ստացվում, հետո էլի ես փորձում, բայց էլի չի ստացվում և շարունակում ես փորձել այնքան ժամանակ, մինչև ստացվի և ՎԵՐՋԱՊԵՍ հաղթահարում ես այդ սահմանը, դա մի բան է, որը խոսքերով չի լինի նկարագրել: Դա պետք է զգալ:
Վախը հաղթահարելու և սեփական աչքերում աճելու միակ եղանակը արդարացումներ չփնտրելն ու գործելն է: Ձեր կյանքի պատասխանատվությունը լիովին վերցրեք ձեր վրա: Ինչ-որ բան չանելու համար մի փնտրեք գեղեցիկ արդարացումներ և մի մեղադրեք արտաքին գործոնները: Վստահ եղեք ձեր վրա: Վախն առաջանում է անվճռականությունից և կասկածներից: Դրանք կարող են ծնվել աննկատ, խառնվել իրար և չթողնել ձեզ հանգիստ ապրել: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք դուք մտածում, ինչ եք խոսում, ինչ բառեր եք օգտագործում: Մի օգտագործեք նման արտահայտություններ` ես մեղավոր չեմ, հուսով եմ լավ կլինի, ախ եթե միայն …: Կամ եթե, օրինակ, աշխատանք եք փնտրում, մի ասեք` «հուսով եմ, որ ես աշխատանք կգտնեմ», այլ վստահ ասեք` «ես համոզված եմ, որ աշխատանք կգտնեմ»: Զգու՞մ եք տարբերությունը: Առաջին դեպքում դուք ծրագրավորում եք ձեզ անհանգստության և անքուն գիշերների, իսկ երկրորդում` հանգստության և վստահության:
Վախը ստիպում է մարդուն հրաժարվել անել այն, ինչը նա ճիշտ է համարում և ցանկանում է անել: Շատ մարդիկ կյանքում չեն հասնում լուրջ հաջողությունների միայն այն պատճառով, որ վախենում են նոր բան սկսել կամ ինչ-որ բան իրենց կյանքում փոխել: Իսկ իրենց և իրենց շրջապատին դա բացատրելու համար, նրանք գտնում են արդարացումներ: Երբեմն այդ արդարացումները կարող են շատ տպավորիչ լինել: Բայց դա միայն ինքնախաբեություն է: Մի բանում ես համոզված եմ: Արդարացումները, ավելի շուտ ինքնաարդարացումները, հաջողության հասնելու ամենագլխավոր թշնամիներից մեկն են: Եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում և դրա պատճառը մենք փնտրում ենք մեզանից դուրս, ապա դրանով մենք հրաժարվում ենք կրել պատասխանատվությունը և փակում ենք մեր ուղեղը խնդրի լուծման համար: Իր «Մտածիր և հարստացիր» գրքում Նապոլեոն Հիլլը բերում է այն արդարացումների ցանկը, որոնցով մարդիկ սովորաբար արդարացնում են իրենց անհաջողությունները կամ անգործությունը: Կարդացեք բոլոր կետերը շատ ուշադիր և կարդալուն զուգընթաց մտածեք, արդյո՞ք չի վերաբերվում դա ձեզ: Եվ եթե վերաբերվում է, ապա մտածեք այդ ուղղությամբ:
- Եթե ես ընտանիք չունենայի …
- Եթե ես մեջք ունենայի …
- Եթե ես փող ունենայի …
- Եթե ես լավ կրթություն ունենայի …
- Եթե ես աշխատանք գտնեի …
- Եթե ես առողջ լինեի …
- Եթե ես ժամանակ ունենայի …
- Եթե ժամանակներն ավելի լավը լինեին …
- Եթե ինձ հասկանային …
- Եթե ես ապրեի այլ պայմաններում …
- Եթե ես նորից սկսեի ապրել …
- Եթե ես չվախենայի նրանից, թե ինչ կասեն մարդիկ …
- Եթե ինձ հնարավորություն տային …
- Եթե ես հիմա հնարավորություն ունենայի …
- Եթե ուրիշները իմ դեմ ոչինչ չունենային …
- Եթե ինձ ոչինչ չկանգնեցներ …
- Եթե ես մի քիչ երիտասարդ լինեի …
- Եթե ես կարողանայի անել այն, ինչ ուզում եմ …
- Եթե ես հարուստ ծնվեի …
- Եթե ես կարողանայի կարևոր մարդկանց հանդիպել …
