Հեղինակային առակներ

Առակ ազատության մասին

Մի անգամ հանդիպում են քամին և մարդը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին հազարավոր տարիներ առաջ, երբ քամին դեռ մարդ էր: Այդ ժամանակ Քամի անունով աղջիկը ապրում էր մնացած բոլոր մարդկանց պես: Ցերեկային ժամերին նա դաշտ էր գնում, երեկոյան հոգնած տուն էր վերադառնում, ճանապարհին մտնում էր անտառ, հատապտուղներ էր հավաքում և ամեն օր նույն ճանապարհով տուն էր վերադառնում: Բայց Քամին հոգնել էր անընդհատ նույն բանը անելուց` ամեն անգամ նույն դաշտը, նույն անտառը, նույն ճանապարհը: Մի օր, երբ նա անցնում էր անտառի կողքով, նա տեսավ, թե ինչպես մի տերև պոկվեց ծառից և թռավ վերև: Այնքան ազատ էր թռչում այդ տերևը, այնքա՜ն ազատ: Քամին երբեք չէր տեսել նման բան: Տերևները երբեք չէին պոկվում ծառից և երբեք առանձին չէին թռչում: Մյուս տերևների պես նրանք երկար մնում էին ծառի վրա և միայն վերջում` թափվում ներքև:

– Ե՜ս էլ եմ ուզում քեզ պես լինել, – բացականչեց Քամին, – ես ուզում եմ ազատ լինել:

Այդ ժամանակ հողը, ջուրն ու տերևները խառնվեցին իրար և աղջկա առջև հայտնվեց մի կին:

– Ո՞վ ես դու, – վախեցած հարցրեց Քամին:
– Ես Ցանկությունն եմ, – պատասխանեց կինը, – դու ուզո՞ւմ էիր ազատ լինել:
– Շատ եմ ուզում, – ասաց Քամին, – ես ուզում եմ լինել այն տերևի պես, թռչել այնտեղ, ուր ցանկանամ: Ես չեմ ուզում լինել բոլորի պես:
– Դու ազատ ես, – ասաց Ցանկությունը և փչեց, – դու պետք է միայն ցանկանայիր դա:

Փչելուց օդը շարժվեց: Քամին երբեք չէր տեսել, որ օդը շարժվեր: Օդի շիթերը վերցրեցին նրան իր ձեռքերը և վեր բարձրացրեցին: Քամին թռավ, նա ԱԶԱՏ էր:

Այդ օրվանից քամին թռչում էր երկրագնդի վրայով: Նա շրջում էր տարբեր երկրներով, վերևից նայում մարդկանց, որոնց մոտ կրկին ամեն ինչ նույնն էր: Ժամանակ առ ժամանակ նա իջնում էր ներքև, շշնջում մարդկանց ականջին. «Այդ ես եմ, Քամին, դուք նույնպես կարող եք ազատ լինել, եկեք իմ ետևից»: Բայց մարդիկ նրա ձայնը չէին լսում, նրանք այնքան զբաղված էին, որ նրան չէին լսում: Նրանք դարձել էին տերևներ, որոնք մյուս տերևների պես կպել էին ծառին և թափվում էին միայն վերջում:

Քամին ուզում էր, որ մարդիկ ազատ լինեն: Երբեմն նա այնքան ուժեղ էր փչում, այնպես ուժեղ էր սուլում, որպեսզի մարդիկ իր ձայնը լսեն, որ մարդիկ հակառակը` վախից փախնում և փակվում էին իրենց տներում: Բայց քամու սուլոցը ոմանց հասնում էր: Նրանք ծառից պոկված տերևի պես դառնում էին ազատ և թռչում էին այնտեղ, որտեղ քամին էր նրանց տանում:

Դու նույնպես, հարգելի ընթերցող, եղիր ազատ, եղիր ինչպես քամի, եղիր ինչպես ծառից պոկված ազատ տերև: Թռիր քո ճանապարհով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

  • Luka ջան, շատ խորիմաստ ու գեղեցիկ առակ էր: Հետաքրքիր էր տերևների՝ ծառից պոկվելու ու անկախանալու, գաղափարը: Սակայն հարցին նաև այլ տեսանկյունից կարելի է նայել. տերևները, որոնք քամու միջոցով են պոկվել ծառից, դարձյալ ազատ չեն, չկարողանալով ընտրել սեփական ուղին: Նրանք գնում են այնտեղ, ուր քամին է տանում: Ուստի անկախացման ու ինքնուրույն դառնալու դժվարին գործընթացը պետք է կատարվի միմիայն սեփական ջանքերի շնորհիվ: Առակի մեջ ազատության գաղափարի կերտողը քամին է և այն ինձ շատ դուր եկավ:
    Այսօր հազարավոր հայեր ( մանուկ ու ծեր ) գնում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և խոնարհվելու մեկ ու կես միլիոն հայերի անմահ միշատակի առջև, ովքեր զոհ գնացին թշնամու վայրագություններին, քանի որ չունեին ազատություն: Շատ տեղին էր այսօր կարդալ այս առակը՝ ազատ և անկախ հայրենիքում: Կյանքի չգրված օրենքներից մեկը հետևյալն է. կամ մենք ենք կարողանում վայելել մեր ազատությունը, կամ էլ կյանքն է սկսում մեզ հետ անել այն՝ ինչ թելադրում է իր ազատության իրավունքը:

    • Մերսի Ալլա ջան, ազատությունը ամենա-ամենակարևոր բաներից է, որը պետք է գնահատենք և դրա հիման վրա կառուցենք մնացածը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»