« »

Հայազգի միլիոնատերեր. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան

Ամենայն հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանը դեռ միլիոնատեր չէ, համենայն դեպս՝ մենք չենք կասկածում, որ ոչ հեռու ապագայում նա կմիանա միլիոնատերերի ակումբին: Բացի այդ էլ, փողը չէ, որ որոշում է մարդու դերը ազգի պատմության մեջ: Այդ պատճառով էլ այսօր մենք որոշեցինք անդրադառնալ Հենրիխին:

Հայաստան-Սլովակիա 4:0 հանդիպումից հետո ազգը ցնծում էր, այդպիսի բան ՀՀ պատմության մեջ ես չեմ հիշում, ուրախությունը համընդհանուր էր: Այդ օրերին բոլորի մտքով անցավ այն, թե ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Թերևս դա այդքան էլ քիչ բան չէր` մեր ազգային հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթել էր Եվրոպայի առաջնության մեր նախընտրական խմբի առաջատարին:

Մինչ այդ մեզանում սովորական էր դարձել այն կարծիքը, որ մեր հավաքականը անհույս, ողբերգական վիճակում է և որ մեր ֆուտբոլը վերջնականապես մահացել է: Շրջանառության մեջ էին այդ թեմայով բազմաթիվ հումորներ: Կար մեկը, որում երկու օլիգարխ (օլիգարխների դերում՝ Հայկոն և Հովոն) իրենց հնարավորությունները համեմատելիս գալիս էին այն եզրակացության, որ կարող են անել ամեն ինչ, բացի մեր ֆուտբոլը ոտքի կանգնեցնելուց:

Եվ ահա անհնարինը դարձավ հնարավոր` մեր տղաները մեկը մյուսի ետևից հաղթեցին Անդորրայի, Սլովակիայի և Մակեդոնիայի հավաքականներին, այն էլ՝ մեծ հաշիվներով: Այդ մեծ գործի հետևում կանգնածներից մեկը հենց Հենրիխ Մխիթարյանն էր` մեր ֆուտբոլի ներկան և ապագան:

Կենսագրությունը: Հենրիխ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Երևան քաղաքում։ Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը, 80-ականների Արարատի առաջատարներից մեկն էր, հետագայում՝ մեր առաջին լեգեոներներից մեկը, որը հանդես էր գալիս Ֆրանսիայում: Հենրիխը յոթ տարեկան էր, երբ նրանք վերադառնում են Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ նա որոշում է ֆուտբոլիստ դառնալ:

Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանն արժանանում է 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ: 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստանում է 7,5 միլիոն դոլար։

Կարողությունը: «ESPN The Magazine» ամսագրի տվյալներով Հենրիխի տարեկան աշխատավարձը Դոնեցկի Շախտյորում կազմում է 360 հազար դոլար և նա ամենաբարձր վարձատրվող հայ մարզիկների ցուցակում է:

Գործունեությունը: Հենրիխի գործունեությունը ներկայացնենք վիճակագրությամբ՝ «Փյունիկ» – 2006-2009 թվականներ` 89 խաղ, 35 գոլ, Դոնեցկի «Մետալուրգ» – 2009-2010 թվականներ` 46 խաղ, 17 գոլ, Դոնեցկի «Շախտյոր» – 2010-2012 թվականներ` 51 խաղ, 9 գոլ: Հենրիխը ուղղակի կիսապաշտպան չէ, նա իսկական առաջատար է, որն իր ետևից տանում է իր թիմակիցներին: Նրա նրբանկատ փոխանցումները, խորամանկ անցումները և փայլուն գոլերը կատարողական վարպետության չափանիշ են:

Հաշվի առեք նաև այն, որ Հենրիխը ընդամենը 22 տարեկան է: Իմիջիայլոց՝ Հենոն կրում է հենց 22 համարի մարզաշապիկը: Եվ որպես ամփոփում ավելացնենք միայն այն, որ Հենրիխի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հաջողակ լինելու համար մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով:

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Իսկապես Սլովակիայի դեմ տարած մեր հավաքականի հաղթանակը տոն էր բոլորիս համար: Ինքս ֆոտբոլի սիրահար չլինելով` ուրախությունից ցնծում էի:)

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»