Հաջողակ մարդիկ

Պարոն Չինը

Հեղինակ՝ Հասմիկ

Կան որակներ, որոնք կարող են մեծացնել գործնական հաջողությունների հավանականությունը: Պարոն Չինի հաջողության պատմությունը ասվածի վառ ապացույցն է: Այն մեծ հաճույքով կարդալուց հետո միանգամից մեծ ցանկություն ունեցա` ներկայացնել  Հաջողության բլոգի` հաջողության ձգտող ընթերցողների ուշադրությանը: 🙂

Երբ պարոն Չինը ծնվեց /1910թ. Հունիսի 24, Վատ Սայ, Թաիլանդ/, անհնար էր նույնիսկ պատկերացնել, որ նա երբևէ կդառնա Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, բանկային գործի խորհրդանիշը մի սերնդի համար:

Նա ծնվել էր ծառայողի աղքատ ընտանիքում: Երբ նրա հինգ տարին լրացավ, ընտանիքը  լքեց Թաիլանդը, բնակություն հաստատեց Չինաստանի Չուա Տաո աղքատ գավառում, և ապրեցին այնտեղ մինչև Չինի 20 տարեկանը: Սնունդը մշտապես չէր բավականացնում, քանի որ տանը 5 երեխա էին. Չինը իրենից փոքր 4 քույր ուներ: Նա 4-5 տարի սովորեց դպրոցում, բայց կիսատ-պռատ, որովհետև աշխատում էր դաշտում: Նրա կյանքի սկիզբը բավական ծանր էր: Սակայն նրան վիճակված էր Բանգկոկ բանկ հիմնելով` դառնալ Թաիլանդի ամենահզոր ֆինանսական հաստատության տերը և հասնել «Թաիլանդի ֆինանսների տիտանի» կոչմանը:

Ինչպես դա նրան հաջողվեց:

Իր ողջ կյանքի ընթացքում ինչով էլ որ պրն. Չինը զբաղվեր, նա ոչ թե պարզապես անում էր, այլ անում էր բոլորից լավ: Նա այդպիսին էր փոքր տարիքից:

Տասնհինգ տարեկանում, երբ ապրում էր Չինաստանում, նա մի գյուղի դեղագործի մոտ էր աշխատում: Չինն անգիր էր սովորել դեղատան բոլոր դեղերի անունները, և դեղագործը նրան խորհուրդ էր տալիս բժիշկ դառնալ:

Հետո 17 տարեկանում վերադարձավ Թաիլանդ: Այնտեղ նա սկսեց աշխատել փայտյա իրերի խանութում: Կատարում էր բոլոր ծանր գործերը, հավաքում և մաքրում էր խանութը, փայտ էր բարձում և հասցնում գնորդների տուն: Այդ տարիներին նա տան հետ կապը պահում էր նամակագրությամբ: Խանութի տերը մի օր ուշադրություն դարձրեց նրա գեղեցիկ ձեռագրին և գրասենյակային գործը հանձնարարեց նրան: Երևի հենց այդտեղ էլ նա կարողացավ մարզել իր անսովոր հիշողությունը, որը մեծ առավելություն էր բանկային գործի համար:

Նա իր առջև հեռահար նպատակներ էր դնում: Չինն այն մարդկանցից էր, ովքեր նպատակասլաց են և ապագային ուղղված: Նա իր աշխատանքից ստացած փոքրիկ խնայողությունների հաշվին փոքրիկ խանութ բացեց: Մյուս աշխատակիցները այդ գումարը կծախսեին իրենց հաճույքի համար, բայց Չինն այդպիսին չէր: Նա իր փոքրիկ խանութն այնպես զարգացրեց, որ այն դարձավ Թաիլանդի առաջին հանրախանութը, որը 4 հարկ էր զբաղեցնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ, երբ միամիտ երիտասարդ էր, ընկերների հետ զրույցի ընթացքում որոշեց բանկ հիմնել: Սկզբում նա մտածում էր բանկիր լինելու հաճույքի և այն մասին, որ կարող էր շատ գումար ծախսել: Բայց Բանգկոկի բանկը վերածվեց հսկայի:

Ահռելի աշխատանք կատարվեց, և ստացված արդյունքը չէր կարելի վերագրել միայն Չինի հաջողակությանը: Բանկի հաջողությունը բացատրվում էր նրա վարպետությամբ, ջանքերով և խորաթափանցությամբ: Երկրորդ համաշխարհայինից հետո պրն. Չինը գործարարության համար լավ հնարավորություններ տեսավ: Նա հիմնեց Թաիլանդում առաջին ֆինանսական ընկերությունը` «Ասիա տրեստ ՍՊԸ», որը հիմնականում աշխատում էր արտարժույթով: Շուտով այն դարձավ արտարժույթով աշխատող ամենաազդեցիկ և հուսալի աղբյուրը Թաիլանդի թագավորությունում: Պարոն Չինը մեծ ջանասիրությամբ  էր աշխատում, ստիպված էր առավոտյան վաղ արթնանալ, տեղեկանալ համաշխարհային փոխանակման փոխարժեքի մասին: Շատ կարճ ժամանակում պրն. Չինը սկսեց վայելել ամենալավ գործարարի համբավը:

Գործիմաց ղեկավարման շնորհիվ պրն. Չինի բանկը 1970-ականներին դարձավ տեղական բոլոր բանկերի առաջատարը և մինչ այժմ էլ պահպանում է իր համբավը միջազգային ասպարեզում: Ընդամենը 6 տարի հետո բանկն արդեն 15 բաժանմունք ուներ երկրում:

Պարոն Չինը սիրում էր իր երկիրը: Բանկի զարգացումը նա դիտարկում էր Թաիլանդի տնտեսության մեջ ներդրումներ անելու տեսանկյունից: Նրա բանկն առաջինն էր, որը սպասարկում էր տեղի գործարարների ներքին առևտրային գործարքները: Նա լայնածավալ խորհրդատվություն և օգնություն էր տրամադրում հաճախորդներին: Բանկի ծառայողները ստեղծում և լրացնում էին տեղական առևտրային կազմակերպությունների ողջ թղթարարությունը: Նրանց մնում էր միայն ստորագրել և կնքել դրանք:

Ի տարբերություն շատերի, որոնք «իրենք են իրենց կերտել» և ինքնուրույն են հասել հաջողությունների, պարոն Չինը գրեթե թշնամիներ չուներ: Նա երբեք ուրիշներին չէր օգտագործի իր նպատակների համար: Իսկ երբ ուրիշներն էին ուզում իրեն օգտագործել, նա կամ հետ էր քաշվում, կամ` գործը վաճառում էր, կամ էլ ամբողջն իր ձեռքն էր վերցնում: Ինչ վերաբերում է թշնամիներին, նա գտնում էր, որ նրանց պետք է հաղթել, այլ ոչ` վնասել:

Այդպիսին էին նրա մոտեցումները կյանքին, գործին և մարդկանց: Հետևությունները թողնում եմ  ձեզ:

Հեղինակի մասին

Հասմիկ

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»