- Եթե ես ուրիշների պես տաղանդ ունենայի …
- Եթե ես վճռական լինեի …
- Եթե ես շուտ օգտագործեի իմ հնարավորությունները …
- Եթե իմ նյարդերի վրա չազդեին …
- Եթե ես ստիպված չլինեի տունը պահել և երեխաների մասին հոգ տանել …
- Եթե ես կարողանայի փող խնայել …
- Եթե միայն ղեկավարս կարողանար ինձ գնահատել …
- Եթե ինչ-որ մեկը ինձ օգներ …
- Եթե ընտանիքում ինձ հասկանային …
- Եթե ես ապրեի մեծ քաղաքում …
- Եթե միայն ես կարողանայի սկսել …
- Եթե ես ազատ լինեի …
- Եթե ես որոշ մարդկանց պես լինեի …
- Եթե ես այսքան գեր չլինեի …
- Եթե մարդիկ իմանային իմ տաղանդների մասին …
- Եթե թողնեին ինձ շունչ քաշել …
- Եթե ես կարողանայի պարտքերս փակել …
- Եթե չլիներ այն անհաջողությունը …
- Եթե ես իմանայի ինչպես …
- Եթե բոլորը իմ դեմ տրամադրված չլինեին …
- Եթե ես այսքան հոգսեր չունենայի …
- Եթե ես հաջող ամուսնանայի …
- Եթե մարդիկ այսքան անխելք չլինեին …
- Եթե ես ստիպված չլինեի այսքան ծախսել ընտանիքի վրա …
- Եթե ես իմ վրա վստահ լինեի …
- Եթե բախտը ինձանից երես չթեքեր …
- Եթե ես բախտավոր աստղի տակ ծնված լինեի …
- Եթե “ինչ լինելու է, կլինի” ասացվածքը ճիշտ չլիներ …
- Եթե ես այսքան շատ չաշխատեի …
- Եթե ես փողերս չկորցնեի …
- Եթե ես ուրիշ տեղ ապրեի …
- Եթե անցյալս չլիներ …
- Եթե ես սեփական գործը ունենայի …
- Եթե միայն մարդիկ ինձ լսեին …
Եթե … Այդքան շատ եթե-ներ: Եվ սրանք միայն ամենաշատ հանդիպող եթե -ներն են: Բայց այս եթե-ները ոչինչ չեն փոխում ձեր կյանքում: Դրանք միայն փորձում են արդարացնել ձեզ, փորձում են կեղծ բացատրություն տալ, թե ինչու դուք չեք հասել ձեր նպատակներին: Բայց եթե իրոք ուզում եք հասնել ձեր բոլոր նպատակներին, լուծումը մեկն է` պատասխանատվություն վերցրեք ձեր վրա և ասեք` եթե ես համարձակություն ունենայի տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում, ապա ես կպարզեի, թե ինչը ինձ հետ այնպես չէ, կաշխատեի իմ վրա և կուղղեի դա: Այդ ժամանակ ես հնարավորություն կունենայի սովորել սեփական սխալների վրա և դասեր քաղել այլ մարդկանց փորձից: Եթե ես իմանայի, ինչը պետք է ուղղել իմ մեջ և ավելի շատ զբաղվեի ինքնազարգացմամբ, այլ ոչ թե ինքնաարդարացումներ փնտրելով, ապա կլինեի այնտեղ, որտեղ ուզում էի լինել հենց ամենասկզբից:
Հաջողություններ եմ ձեզ մաղթում






Շնորհակալություն, հոդվածը ինձ դուր եկավ: Այն շատ հետաքրքիր է և ուսանելի: Հասկացա, որ ամենակաևորը վստահես ինքդ քեզ, քո ուժերին, ինքդ քո առջև արդար լինես, չխափես ինքդ քեզ: Չէ որ այդ ամենը մենք ունենք, աստծուց տրված, պետք է ուղղակի կիրառել: Վերջապես մենք Աստծո զավակներ ենք:
Հետաքրքիր տեսակետ էր..
Պոզիտիվի մեծ լիցք ստացա, հույս ունեմ՝ դա ինձ կօգնի հաղթահարել վաղվա փորձությունը:
Հարգելի հեղինակ, ձեզ էլ եմ մաղթում հաջողություն
)
[...] որը գոյություն չունի: Իսկ մի՞ թե դա անհեթեթ չէ: Ուրեմն առանց վախերի ու կասկածների կառուցենք մեր ապագան: Կյանքը հետաքրքիր [...]
[...] կապանքները և անցնեք սահմանը: Հիշեք, անհրաժեշտ է վախենալ, բայց շարժվել առաջ: Եվ երբ դուք դա անում եք, դա դադարում է այլևս Ձեզ համար [...]