Հոգեբանություն

«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

Հեղինակ՝ Arakelyan

Ճիշտ է, «հաջողության բլոգը» ընթերցում են առավելապես երիտասարդները, սակայն ամենայն հավանականությամբ մոտ կամ հեռու ապագայում նրանք ևս ծնողներ կդառնան: Վստահ եմ, որ նրանց կարևորագույն նպատակը կլինի այն, որ իրենց երեխաները իրենցից էլ մեծ հաջողություն ունենան կյանքում: Հենց այս նպատակը կանգնեց իմ առջև մոտ մեկ տարի առաջ, երբ ծնվեց իմ դուստրը: Ես սկսեցի ուսումնասիրել երեխաների զարգացման հիմնախնդրին նվիրված գրականությունը և հանդիպեցի շատ հետաքրքիր և օգտակար մեթոդների և տեխնիկաների: Եվ ես չեմ չափազանցի, եթե գրեմ, որ երջանիկ եմ, որ ուսումնասիրման ընթացքում ինձ հանդիպեց մի շատ յուրահատուկ գիրք: Այն շրջեց իմ ողջ պատկերացումը երեխայիս դաստիարակության վերաբերյալ:

Երբ հաջողակ ինժեները և գործարարը մտահոգվեց երեխաների պոտենցիալի իրականացման խնդրով ծնվեց հիրավի հանճարեղ ու բարի տեսություն: Այո, բարի, քանի որ հեղինակը գտնում է, որ միայն կիրթ, զարգացած և ինքնաիրականացված մարդիկ կարող են ստեղծել առողջ հասարակություն, պակասեցնել աղքատությունը, հանցագործությունները և ատելությունը՝ դարձնելով աշխարհը ավելի լավը:

Հեղինակը գտնում է, որ բոլոր գիտելիքները և ունակությունները, որոնք մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, փոքրերը ընկալում են շատ արագ: Սովորելը երեխաների համար խաղ է: Մինչև երեք տարեկան երեխան, առանց պարտադրանքի և հեշտությամբ կարող է սովորել կարդալ, օտար լեզուներով խոսել, նվագել դաշնամուր կամ ջութակ, լողալ, նկարել յուղաներկով. Ընդ որում` այդ ամենը անելով բարձր արհեստավարժությամբ:

Չեմ ուզում նկարագրել մեթոդիկաները, քանի որ Իբուկայի գրքում ամեն ինչ պարզ ու հակիրճ գրված է: Սակայն կներկայացնեմ իմ անձնական վերաբերմունքը վաղ հասակում զարգացման վերաբերյալ:

Ինչու ես կվստահեի իմ երեխայի ապագան Իբուկային.

