«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հեղինակային առակներ

Դո՛ւրս եկեք Ձեր հարմարավետության գոտուց

Նայեք ձախ կողմում գտնվող նկարին: Այնտեղ կտեսնեք երկու տարրա` մեծ և փոքր, և փոքր տարրայում լողացող ձկնիկ: Ձկնիկն արդեն երկար ժամանակ է, ինչ լողում է փոքր տարրայում: Անմիջապես նրա հարևանությամբ գտնվում է ավելի մեծ տարրա, որտեղ ձկնիկն իրեն ավելի լավ կզգար և ավելի ազատ կլողար: Բայց մեծ տարրայում հայտնվելու համար պետք է թռչել: Իրականում ձկնիկը կարող է թռչել, բայց նա չգիտի այդ մասին: Նա վախենում է թռչել, քանի որ մտածում է. «իսկ եթե չկարողանա՞մ, իսկ եթե հանկարծ դուրս ընկնե՞մ»: Արդեն երկար ժամանակ է, ինչ նա որոշում է թռչել, բայց անընդհատ ինչ-որ բան նրան ետ է պահում: Ձկնիկն արդեն սովորել է փոքր տարրային և այնտեղ նա իրեն ավելի ապահով է զգում` չէ՞ որ պետք չէ ոչ մի տեղ թռչել: Բայց մի օր ձկնիկն էլ չի դիմանում: «Ինչ լինելու է, թող լինի, ես ուզում եմ ավելի ազատ լողալ», – մտածում է նա և դուրս է թռչում:

Երբ նա բացում է աչքերը, տեսնում է, որ արդեն հայտնվել է մեծ տարրայում: «Միթե՞ ես կարողացա», – ուրախությունից աչքերին չհավատալով մտածում է ձկնիկը, – «եեեեեե՜ս արդեն մեծ տարրայում եմ»: Նա սկսում է լող տալ, թռվռալ, ուրախանալ` ինչքաա՜ն շատ տարածություն կա լողալու համար: Նա այնքան է լողում իր նոր տարրայում մինչև հոգնում և կանգ է առնում: «Ինչքա՞ն ժամանակ է, որ այս ամենն իմ կողքին էր, իսկ ես վախենում էի թռչել: Ինչ հեշտ էր ամեն ինչ, ինչո՞ւ ես շուտ չէի թռչում», – մտածում է ձկնիկը: Հանկարծ նա նկատում է, որ ինչ-որ մեկը հետևում է նրան Հաջողության բլոգից: Նա լողալով մոտենում է անծանոթին, կանգ է առնում և ասում. «Թող իմ պատմությունը Ձեզ օրինակ լինի: Երբեմն մենք այնքան ենք սովորում մեր առօրյային, որ վախենում ենք փոխել այն` չնայած գիտենք, որ հնարավորությունը մեր կողքին է: Մենք վախենում ենք դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, չնայած հասկանում ենք, որ դրանում մնալով` մեզ մոտ ոչինչ չի փոխվի: Բայց ես կատարեցի իմ քայլը, չնայած վախենում էի, և հայտնվեցի այստեղ: Դուք նույնպես մի վախեցեք կատարել Ձեր քայլը, դո՛ւրս եկեք Ձեր հարմարավետության գոտուց»: Ավարտելով` փոքրիկ ձկնիկը ժպտում է անծանոթին, թեքվում և հեռանում` համոզված լինելով, որ իր խորհուրդը հասավ նպատակին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»