Բիզնես և ֆինանսներ

Պետք է արդյո՞ք լինել ֆինանսապես գրագետ

Մի անգամ ընկերներիցս մեկն ասեց. «Տղաները երկու բանից են նեղվում. երբ փող չկա և երբ իր վրա ուշադրություն չեն դարձնում աղջիկները»: Հիմա եմ հասկանում, որ ընկերս բավական խելացի բան է ասել 🙂 Այս հոդվածում կխոսեմ միայն առաջին մասի մասին: Բայց ոչ թե փողի, այլ այդ փողը գրագետ ղեկավարելու, այսինքն ֆինանսական գրագիտության մասին:

Ֆինանսները և դրա հետ կապված տարբեր հարցերը բոլորիս կյանքում էլ կան: Եվ այստեղ նույնիսկ հարց չկա` լավ վերաբերվել ֆինանսներին, թե ոչ: Դա արդեն կա, դա ազդում է բոլորիս կյանքի վրա, հետևաբար դա պետք է ընդունել և փորձել ծառայեցնել մեր օգտին: Եթե մենք հայտնվենք օվկիանոսում և լողալ չիմանանք, մենք կխեղդվենք: Այժմ մենք հայտնվել ենք ֆինանսական օվկիանոսում և պետք է փորձենք լողալ այնտեղ:

Միգուցե գա ժամանակ, երբ փողը մարդու կյանքում ոչ մի դեր չխաղա: Այսինքն, լինի այնպես, ինչպես եղել է մինչև փողի ստեղծվելը` մարդիկ ապրանքներ են փոխանակել, ոսկով են առևտուր արել, և այլն, և այլն: Եթե դիտել եք «Ժամանակ» ֆիլմը, ապա կարծում եմ տեսած կլինեք, որ հետագայի համար ֆիլմի սցենարիստները կանխատեսել են ժամանակը` որպես փող: Այսինքն, մարդիկ ապրանք են գնում` տալով իրենց ժամանակից ասենք 5 րոպե, կամ միլիոնատեր են դառնում` ունենալով 250 տարի ժամանակ: Միգուցե հետագայում դա լինի ժամանակը կամ ասենք «էլեկտրոնային, թվային մակարդակի» ինչ-որ բան, բայց երբ գա այդ ժամանակը, մենք կհարմարվենք դրան և կսովորենք օգտագործել դա:

Իսկ այժմ այդ համակարգն արդեն կա: Մենք կարող ենք անտեսել դա, ուշադրություն չդարձնել և հետաքրքիր է` ո՞ր ուղղությամբ կշարժվի մեր կյանքը դրանից հետո, կամ կարող ենք սովորել օգտագործել այդ «գործիքը» և ծառայեցնել այն մեր և այլ մարդկանց նպատակների համար:

Հիշեք` ֆինանսապես գրագետ լինելը շատ կարևոր է: Կարևոր չէ, թե ինչով եք դուք զբաղվում կյանքում, ֆինանսների հետ այսպես թե այնպես դուք շփվելու եք: Դա ավելի կարևոր է, քան մի շարք առարկաներ, որոնք անցնում են դպրոցում: Ֆինանսների բացակայությունը մարդուն ճնշում է, իսկ այդ ճնշվածությունը ազդում է նաև նրա կյանքի մյուս ոլորտների վրա: Եվ զարմանալին այն է, որ «ֆինանսական ճնշվածություն» մարդիկ հաճախ ձեռք են բերում ոչ թե ֆինանսական ներհոսքի բացակայությունից, այլ եղած ֆինանսները ճիշտ չղեկավարելուց: Այնպես որ, եկեք սովորենք լինել ֆինանսապես գրագետ` ես էլ Ձեզ հետ, իրար օգնելով, իրար սովորեցնելով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»