  • Անխոս, նա հանճարեղ է, նա իր երկու ընկերների հետ ստեղծեց «SONY»-ն, երբ Ճապոնիան ծայրահեղ ճգնաժամի մեջ էր: Անկասկած, այդ իրադարձությունը մեծ դեր ունեցավ ճապոնիայի զարգացման և ինժեներիայի բնագավառում համաշխարհային առաջատարը դառնալու մեջ: Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ և կոչումներ իր` և՛ տեխնիկական, և՛ հումանիտար նվաճումների համար:
  • Նա ինժեներ է, այլ ոչ մանկավարժ: Նա մտածում է ընդունված սահմաններից դուրս: Ես և ամուսինս բավական պրագմատիկ ենք, սիրում ենք բոլոր հարցերին կառուցվածքային և տրամաբանական լուծումներ տալ: Իբուկայի մեթոդները բավական տրամաբանական են և հստակ, հիմնված են գիտականորեն ապացուցված այն գաղափարի վրա, որ մարդը ինֆորմացիայի գերակշռող մասը ստանում է կյանքի առաջին տարիներին:
  • Երեխայի զարգացումը խթանելը մարտահրավեր է: Քչերը կառարկեն, որ երեխայի պոտենցիալը շատ մեծ է, սակայն, համաձայնեք, ծնողների աշխատասիրությունը սահմանափակ է: Չե՞ որ պետք է ապահովել համապատասխան միջավայր զարգացման համար: Անկեղծ ասեմ, սա ալարկոտների գործ չէ: Եվ ընդհանրապես, հաջողության հասնելը ցանկացած բնագավառում անհամատեղելի է ալարկոտության հետ: Այնպես որ երեխայի զարգացումը ծնողի համար շատ լուրջ աշխատանք է, համենայն դեպս սկզբում: Իսկ հետագայում ամեն ինչ կախված է ձեր՝ ժամանակը և ռեսուրսները կառավարելու ունակությունից:
  • Ուսուցանում առանց պարտադրանքի: Գուցե մինչև գիրքը կարդալը չհավատաք, որ կարելի է վերոնշյալ գիտելիքները մատուցել երեխային առանց պարտադրելու: Սակայն հավատացեք, փոքրիկ երեխաները ինֆորմացիայի անհագ ծարավ ունեն: Նրանք յուրացնում են ԱՄԵՆ ԻՆՉ, և անում են դա հաճույքով: Օրինակ դաշնամուր կամ ջութակ նվագելը. Իբուկայի հիմնադրած «Մարդու պոտենցիալի ասոցիացիայի» կենտրոններում երեխաները սկզբում պարզապես հետևում են, թե մյուս երեխաները ինչպես են նվագում: Նրանց չեն նստեցնում գործիքի մոտ մինչև նրանք ինքները հետաքրքրություն չդրսևորեն:
  • Սե՛ր, սե՛ր, սե՛ր: Չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել, թե ինչպես է երեխադ ճանաչում աշխարհը: Որքան խելացի է նա, որքան հնարամիտ, որքան ճկուն: Եթե ցանկանում եք տալ Ձեր երեխային ամենալավը, մոռացեք խաղալիքների մասին, մոռացեք քաղցրավենիքի և թանկարժեք հագուստի մասին, տվեք նրան ամբողջ աշխարհը, այն ամենը ինչ գիտեք ու այն ամենը ինչ կուզեիք իմանալ:

Կարդացեք կամ հիշեք, որ հետո կարդաք 🙂
Masaru Ibuka “Kindergarden is too late”
Масару Ибука «После трех уже поздно»

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

13 մեկնաբանություն

  • … մոռացեք խաղալիքների մասին, մոռացեք քաղցրավենիքի և թանկարժեք հագուստի մասին …

    Երևի շատերի մտածելակերպի մեջ հեղափոխություն կառաջացնեն այս խոսքերը, եթե, իհարկե առավել խորն ուսումնասիրեն սրանց իմաստը և առաջարկվող հեռանկարը:

    • Ես կոչ չեմ անում զրկել երեխաներին ամեն ինչից, պարզապես պետք է յուրաքանչյուր ծնող հասկանա թե ինչն է իրոք կարևոր և ինչը երկրորդական հենց իր երեխայի համար: Ի վերջո ընտրությունը մեծապես կախված է հենց ծնողների արժեքային համակարգից:

      • Համաձայն եմ, որ երեխաների զարգացման ուղղության հարցը գլխավորապես ծնողների որոշման առարկան է, բայց ինքս կողմ եմ մանուկներին բազմակողմանի գիտելիքներ տալուն, որպեսզի, երբ գա ժամանակն ընտրություն կատարելու հետագա մասնագիտության վերաբերյալ, նա արդեն իսկ պատկերացում ունենա, թե որ ոլորտում է ինքը կարողանում առավելագույնս ռեալիզանցնել սեփական պոտենցիալը: Եվ հետո, բազմակողմանի ուսումը, նաև դաստիարակությունը ձևավորում է երեխայի մեջ հասարակության հետ համագործակցելու և նրա վառ անդամը դառնալու համար անհրաժեշտ բնավորության գծեր:

      • Բարև Ձեզ:
        Կարո՞ղ եմ խնդրել Ձեր էլեկտրոնային հասցեն,գործնական առաջարկ ունեմ, բայց չեմ ուզում էստեղ գրել:
        շնորհակալություն:

  • Շատ օգտակար և իմաստալից հոդված էր, շնորհակալ ենք որ նման ուղղություններ եք հաղորդում` սեր և հոգատարություն երեխայի նկատմամբ, այսօր ծնողները մի քանի անգամ բարկանալուց չհասկանալով թողնում են երեխայի նկատմամբ ուշադրությունը բախտի քմահաճույքին:

    • Վստահ եմ, որ յուրաքանչյուր ծնող, սիրում է իր երեխային, պարզապես կամ տեղեկացված չէ, կամ պատրաստ չէ, կամ ժամանակ չունի բավական ուշադրություն նրան հատկացնելու համար: Բարկանալը ևս տեղ ունի դաստիարակության մեջ, սակայն հարկավոր է դիմել դրան երբ իրոք կարիք կա, այն դեպքերում երբ երեխան ունակ է հասկանալ բարկության պատճառը: Այլապես նա “իմմունիտետ” ձեռք կբերի բղավոցի նկատմամբ և չի արձագանքի երբ իրոք կարիք լինի սթափվելու, նաև՝ վախենալու, օրինակ այն դեպքերում, երբ նա կարող է իրեն վնասել:

  • Շնորհակալություն, կարծում եմ ոչ միայն ծնողներին է օգտակար, այլև տատիկներին, քանի որ նրանք հիմնականում իրենց երբեմն նաև վնասում են իրենց սիրելի թոռներին.

    • Այո, միանշանակ, երեխայի զարգացման գործում մեծ դեր ունեն նաև տատիկները: Սակայն կուզեի այս հարցի շուրջ մի խորհուրդ տալ ծնողներին: Եթե տատիկը չի կիսում երեխայի դաստիարակության մասին Ձեր հայացքները, մի պարտադրեք նրան զբաղվել զարգացման հարցերով: Այդ թեմայի շուրջ վեճերը բացասաբար կանդրադառնան երեխայի վրա: Լավ կլինի, որ ինքներդ զբաղվեք դրանով, երբ ազատ ժամանակ գտնեք: Իսկ տատիկներին /նաև պապիկներին/ երախտապարտ եղեք արդեն իսկ կատարած մեծ աշխատանքի համար:

  • Համամիտ եմ 🙂 իսկ ինչպե՞ս համատեղել աշխատանքն ու երեխայի դաստիարակությունը: Չէ՞ որ բոլոր ծնողները հիմա ունեն այդ խնդիրը 🙁

    • Սիրելի Գոհար,
      Շատ ծնողներ իսկապես չեն հասցնում զբաղվել երեխայի զարգացման հարցերով: Եկեք խոստովանենք, որ նույնիսկ ամբողջ օրը երեխայի հետ ֆիզիկապես անցկացնելով, մենք հաճախ չենք տրամադրում ժամանակ` նրա հետ զբաղվելուն: Ժամանակային ճգնաժամի այս դարում, հայտվել է մի հասկացություն` quality time, այսինքն` որակյալ ժամանակ: Որակյալ` նշանակում է, որ դուք լիովին ներկա և ակտիվ եք երեխայի հետ խաղալիս կամ զրուցելիս, չեք շտապում, չեք շեղվում, դրական եք, վայելում եք ամեն վայրկյանը: Եթե կարողանաք յուրաքանչյուր օր գոնե 15 ՚որակյալ՚ րոպե տրամադրել ձեր փոքրիկին, և ամենակարևոևը հետևողական լինեք, վստահ եմ, որ շատ զգալի փոփոխությունների կհասնեք նրա զարգացման հարցում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»