Հոգեբանություն

Մտածիր «Հանճարի» պես

Հեղինակ՝ Arakelyan

Ո՞ւմ է պետք սովորել մտածել:
«Երևի երեխաներին, քանի որ ես ամբողջ օրը մտածում եմ և շատ լավ գիտեմ, թե ինչպես դա անել», – հնարավոր է կասեք դուք: Սակայն մտածողությունը խորապես ուսումնասիրող գիտնական Էդուարդ Դե Բոնոն գտնում է, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի բարելավելու իր մտածողության գործընթացը: Յուրաքանչյուր անհատ ասելիս հեղինակը չի չափազանցնում, քանզի նա փորձ ունի նաև շատ խելացի մարդկանց՝ նոբելյան մրցանակակիրների հետ աշխատելու և մեկնաբանում է, որ դասընթացից հետո նրանցից շատերն արձանագրել են մտածողության գործընթացի բարելավում: Իսկ ինչու՞ չօգտվել այս հրաշալի բացահայտումից: Առավել ևս որ տեխնիկաները չափազանց դյուրին են և խաղ են հիշեցնում:

PNI Մեթոդ

Շատերին է ծանոթ որոշում ընդունելուց առաջ խնդրի դրական և բացասական կողմերի կշռադատումը: Սակայն տվյալ դեպքում բացի դրականից (Positive) և բացասականից (Negative) հեղինակն առաջարկում է դիտարկել նաև հետաքրքիր (Interesting) հատկանիշները: PNI-ը թույլ է տալիս դիտարկել հարցը զերծ մնալով առաջին տպավորությունից և զգացողություններից: PNI-ը ցույց է տալիս, որ գաղափարը ոչ միայն կարող է լինել լավ կամ վատ, այլ նաև կարող է տանել դեպի այլ գաղափարների՝ դրանով իսկ ակտիվացնելով ստեղծագործական մտածողությունը (creativity):

Դիտարկենք PNI մեթոդը օրինակի վրա.

Դատողություն. «Բոլոր մեքենաները պետք է ներկվեն դեղին»

Դրական

  • Հեշտ կլինի ճանապարհներին նկատել
  • Հեշտ կլինի գիշերը տեսնել
  • Խնդիր չի լինի, թե որ գույնը ընտրել
  • Հեշտ կլինի արտադրողի համար
  • Վաճառքի կետերը ավելի քիչ պահեստների կարիք կունենան
  • Կբացառվի «թիթիզության» համար մեքենա ունենալը
  • Մեքենաները լիովին կդառնան տրանսպորտային միջոց
  • Եթե ներկը վնասվի, դժվար չի լինի նույն գույնի ներկ գտնելը

Բացասական

  • Ձանձրալի է
  • Դժվար կլինի ճանաչել սեփական մեքենան
  • Դժվար կլինի գտնել մեքենան կայանատեղիում
  • Դեղինի առատությունը կարող է հոգնեցնել աչքերը
  • Ոստիկանության աշխատանքը կդժվարանա
  • Ընտրության ազատությունը կսահմանափակվի
  • Ներկ արտադրող ընկերությունները կարող են սնանկանալ

Հետաքրքիր

  • Հետաքրքիր կլինի բացահայտել դեղինի նոր երանգներ
  • Հետաքրքիր կլինի տեսնել արդյո՞ք մեքենաների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի
  • Հետաքրքիր կլինի թե մարդիկ հեշտությա՞մբ կընդունեն առաջարկը, թե ոչ

Ակնհայտ է, որ մեթոդը ոչ միայն թույլ է տալիս անաչառ կշռադատել որոշման ուժեղ և թույլ կողմերը՝ զերծ մնալով հույզերից, այլև ստեղծել մտածողության այնպիսի մոդել, որտեղ յուրաքանչյուր փաստարկ հանդիսանում է ոգեշնչման և նորանոր գաղափարների ստեղծման աղբյուր:

Վեց գլխարկների մեթոդ

Այս մեթոդը թույլ է տալիս դիտարկել խնդիրը վեց տարբեր տեսանկյուններից: Պատկերացրեք, որ ունեք վեց կախարդական գլխարկներ, որոնցից յուրաքանչյուրը հաղորդում է Ձեզ գերբնական ուժ՝ ակտիվացնելու մտածողության որևէ մեկ տեսակ:

