Օգտակար խորհուրդներ

Ինչպես աշխատանք գտնել

Բոլորս էլ գիտենք, թե ինչ դժվար է երբեմն աշխատանք գտնել: Դժվար, բայց ոչ անհնար: Շատերն ասում են, որ Հայաստանում աշխատատեղեր չկան: Միթե՞: Ես չեմ հավատում դրան: Աշխատատեղեր իրականում կան, ուղղակի պետք է դրանք փնտրել և մի քիչ ջանք թափել: Իսկ ո՞վ ասեց, որ ամեն ինչ հեշտ էր լինելու: Կյանքում ամեն ինչի համար պետք է պայքարել: Այդ թվում՝ նաև աշխատանք գտնելու: Երկու տարբերակ կա: Կամ դուք դիմում եք մեկ կամ երկու տեղ, մերժում եք ստանում, հետո կյանքից հիասթափված, հուսահատված վերադառնում եք տուն և գլուխը կախած նստում հեռուստացույցի առջև՝ համարելով, որ դուք ամեն ինչ արեցիք, բայց ոչինչ չստացվեց: Կամ էլ, դուք ձեր առջև նպատակ եք դնում՝ 2 ամսվա ընթացքում անպայման աշխատանք գտնել և վերջ: Իսկ ձեր գործն ավելի հեշտացնելու համար կտանք մի քանի խորհուրդներ:

Ժամանակ դրեք ձեզ վրա

Ընդհանրապես, մարդը բնավորություն ունի ամեն ինչ հետաձգել, ձգձգել և նոր բան սկսելու համար սպասել երկուշաբթի օրվան կամ մյուս ամսվա սկզբին: Եթե դուք ուզում եք աշխատանք գտնել, ապա ժամանակ դրեք ձեր վրա և սկսեք գործել հենց հիմա: Օրինակ, որոշեք, որ մեկ ամիս հետո դուք պետք է անպայման աշխատանք ունենաք և սկսեք քայլեր ձեռնարկել: Երբ ժամանակը սահմանափակ է, դուք ավելի լուրջ եք վերաբերվում դրան և ավելի գործունյա եք դառնում:

Դիմեք գործակալություններին

Սա ամենալավ խորհուրդներից մեկն է, որը կարող եմ տալ: Չգիտեմ ինչու, մարդկանց մոտ անվստահություն կա աշխատանքի տեղավորման գործակալությունների հանդեպ: Չգիտեմ ինչ եք լսել, կամ ով է ձեզ բողոքել, բայց մոռացեք այդ մասին: Աշխատանք գտնելը գործակալությունների գործն է: Դա այն ոլորտն է, որում նրանք պրոֆեսիոնալ են: Շատ գործակալություններ նույնիսկ սկզբնական վճարներ չեն վերցնում իրենց ծառայությունների դիմաց և պահանջում են վճարել միայն աշխատանքը գտնելուց հետո: Հիմնականում, դա լինում է առաջին աշխատավարձի կեսը: Եվ տրամաբանական է, որ ինչքան լավ ու բարձր վարձատրվող աշխատանք նրանք ձեզ գտնեն, այնքան իրենք էլ կշահեն: Նույնիսկ, եթե որոշ գործակալություններ սկզբնական վճարներ են վերցնում, մի ափսոսացեք այդ 1000-2000 դրամը: Չէ՞ որ դրանով դուք մի քանի անգամ մեծացնում եք ձեր շանսերը: Վստահեք ուրիշներին: Դիմեք ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք գործակալություն: Եվ մինչև նրանք զբաղված կլինեն ձեզ աշխատանք գտնելով, դուք ինքներդ էլ կարող եք զբաղվել դրանով:

Եթե դուք հիմա աշխատանք չունեք, կարդում եք այս տողերը և մտածում՝ «դե լավ, էլ ինչ աշխատանքի գործակալություն, հավես չկա հասնեմ» կամ «որտեղի՞ց աշխատանքի գործակալություն գտնեմ», ապա շուտ փոխեք ձեր մտադրությունը: Դա հաջողակ մարդու մտածելակերպ չէ: Հենց հիմա սեղմեք այստեղ, մի քանի հեռախոսահամարներ և հասցեներ ձեզ մոտ գրեք և հենց վաղը մի քանի տեղ անպայման դիմեք: Համոզված եմ, որ ձեզ կօգնեն:

Օգտագործեք ձեր անձնական կապերը

Սա չի նշանակում, որ ինչ-որ ծանոթ կամ բարեկամ պետք է ձեզ «գործի դասավորի» կամ ինքը ձեր փոխարեն ամեն ինչ անի: Ձեր կապերը դուք օգտագործում եք միայն աշխատանքի վերաբերյալ ինֆորմացիա ձեռք բերելու համար: Իսկ մնացածը՝ դուք պետք է անեք ինքներդ: Հարցեր տվեք ձեր այն ծանոթներին և ընկերներին, որոնք արդեն աշխատում են: Օրինակ, հանդիպում կամ զանգահարում եք ձեր ընկերոջը և հարցնում՝ «իսկ կարո՞ղ է տեղ իմանաս, որտեղ այս-այս աշխատանքը կա» կամ «կարո՞ղ է ձեր մոտ աշխատանքի տեղ լինի, որտեղ ես կարող եմ աշխատել»: Քանի որ նրանք արդեն աշխատում են, հետևաբար արդեն անցել են այն ճանապարհը, որը դուք նոր եք սկսում և նրանց փորձն ավելի մեծ է: Օգտվեք դրանից: Հավատացեք, որ հնարավորության դեպքում նրանք ձեզ ուրախությամբ կօգնեն:

Եվ վերջում միայն կավելացնեմ: Հենց սկզբից մի տրամադրվեք, որ աշխատանք գտնելը դժվար է: Աշխատատեղեր իրոք կան, ուղղակի դուք դրանց մասին ինֆորմացիա չունեք: Միակ բանը, որ ձեզ մնում է անել՝ ՓՆՏՐԵԼ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»