Բիզնես և ֆինանսներ

Որտե՞ղ ծախսել ձեր փողերը

Ես շատ եմ ցավում, երբ տեսնում եմ, թե ինչի վրա են մարդիկ հիմնականում ծախսում իրենց փողերը և ինչի հաշվին են դա անում: Հասարակ մարդն իր աշխատած ողջ գումարը ծախսում է ուտելիքի, հագուստի, տան, ժամանցի և ՃՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա: Իհարկե, դրանք կարևոր են և դրանց վրա պետք է ծախսել, բայց ՈՉ ՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ: Դուք դա կարող եք ձեզ թույլ տալ, երբ արդեն հասած լինեք ֆինանսական անկախության: Իսկ մինչ այդ կան մի շարք ավելի կարևոր ծախսեր, որոնք մարդկանց մեծ մասն ընկալում են որպես անտեղի կորուստ, բայց հենց դրանք են այն ծախսերը, որոնք կարող են փոխել ձեր կյանքը:

Առաջին հերթին, դրանք կրթության և ինքնազարգացման հետ կապված ծախսերն են: Ես մեծ հաճույքով իմ ամսեկան աշխատած ողջ գումարը կտամ, որպեսզի մի քանի կարևոր սեմինարների ու դասընթացների մասնակցեմ, քան այդ փողերով գնամ Վրաստան հանգստանալու կամ տանս համար ԳԵՐՃՈԽ կահույք գնեմ: Քանի որ, երբ այդ գիտելիքները տարիների ընթացքում ես կիրառեմ ու դրանց արդյունքը ստանամ, ես ոչ թե Վրաստան կգնամ հանգստանալու, այլ Շվեյցարիա և ոչ թե պետական շենքում գտնվող բնակարանիս համար կահույք կգնեմ, այլ մեծ լողավազանով ու սեփական թենիսի դաշտով նոր առանձնատուն կգնեմ:

Ես երբեք չեմ ափսոսում այն ծախսերի համար, որոնք անում եմ մասնագիտական և թեմատիկ գրականություն և նյութեր ձեռք բերելու համար: Դրանք իմ ամենալավ ներդրումներն են: Այդ փողերը տարիներ անց կհարյուրապատկվեն այն գիտելիքների հաշվին, որոնք ես հիմա ձեռք եմ բերում: Ես պատրաստ եմ առանց մտածելու ծախսել իմ բոլոր փողերն այնպիսի «տարրեր» ձեռք բերելու համար, որոնք կօգնեն ինձ զարգացնել իմ բիզնեսը:

Երբ կարճաժամկետ եք նայում այդ ամենին, ապա դրանք կարող են միայն անիմաստ ծախսեր թվալ: Բայց դրանք են այն ծախսերը, որոնք կարող են տանել ձեզ առաջ: Ես սիրում եմ լավ հագնվել, լավ հանգստանալ, լավ տան մեջ ապրել, լավ մեքենա վարել, բայց ես երբեք չեմ անի դա այն գումարների հաշվին, որոնք ծախսում եմ իմ ինքնազարգացման, իմ բիզնեսի զարգացման և իմ կյանքը բարելավելու համար: Մի ծախսեք ձեր աշխատած բոլոր գումարները սպառողական նպատակներով: Այդ դեպքում դուք ստիպված կլինեք ողջ կյանքը քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանաք ձեզ ինչ-որ բաներ թույլ տալ: Այդպես դուք երբեք չեք անցնի «միջակության» այն սահմանը, որում ապրում են մարդկանց մեծ մասը:

P.S.
Ծախսեք ձեր ամսեկան եկամուտի գոնե 5-10%-ը ձեր ինքնազարգացման և իսկապես կարևոր ձեռքբերումների համար և տարիներ անց դուք այլևս կարիք չեք ունենա աշխատել և կսկսեք վայելել ձեր աշխատանքի պտուղները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»