Կարմիր գլխարկ – հույզեր

Կարմիր գլխարկի շնորհիվ մարդն ամեն ինչ ընկալում է հույզերի և ինտուիցիայի տեսանկյունից: Այն օգնում է հասկանալ, թե ինչ ես զգում տվյալ խնդրի վերաբերյալ:

Սպիտակ գլխարկ – ինֆորմացիա

Կարմրին հակառակ ծայրահեղ իրատեսական է: Թույլ է տալիս հասկանալ խնդրի օբյեկտիվ կողմերը, վերլուծել առկա տեղեկությունները:

Դեղին գլխարկ – դրական կողմեր

Ներկայացնում է իրականությունը «արևի շողերի» ներքո, այսինքն ցույց է տալիս առավելությունները, փնտրում է ներդաշնակություն:

Սև գլխարկ – բացասական կողմեր

Քննադատությունն է՝ հասկանալու դժվարությունները, սխալները և անհամապատասխանությունները:

Կանաչ գլխարկ – ստեղծագործականություն

Սա աճի, նորարարության և նոր գաղափարների գույնն է: Թույլ է տալիս տեսնել զարգացում և պոտենցիալ:

Կապույտ գլխարկը – մտածողություն

Թույլ է տալիս մտածել մտածելու մասին, վերլուծել և գնահատել կատարած աշխատանքի արդյունքները:

Մեթոդը Ձեզանից չի խլի ավելի քան 5 րոպե, միևնույն ժամանակ կապահովի մտածողության բարձր արդյունավետություն և գիտակցվածություն: Կարևոր է չմոռանալ աշխատանքն ավարտելուց հետո հանել գլխարկները և խնամքով պահել մինչև դրանք կրկին Ձեզ պետք կգան 🙂

Նորամուծություն և ստեղծագործ մտածողությունը ըստ Դե Բոնոի

Հեղինակն առաջարկում է ստեղծագործ չհամարել յուրաքանչյուր միտք, որն արտասովոր է: Նա գտնում է, որ ստեղծագործ մտքի միակ չափանիշը օգտակարությունն է:

Վերլուծենք այն միտքը, որ դռներն այլևս պետք է ոչ թե ուղղանկյուն լինեն, այլ եռանկյուն: Անխոս գաղափարը նոր և արտասովոր է, սակայն որևէ գործնական արժեք չի ներկայացնում: Այսպես յուրաքանչյուր ինովացիոն և ստեղծագործ միտք պետք է անցնի օգտակարության և իրականությանը համապատասխանելու խիստ քննություն: Ըստ իս բացառություն կարող են կազմել միայն արվեստի բնագավառին վերաբերվող նորամուծությունները: Այսպիսով գաղափարներ առաջարկելուց փորձեք մտածել նաև դրանց իրականացման, կիրառական հատկանիշների և արդեն գոյություն ունեցող իրականությանը ինտեգրելու ուղղությամբ:

Հեղինակի մասին

Էդուարդ Դե Բոնոն մեր ժամանակակիցն է: Մալթայի արիստոկրատների ընտանիքից է: Փոքրուց նրան «Հանճար» են անվանել: Նա 15 տարեկանում ավարտել է դպրոցը: Մալթայի Համալսարանում ստացել է Բժշկական կրթություն: Այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել Օքսֆորդում /Անգլիա/: Հաջողակ սպորտսմեն է. Զբաղվել է թիավարությամբ, պոլոյով և մի շարք այլ սպորտաձևերով:

Նա դասավանդում է Հարվարդ, Օքսֆորդ, Քեմբրիջ և Լոնդոնի համալսարաններում, ինչպես նաև Մալթայի, Պրետորիայի, Անգլիայի և Եվրոպայի մի շարք այլ համալսարաններում: Ունի բժշկական և տեխնիկական գիտությունների դոկտորի կոչումներ:

Նա համարվում է դարի 250 ամենակարևոր ներդրումներ կատարած անձանցից մեկը:

Դե Բոնոն նաև առաջադրվել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի:

Նրա ընտանիքին է պատկանում անշարժ գույք Լոնդոնում, Մելբուրնում, Պիզայում, Նյու Յորքում և Մալթայում: Դե Բոնոն հայտնի է նաև կղզիներ գնելու հանդեպ սիրով և ունի կղզիներ Ավստրալիայի, Վենեցիայի շրջակայքերում և Բահամներում:

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»